Աստւածածնայ Վերափոխման Տօնը Թեհրանի եկեղեցիներում

Կիրակի 13 օգոստոսի 2017-ի առաւօտեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Աստւածածնայ վերափոխման տօնի առիթով սուրբ եւ անմահ պատարագ: 

Առ այդ, Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում պատարագը մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Իր քարոզում Սրբազան Հայրը խօսելով Աստւածամօր ինքնութեան եւ տիպարի մասին և անդրադառնալով նրա առաքինի կեանքի բարեմասնութիւնների ու անխորտակելի հաւատքի մասին, շեշտեց՝ «Մարիամը եղաւ Մայր, Կոյս և Աղախին Քրիստոսի: Որպէս Մայր, լինելով ամենանւիրական և ամենասուրբ էակը, մնաց յաւերժական կոյսը Քրիստոսի եկեղեցուն, նաև մնաց խոնարհ, հեզ ու համեստ սպասաւորը Քրիստոսի»:

Աւարտին, բազմահարիւր հաւատացեալների ներկայութեամբ, եկեղեցու բակում կատարւեց աւանդական խաղողօրհնութեան արարողութիւնը:  

Այդ առիթով Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, որը պատարագից յետոյ եկեղեցու բակում կատարեց նաեւ խաղողի օրհնութիւնը:

Բոլոր եկեղեցիներում էլ հաւատացեալների հոծ բազմութեան մասնակցութեամբ հանդիսաւորապէս կատարւեց Աստւածածնայ վերափոխման տօնը, ինչպէս նաեւ այդ առիթով տեղի ունեցող խաղողի օրհնութիւնը: