Արևագալի Արարողութիւն Սրբոց Թարգմանչաց Եկեղեցում

Երեքշաբթի 2017 թւի մարտի 14-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կատարւեց Արևագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, բոլոր քահանայ հայրերը և հաւատացեալ ժողովրդը:

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը իր քարոզն սկսեց սոյն բացատրութիւններով՝ «Մեծ Պահքի Արևագալի այս արարողութիւնները մեր եկեղեցու ամենաներշնչող և մեզ դէպի Աստւած առաջնորդող արարողութիւններից են: Այսօր կուզեմ ձեզ հետ միասին մտածել Դաւիթ Մարգարէի հետևեալ խօսքերի մասին՝ Փրկութեանդ բերած ցնծութիւնը տուր ինձ և Քո կամքին հնազանդ հոգի դիր իմ մէջ, որպէսզի անօրէններին կամքդ սովորեցնեմ և մեղաւորները դէպի Քեզ դառնան»:

Սրբազան հայրն իր խօսքերի միւս բաժնում աւելացրեց՝ «Մարդկային մեր հողեղէն էութեամբ, մեզանից իւրաքանչիւրն ինչ դիրքի և պաշտօնի մէջ էլ որ լինի, սխալւում է և երբեմն մեղք է գործում և կարիք ունի առ Աստւած դարձի, որպէսզի իր հոգին, միտքը և սիրտը մաքրէ և կարողանայ Աստծուն ասել՝ ով Տէր, մաքուր սիրտ հաստատիր իմ մէջ»:

Վերջում Սրբազան Հայրն ասաց՝ «Մեծ Պահոց շրջանին, կոչւած ենք առաւել ևս մեր միտքը, սիրտն ու հոգին զօրացնել այն բիւրեղացնելով և մաքրելով: Ապաշխարութեան այս շրջանը հոգևոր կրակ է, որի բովից պիտի անցնենք այրելով  ոչ քրիստոնէական և ոչ մարդկային զգացումները, որպէսզի բիւրեղացած հասնենք ճանապարհի վերջաւորութեան, որը Քրիստոսի հրաշափառ յարութեան արժանանալն է»: