«Սրբազան Պաշտպանութեան Թանգարան»-ի Ներկայացուցիչներն՝ Ազգային Առաջնորդարանում

Չորեքշաբթի մայիսի 10-ին Ազգային Առաջնորդարանում, Թեմական Խորհրդի գլխաւորութեամբ, հանդիպում կայացաւ «Սրբազան Պաշտպանութեան Թանգարան»-ի (باغ موزه انقلاب اسلامی و دفاع مقدس) պատւիրակութեան հետ:

Հանդիպմանը ողջոյնի խօսք ասաց Թեմական Խորհրդի ատենապետ՝ Ռոբերթ Բեգլարեանը, ապա ելոյթ ունեցալ թանգարանի ընդհանուր պատասխանատու՝ Սարդար Խազրային, որը կարևորելով 8-ամեայ պարտադրեալ պատերազմում զոհւածների, ազատորդիների և անձնուրացների մեծարման խնդիրը, պատրաստակամութիւն յայտնեց այդ ուղղութեամբ բազմակողմանիօրէն համագործակցել իրանահայ համայնքի հետ:

Մասնաւորաբար նա նշեց, որ պատրաստ են հնարաւորութիւններ ստեղծել սրբազան պաշտպանութեան ընթացքում իրանահայութեան դերակատարութիւնը լայնօրէն արտացոլելու և պարզաբանելու խնդրում:

Ապա պրն. Բեգլարեանը ևս բացատրութիւններ տւեց իրանահայ համայնքի կառոյցի, պատմութեան և ներկայ վիճակի մասին և յոյս յայտնեց, որ փոխահամագործակցութեամբ իրականացւեն բոլոր այն ծրագրերը, որոնց շուրջ մինչ այժմ մտքերի փոխանակում է կատարւել կողմերի միջև:

Այս լոյսի տակ Սարդար Խազրայիի առաջարկութեամբ որոշւեց 3 ամսեայ ժամկէտում քննարկել և գործնական քայլեր վերցնել ծրագրերը իրականացնելու համար:

Հանդիպմանը ներկայ էին սրբազան պաշտպանութեան թանգարանի պատասխանատուները, Թեմական Խորհրդի և յարակից անձնուրացների յանձնախմբի և յարաբերական մարմնի անդամները: