Մեծ Եղեռնի 102-րդ Տարելիցի Ծաղկեմատոյց և Երիտասարդական Համահաւաք

Կիրակի, ապրիլի 23-ին, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում գտնւող Մեծ Եղեռնի Յուշարձանի մօտ կատարւեց բարեխօսական աղօթք ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն անմեղ զոհերի, նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և մասնակցութեամբ հոգևոր հայրերի:

Արարողութեանը ներկայ էին Իրանում Հ.Հ. լիազօր եւ արտակարգ դեսպան՝ պրն.  Արտաշէս Թումանեանը, դեսպանութեան աշխատակազմը, Իսլ. Խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգագաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ազգային մարմինների, միութիւնների եւ կազմակերպութիւնների, Հայ Կաթողիկէ և Աւետարանական եկեղեցիների ներկայացուցիչներ և հոծ թւով բազմութիւն:

Սրբազան Հայրն օրւայ առիթով արտայայտւելով ասաց «Այսօր աղօթեցինք, խնդրելով մեր նահատակների բարեխօսութիւնը մեզ համար, որպէսզի բարեխօս լինեն առ Աստւած»

Միւս բաժնում Սրբազան Հայրն աւելացրեց. «102 տարիներ առաջ թշնամին միայն մէկ ու կէս միլիոն մարդ չջարդեց, այլ մեր ձեռքից առաւ մեր հողը, քանդեց տաճարները և մշակութային կոթողները. Առաւել ևս մեզ սպիտակ ջարդի ենթարկեց, երբ անտուն մնացած մեր ժողովրդին պարտադրաբար կրօնափոխ արեց»: «Մեզ մնում է ամբողջական գիտակցութեամբ տէր կանգնել մեր ժողովրդի պատմական, արդար և անժամանցելի իրաւունքներին»:

Կրօնական արարողութեանը յաջորդեց ծաղիկների մատուցում նահատակների յուշարձանի մօտ:  Ծաղկեմատոյցի արարողակարգի աւարտին յատուկ խօսքով ելոյթ ունեցաւ առաջնորդ սրբազան հայրը, որը կարևորութեամբ շեշտեց մեր պահանջատիրական պայքարի յարատևութիւնը և ապա մեծապէս գնահատեց ներկայ բազմութիւնը իր հաւատարմութեան և յանձնառութեան համար:

Սրբազան հօր ոգևորիչ խօսքից յետոյ գործադրւեց գեղարւեստական ծրագիր երիտասարդների միջոցով: