Երևանի Ղ. Սարեանի երաժշտական ուսումնարանի սաները Ազգային Առաջնորդարանում

Երկուշաբթի սեպտեմբեր 11-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Երևանի Ղազարոս Սարեանի երաժշտական ուսումնարանի սաներ՝ Հայկ Ամիրեան, Ռաֆայէլ Ասրեան, Մարիա Արիստակէսեան, Արման Մարգոլով, Գարեգին Կոնակցեան, Մերի Մարգարեան, Դաւիթ Այդայեան, Ալբերտ Նաւասարդեան և Հռիփսիմէ Աղակարեանին, նաև իրենց դասախօսներ՝ Սուսաննա Սուքիասեան և Արմինէ Գրիգորեանին:

Խմբին ընկերակցում էին նաև մայեստրօ Ռազմիկ Օհանեանը և «Կուկունեան» ֆոնդի տնօրէն՝ Արփի Աճեմեանը:

Սրբազան Հայրը ողջունելով խմբին, քաջալերեց պատանի-պարմանուհիներին իրենց ազգանւէր աշխատանքը շարունակելու, կենդանի պահելով հայ մշակոյթը: Ապա նորանոր յաջողութիւններ մաղթեց խմբի տնօրէնին և դասատուներին:

Յայտնենք, որ Սրբազան Հայրը կիրակի սեպտեմբերի 10-ի երեկոյեան ներկայ գտնւեց վերոյիշեալ խմբի երաժշտական կատարումին, Թեհրանի «Նիաւարան» Մշակութային համալիրում:

Սոյն Ծրագրին ներկայ էին նաև առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Ի.Ի.Հ. խորհրդարանում Թեհրանի և հիւսիսայինիրանահայութեան պատգամաւոր՝ Դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի և Թեմական Խորհրդի ներկայացուցիչները: