Դեկտեմբերի 7-ը, համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի և իր նահատակակից ընկերների՝ Գրաբոսի, որ իր քարտուղարն էր և Եւրոգինէսի, որ իր գործակիցն էր, յիշատակի օրն է:
Սոյն տօնը համընկնում է նաև Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Արդարեւ այս առիթով, թւականիս երկուշաբթի, դեկտեմբերի 7-ին համանուն եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ, ուր պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Սրբազան Հայրը քարոզի սկզբին բացատրութիւններ տւեց սրբի և իր հետ նահատակւած ընկերների կենսագրութեան մասին, շեշտելով՝ «1720 տարի առաջ, Եգիպտոսի հեռաւոր մի անկիւնում նրանք վկայեցին Քրիստոսին և իր Աւետարանին: Սրբերի նահատակութիւնն Աշտարակ է եկեղեցու համար, այսինքն ամուր պաշտպան է եկեղեցւոյ, իսկ նրանց նահատակութիւնը և արիւնն եղաւ սերմ՝ եկեղեցու համար, որ իր կարգին նոր հասկեր տւեց և քրիստոնէութիւնը ծաղկեցրեց, պայծառեցրեց և հասցրեց այնտեղ, ուր որ հասաւ»:
Առաջնորդ Սրբազանն իր քարոզի միւս բաժնում աւելացրեց՝ «Հաւատքը մարդկային կեանքի մէջ ինչ է, եթէ ոչ մարդու կեանքի այն ուժը և այն կարողութիւնը, որ նրան այս աշխարհից անդի աշխարհի մէջ իրականանալիք ճշմարտութիւնները տեսնելու և ընդունելու կարողականութիւնը: Յաւիտենական կեանքը իրականութիւն է և այդ իրականութեան հեռանկարով մենք պէտք է գործենք և աշխատենք»:
Յաւարտ Ս. Պատարագի՝ Ս. Մինասի մասունքը կրող արծաթեայ աջով, 2015 թւի յուլիսի 18-ին, Լիբանանում - Պրիքֆայա Մ.Տ.Կ.Կ. «Սուրբ Աստւածածին» Վանքում օրհնւած նոր Միւռոնի հեղումով՝ կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւնը:
Քանի որ, նոյն օրը համընկնում է 1988 թւականի, Հիւսիսային Հայաստանի, Լենինականի և Սպիտակ քաղաքի աղէտալի երկրաշարժի դէպքին, ջրօրհնէքի արարողութեան աւարտին, կատարւեց նաև Հոգեհանգիստ՝ սոյն աղետի աւելի քան 26000 անմեղ զոհերի հոգու հանգստեան համար:
Սրբազան Հայրն այս աղետի վերաբերաեալ արտայայտւեց՝ «Այսօր դեկտեմբեր 7-ն է, 27 տարիներ առաջ այս ժամերին, Հայաստան աշխարհը ահաւոր երկրաշարժի բերումով ցնցւեց: Տասնեակ հազարաւոր հայորդիներ այդ աղետին զոհ գնացին, մեր երկրի ամբողզ հիւսիսային բաժինը քարուքանդ եղաւ, որոնց հետքերը մինչև հիմա մնում են: Այդ երկրաշարժի աւերւածութիւնն այնքան խոր և ծանր է, մինչև այսօր Գիւմրիի մէջ ընտանիքներ կան, որ տակաւին տուն չունեն: Ձեզ կոչ եմ անում, որ աղօթէք զոհւածների հոգիների խաղաղութեան համար, աղօթէք մեր վերածնւած ժողովրդի համար: Այսօր Հայաստանում դեռևս կարող է լինեն մարդիկ, որոնք մոռացել են դեկտեմբերի 7-ը, բայց պատմութեան մէջ արձանագրւած այդ չարաղետ դէպքը մնում է մեր պատմութեան էջերի մէջ, որպէս մի սև էջ»:
Ապա Առաջնորդ Սրբազանն իր խօսքը ուղղելով ներկաներին ասաց՝ «Եկէք աղօթենք նաև, որ Աստւած խաղաղութիւն պարգևի աշխարհին, Հայաստանին, Իրանեան մեր հայրենինք և ընդհանրապէս ամեն տեղ, որովհետև այսօր աշխարհը որևէ մի ժամանակից աւել կարիք ունի խաղաղութեան: Եկէք աղօթենք, որպէսզի լռեն պատերազմները, դադարւեն զէնքերը և սէր ու խաղաղութիւն հաստատւի մարդկանց հոգիների մէջ»:
Վերջում հաւատացեալները խուռներամ յառաջ գալով՝ խոր հաւատքով և երկիւղածութեամբ հաղորդւեցին և օրհնւած ջուրն առնելով՝ խաղաղութեամբ մեկնեցին իրենց տները: