ՈՂՋՈՅՆ ՔԵԶ ԱՆՆՄԱՆ ՄԱՅՐ

Ապրիլ ամսւայ առաջին շաբաթը նւիրականացած ու սրբազան շաբաթ է, պարզապէս դրա համար որ այդ շաբաթւայ ընթացքին, Աստւածային տնօրինումով, շնորհաբաշխ Ս. Հոգու զօրութեամբ, մի հրեշտակատիպ կոյս Աստծուց ստանում էր մայրանալու աւետիսը, աւետիս, որ մի պահ խռովեց հոգին անարատութեամբ ու սրբութեամբ իր կեանքը ապրած կոյսին, որ շուտով Տիրոջ մայրը լինելու մեծագոյն պատւին ու շնորհքին էր արժանանալու։

Այո՛, Ապրիլ 7-ն մեր եկեղեցու տօնացոյցում նշւած է իբրեւ տօն Աւետման Ս. Աստւածածնի. իսկ իրանահայ գաղութի կեանքում այն յատկանշւում է, որպէս հայ մօր տօն, այլ խօսքով մայրերի օր, մայրութեան տօն։

Աստւածածնայ Աւետման տօնը, տօնն է Մարիամի սրբացման, որովհետեւ Ս. Հոգին մաքրում է կոյսը մարմնական ամէն տեսակ կիրքերից եւ վերածում անարատ եւ անապական էակի, որ պիտի լինէր տաճար եւ բնակարան Բանին, մարդեղացեալ Աստծուն, արժանանալով մայրութեան գերագոյն պատւին, այլ խօսքով պիտի լինէր «Մայր եւ կոյս» եւ միաժամանակ «աղախին» Քրիստոսի։

Հայ եկեղեցու շարականագրի բառերով Ս. կոյսը «Լոյսի սիւն է եւ հովանաւորող ամպ», որ հովանաւորում ու օրհնում է բոլոր նրանց, ովքեր իրենց աչքերը յառնում են նրան հայցելով իր բարեխօսութիւնը իր միածին Որդու մօտ։

Աստւածամայրը իր կեանքով եւ կեանքից ճառագայթող հաւատքով, յոյսով, սիրով ու նւիրումով եղած է եւ է՛ ներշնչման աղբիւր մայրերի ընդհանրապէս եւ հայ մօր գլխաւորաբար։ Հայ մայրը մեր ողջ պատմութեան ընթացքում եղել է ուսուցիչ հայ լեզւի, պահապան հայ հաւատքի, նախանձախնդիր ու քաջարի զինակիցը պատերազմի դաշտում կռւող իր որդուն, ամուսնոյն ու եղբօր, իր կրծքի տակ աճեցրել ու իր շուրջը տարածել է սէրն ու նւիրումը իր հայրենի հողին, եղել է յոյս ու լոյս շրջապատում, այլ խօսքով նա եղել է կեանքի աղբիւր, ողջ էութեամբ պայքարելով խաւարի ու խաւարամիտների դէմ։

Հայ մայրը իր էութեամբ մի աշխարհ է, որտեղ կեանք կայ ու միա՛յն կեանք։ Հայ մայրը իր աշխարհով ամրութեան ու զօրութեան պարիսպ է, ներշնչման աղբիւր է, հայրենիքի պաշտպանութեան արդար զինւորն է, մի խօսքով նա իր հոգեւոր աշխարհով անխորտակելի, անյաղթահարելի միջնաբերդ է։

Հայ մօր տօնի նախօրեակին, գրասեղանիս առաջ նստած ուզում եմ վերապրել խորհուրդը հայ մօր գաղափարական աշխարհին ու մտահորիզոնիս առաջ տողանցում են՝

- Հայրենիքի քաջարի զինւոր հասցնող հայ մայրերը,

- Հայրենիքի պաշտպանութեան սրբազան պատերազմի նահատակւած հայ զինւորի վշտահալած եւ սակայն հպարտութեան զգացումով մխիթար հայ մայրերը,

- Իրենց ժողովրդի հոգեւոր եւ ազգային արժէքների պահպանման ի խնդիր իրենց կեանքը նշխարի վերածած հայ մայրերը,

- Իրենց ամուսնոյն, բահի տեղ զէնք կրել ստիպող տառապահար հայ մայրերը, կիները, որպէսզի հայրենիքը հեռու մնայ թշնամուց,

- Իրենց զաւակները հայ դպրոցն ու եկեղեցին տանող, առաջնորդող հայ մայրերը, որով նրանք վերածւելու են մի անխորտակ միջնաբերդի,

- Եկեղեցու նստարանների վրայ նստող եւ երկիւղածութեամբ արարողութեան հետեւող հայ մայրերը,

- Իրենց հայրենիքի պաշտպանութեան սիրոյն զէնք կրող հայ մայրերը.

Այո՛, տեսնում եմ ձեզ սիրելի մայրեր ու ակամայ աչքերս վեր եմ բարձրացնում ու աղօթում. «Ով Տէ՛ր, շնորհազարդիր հայ մայրը, որպէսզի նա հաւատարիմ իր կոչումին մայրական իր գորվագութ սիրով ջերմացնի սրտերը իր զաւակների, հայրենիքի իր որդիներին։ Տէ՛ր եւ պաշտպան եղի՛ր հայ մօր, որպէսզի նա իր մայրական պայծառափայլութեամբ միշտ լուսաւոր ու ճառագայթարձակ հաւատքով զրահաւորի իր սէրն ու գուրգուրանքը վայելող իր որդիները»։

Հայ մօր տօնի առիթով օրհնում ու շնորհաւորում եմ քեզ ո՛վ աննման մայր, ո՛վ սուրբ մայր եւ ի սրտէ աղօթում եմ, որ Աստւածային օրհնութեամբ միշտ շողայ ու փայլի հայ մայրը, որտեղ էլ որ լինի նա, տնում թէ դպրոցում, եկեղեցում թէ պատերազմի դաշտում, միութիւնում թէ գնումներ անելիս, իր նորածին որդւոյն մեղմանուշ օրօր երգելիս թէ իր որդուն հայրենիքի պաշտպանութեան համար սահման ղրկելիս, մի խօսքով իր ողջ կեանքով։

Տօնդ շնորհաւոր սիրելի ու թանկագին մայր։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ