Էմամ Խոմէյնիի Մահւան Տարելիցի Առիթով Թեհրանահայ Պատւիրակութիւնն Այցելեց Էմամի Դամբարան

Թեհրանահայ երկրորդ պատւիրակութիւնը, կազմւած ազգային որոշ մարմինների և միութիւնների ներկայացուցիչներից, Էմամ Խոմէյնիի մահւան 28-երորդ տարելիցի առիթով, երեքշաբթի Մայիսի 23-ի երեկոյեան ներկայ գտնւեց հանգուցեալ Էմամի դամբարանում, մասնակցելու Իրանի փոքրամասնութիւնների համար կազմակերպւած ծրագրին:

Այնտեղ նախ կատարւեց յարգանքի ծաղկեմատոյց, Էմամ Խոմէյնիի դամբարանին, ապա հերթաբար ելոյթ ունեցան պատւիրակութիւնների ներկայացուցիչները:

Թեհրանահայ պատւիրակութեան կողմից ելոյթ ունեցաւ Թ.Հ.Թ. Յարաբերական Մարմնի ատենապետ՝ Գասպար Ամիրխանեանը, որն իր խօսքում կարևորեց Էմամ Խոմէյնիի ղեկավար դերն Իրանի ողջ ժողովրդի միասնութեան ստեղծման և հզօր ու ապահով երկիր կառուցելու գործում:

Պատւիրակութեան կազմում էին Տ. Յակոբ քհն. Քէշիշեանը, Տ. Վրթաննէս քհն. Բաբախանեանը և ազգային կառոյցների ներկայացուցիչները: