ԹԵՀՐԱՆԻ ԹԵՄԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ՄԻՋ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԵԱՆՔՈՒՄ ԿՆՈՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԱՆՑ ԴԵՄ ԵՂԱԾ ԲՌՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ - ԲԱՆՔՈՔ-ԹԱՅԼԱՆԴ

2017-ի Յուլիսի 17-ից 19-ը կայացաւ Ասիայի Եկեղեցիների Խորհրդի CCA հովանաւորութեամբ, շրջանային մի խորհրդակցութիւն, Թայլանդի Բանքոք քաղաքում նիւթ ունենալով՝ «Միջ-եկեղեցական կեանքում կնոջ դերակատարութիւնը կանանց դէմ եղած բռնութիւնների»։

Համագումարի կենտրոնական նիւթը կանանց իրաւունքները եւ նրանց ոտնակոխումն էր, որը որպէս Ֆիզիքական եւ բարոյական կոպտութիւններ են ճանաչւում։

Համագումարի բացման նիստում ներկայ գտնւեց Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, որը նախ յանուն Ասիայի Խորհրդի Գործադիր Վարչութեան եւ ընդհանուր քարտուղարի ողջունեց բոլորին, շեշտեց կարեւորութիւնը այս համագումարի յաւելելով, որ «Պատմութիւնը ցոյց է տւել, որ հնուց ի վեր կինը կարեւոր եւ անփոխարինելի դեր է կատարել մարդկութեան պատմութեան մէջ եւ այսօր էլ կնոջ դերը վճռական է արդի ընկերութեան կեանքում»։ Այնուհետ Սեպուհ Սրբազանը շեշտեց կարեւորութիւնը սոյն համագումարի բացատրելով նրա նպատակը։ Վերջում Սրբազան հայրը յաջողութիւն մաղթեց բոլորին եւ ապա ՛՛Պահպանիչ՛՛ աղօթքով աւարտեց իր խօսքը։

3 օրւայ ընթացքում համագումարին մասնակցողները, որոնք Ասիայի եկեղեցիների ներկայացուցիչներն էին 24 տարբեր երկրներից, ներկայացրեցին իրենց զեկոյցները, որտեղ փոխանցւեց մի պատկեր իրենց երկրներում նման կոպտութիւնների թւի եւ տարածւածութեան մասին. մեր եկեղեցու ներկայացուցիչն էր դոկտ. Ալիս Խաչեանը, որը իր զեկոյցը սկսեց նախ վերլուծելով երեւոյթը բժշկական եւ հասարակական ակնոցով ապա ներկայացրեց Պարսկաստանում կատարւած ուսումնասիրութիւններից մի քանիսի հակիրճ զեկոյցները. վերջում Իրանում ապրող հայերի մասին խօսելով անդրադարձաւ նման երեւոյթի հազւագիւտ լինելը հայութեան մօտ։

Համագումարին մասնակցում էր նաեւ UN–ի ներկայացուցիչը, որը ներկայացնելով համաշխարհային պատկեր ակնարկեց կատարւած գործունէութեան մասին եւ համաշխարհային պատասխանները այդ ուղղութեամբ։

Համագումարի վերջին օրում մասնակիցները խմբերով զբաղւեցին ձեռնարկւելիք միջոցներով եւ ներկայացրեցին մի տարւայ ծրագիր առ ի նկատառումն։