ՎԵՐԱՄՈՒՏԻ ԽՈՀԵՐ ԵՒ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Արտերկրեայ հայակեանքի գոյութեան ու գոյատեւման, ամրապնդման եւ զօրութեան գլխաւորագոյն սիւներից մին հայ դպրոցն է , որ եկեղեցու եւ ընտանիքի հետ կազմում է նւիրական եռասիւն հանդիսանալու համար այն ժայռը, որի վրայ խարսխւեր է հայակեանքը։ Տակաւին այս եռասիւնը կազմում է միաժամանակ հայ դիմագծի, ինքնութեան եւ նկարագրի պահպանման միջնաբերդը։

Մարդկային հաւաքականութիւնները, այսօր, աննահանջ հետապնդումով որոնում են իրենց ինքնութեան, ինքնուրոյնութեան պահպանման եւ յաւերժութեան ճշգրիտ ճանապարհը։ Համաշխարհայնացումը եւ միւս կողմից ամենօրեայ թեքնո-էլէկդրոնային աշխարհի անվերջ զարգացումը, աշխարհի չակերտեալ տիրակալների անյագ ախորժակները, ի խնդիր նոր նւաճումների, ամենուրեք ահաբեկչական շարժումների յառաջագայութիւնը մարդկային ընկերութիւնը տհաճ անորոշութեան դէմ հանդիման է դրել, նոր մարտահրաւէրների առաջ է կանգնեցրել։

Այս դառն իրականութեան առաջ կանգնած մարդ արարածը այլ ընտրանք չունի բացի իր ինքնութիւնն ու ինքնուրոյնութիւնը երաշխաւորող արժէքների մասին մտածելու եւ նրանց կառչած իր կեանքն ու առաքելութիւնը վերատեսելու հրամայականով շարժւելը։

Երկար դարերի պատմական ու մշակութային աւանդով հարուստ իրանահայութիւնը այսօր դժբախտաբար տագնապում է իր թւի, քանակի նւազումից, թէեւ մենք հաւատացած ենք, որ քանակի նւազումը անպայմանօրէն չի նշանակեր նահանջ եւ կամ յուսախաբութիւն. քաւ լիցի, մեր խոր համոզմամբ իրանահայութիւնը հաւատարիմ իր կոչումի եւ առաքելութեան շարունակում եւ շարունակելու է իր կեանքը, ստեղծագործ աշխատանքը իրենից հեռու վանելով յուսալքումն ու յուսախաբութիւնը։

Կեանքի մեր պայքարի, պիտի ասէի հայապայքարի մէջ հարկ է սակայն լինել զգաստ եւ արթուն. եթէ դպրոցը, հայ դպրոցը մեր գոյութեան միջնաբերդն է, հետեւաբար հարկ է տէր կանգնել այդ միջնաբերդին։ Սա մեր առաջ կանգնած մեծագոյն մարտահրաւէրն է։ Հարկ է սիրելի հայորդիք իմաստութեամբ եւ պատասխանատւութեան բարձրագոյն գիտակցութեամբ տէր կանգնել մեր հոգեւոր եւ մշակութային արժէքներին։ Մեր մէջ բոյն դրած օտարամոլութիւնից հարկ է խուսափել։ Օտարամուտ երեւոյթներից հարկ է հեռու մնալ։ Մեր նոր մատաղ ու մատղաշ սերունդին պէտք չէ օտարացնենք, օտարութեան դռները բանալով իր առջեւ եւ օտար, հայութեան հետ երբեք կապ չունեցող անուններ տալով մեր երեխաներին։

Դեռ երկու օրեր առաջ մկրտութեան արտօնագիր ստորագրելիս նկատեցի օտար անուններ՝ Բենիթօ, Էդինիօ, Բրոնիա, Վիօնա եւ այլ անուններ։ Օտարները մեր անունները օգտագործո՞ւմ են, վստահաբար, ո՛չ։ Որեւէ մէկը վիրաւորելու իրաւունք չունենք, սակայն նւիրական պարտականութիւն ունենք մեր ծնողներին թելադրելու, որ անւանակոչումը շատ կարեւոր եւ էական աքտ է եւ հոգեբանականօրէն ազդում երեխայի ինքնութեան կազմութեան վրայ։

Մեր դպրոցները եւս կարիք ունեն վերատեսութեան եւ վերադասաւորման։ Երկար տարիներից մեր երազը եղել է եւ է մեր դպրոցներում տեսնել մեր զաւակներ՝ տղայ եւ աղջիկ կողք-կողքի ինչպէս որ մեր ժողովրի եկեղեցական աւանդութիւնը ուսուցանում է մեզ։ Մեկնելով երկրի ընդհանուր համակարգի դրութիւնից դեռ մեզ չի յաջողւել հասնել այդ երազի իրականացման, սակայն մենք «այրի կնոջ» օրինակով պիտի շարունակենք արդարութեան դուռը փակել մինչեւ իրագործումը մեր երազին։ Սակայն, մինչ այդ, բոլորս կոչւած ենք նախանձախնդրութեան, բծախնդրութեան եւ զգօնութեան բարձրագոյն պատասխանատւութեամբ կառչելու, կառչած մնալու մեր դպրոցներին, որովհետեւ դպրոցը ամէն մի հայի համար մի փոքրիկ հայրենիք է, արժանի սիրոյ եւ գուրգուրանքի։

Ոչ ոք թող չասի, որ մեր դպրոցների կրթական մակարդակը թոյլ է։ Այո՛, մեր փայփայած մակարդակը կարող է չունենան մեր դպրոցները, սակայն այդ երբեք չի նշանակում որ մակարդակ չունեն մեր դպրոցները եւ երկրորդ այդ արդարացուցիչ պատճառ չի կարող լինել մեր օտարամոլութիւնը արդարացնող։

Մենք ազգային իշխանութիւն մեր օրէնսդիր եւ գործադիր կառոյցներով ու ամբողջական ուժականութեամբ տէր ենք կանգնելու մեր դպրոցներին եւ ջանալու ենք ամէն ինչով վառ ու կենդանի պահելու նրանց։ Մեր սրտագին կոչն է նաեւ մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ չթերագնահատենք մենք մեզ ու մեր դպրոցները, այլ տէր կանգնենք նրանց որպէս հայու գոյութեան եւ ինքնութեան անաղարտ պահպանման միջնաբերդեր։ Չզլանանք մեր նիւթական ու բարոյական օժանդակութեամբ թեւ ու թիկունք կանգնել մեր դպրոցներին։

Մեր ժողովրդի անցեալի պատմութիւնը ցոյց է տւել, որ ամէն անգամ երբ թերացել ենք մեր արժէքների գնահատման գործում մեծապէս տուժել ենք ու կորսնցուցեր ամենաթանկը՝ մեր անկախութիւնը։ Խօսուն օրինակ է Ե. դարու հայոց Սահակ Պարթեւ Կաթողիկոսի իմաստուն խրատը տրւած հայ նախարարներին, որոնք եկել էին իր մօտ, խնդրելու, որ հայոց հայրապետը գնա Տիզբոն եւ օրւայ պարսից արքայից արքային խնդրի, որ հայոց Արտաշիր թագաւորին փոխի։ Հայոց իմաստուն հայրապետը ասում է՝ « Իմ հիւանդ ոչխարը չեմ փոփանակելու առողջ գազանի հետ »։ Նախարարները դժբախտաբար չլսեցին կաթողիկոսի խրատը եւ այդ պատճառ եղաւ որ Հայաստանը այլեւս չունենայ հայ թագաւոր, որով եւ վերջ դրւեց Արշակունեաց հարստութեան։

Հայոց դպրոցների պահպանումը իր տարրական եւ միջնակարգ երկու բաժիններով ազգային առաջնահերթութիւններից է եւ մենք մեր բոլոր կառոյցներով եւ ամենից էականը մեր ծնողների համագործակցութեամբ աշխատելու ենք նրանց առողջ, աշխոյժ ընթացքի պահպանման համար։

Վերամուտի այս օրերին երբ կրթական համակարգում գործողներ, ծնողներ եւ մենք իբրեւ ազգային իշխանութիւն վառ ու լուսաւոր ապագայի հեռանկարով նայում ենք մեր դպրոցներին, իմ կրկնակի սրտագին կոչն է մեր ժողովրդի ազնիւ զաւակներին որ իրենց զաւակները առաջնորդեն հայ դպրոց, այնտեղ ստանալու համար ՛՛ սէր ու սնունդ եւ սրտի հպարտ ցնծութիւն ՛՛։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ 

Սեպտեմբեր 2017 - Թեհրան