Թեհրանի Հայոց Թեմի Կարիքաւորներին Օժանդակող Մարմինը հանդիպեց Էմամ Խոմէյնիի Օժանդակութիւնների Կոմիտէյի ներկայացուցիչներին

Երեքշաբթի՝ նոյեմբերի 14-ի առաւօտեան Թեհրանի հայոց թեմի կարիքաւորներին օժանդակող մարմնի (ԿՕՄ) հրաւէրով Էմամ Խոմէյնիի օժանդակութիւնների կոմիտէյի ներկայացուցիչների մասնակցութեամբ, նիստ գումարւեց Թեհրանի Հայոց Ազգային Առաջնորդարանում:

Հանդիպմանը մասնակցում էին Էմամ Խոմէյնիի Օժանդակութիւնների Կոմիտէյի սոցիալական աշխատողների գերատեսուչ՝ Համիդռեզա Էլահին, նոյն կոմիտէյի ներկայացուցիչներ՝ Մեհդի Էսմայիլին և ֆաթեմէ Թէյմուրին, Թեհրանի Հայոց Թեմական Խորհրդի անդամ և ԿՕՄ-ի հետ կապ՝ Սերոժ Մատթէոսեանը, ԿՕՄ-ի ատենապետ՝ Մուշեղ Ծատրեանը, փոխատենապետ՝ Հրայր Աբդալեանը և ԿՕՄ-ի ներկայացուցիչներ՝ Ալիս Դիլանչեանն ու Մայիս Մինասեանը:

Հանդիպման սկզբում ԿՕՄ-ի ատենապետ Մուշեղ Ծատրեանը որոշ բացատրութիւններ ներկայացրեց մարմնի կողմից իրականացւող աշխատանքների, նպաստ ստացողների թւի, նաև օժանդակութիւնների ընթացքի մասին, որը ներառում է կանխիկ նպաստներ, բժշկական օժանդակութիւններ, բնակարանի վարձ, դպրոցական աշակերտների թոշակների վճարում և այլն:

Այնուհետեւ թեմական խորհրդի կապ՝ Սերոժ Մատթէոսեանն անդրադարձաւ Էմամ Խոմէյնիի Օժանդակութիւնների Կոմիտէյի պատասխանատուների հետ նախկին հանդիպմանն ու ցաւով նկատեց, որ պայմանաւորւածութիւնների գործադրման հարցը, թէ Կոմիտէյի և թէ Թեմական Խորհրդի կողմից անուշադրութեան է մատնւել:

Հանդիպման ժամանակ պրն. Էլահին անդրադարձաւ կոմիտէյի աշխատանքների ընթացքին ու դիմողներին ներկայացւող ծառայութիւններին, որոնց մէջ են մտնում կանխիկ օժանդակութիւնները, վարկ ստանալու հարցում օժանդակութիւնը, յատուկ աշխատանքի ստեղծման համար տրամադրւող վարկերը, բժշկական պարագաները, մոլիների հարցերին վերահասութիւն տալը և այլն:

ԿՕՄ-ի անդամների կողմից կոմիտէյի ներկայացուցիչներին փոխանցւեցին հետեւեալ դիմումները՝

-Կարիքաւորներին բուժման քարտերի տրամադրում

-Կարիքաւորների ժամանակաւոր բնակեցում

-Յատուկ հիւանդութեամբ տառապողներին օժանդակութիւն ցուցաբերել

-Մոլիների ընտանիքի անդամներին նաև մոլի անձին բուժման ուղղութեամբ օժանդակութիւն ցուցաբերել

-Տօնական օրերին կանխիկ նպաստների վճարում

-Նորապսակներին տան կահույքով ապահովել

-Մինչեւ 20 միլիոն թուման աշխատանքի ստեղծման վարկի տրամադրում

-2-ից 5 միլիոն թուման առանց տոկոսադրոյքի շտապ վարկի (قرض الحسنه) յատկացում

-Անաշխատունակ անձանց օժանդակութիւնների յատկացում

Հանդիպման աւարտին ԿՕՄ-ի կողմից պահանջ ներկայացւեց, որպէսզի Էմամ Խոմէյնիի Օժանդակութիւնների Կոմիտէն պաշտօնապէս ճանաչի ԿՕՄ-ին:

Հանդիպմանը մասնակից պետական պատասխանատուները, ներկայացւած խնդրանքները կոմիտէյին փոխանցելու, դրանց իրականացման ուղղութեամբ ջանք գործադրելու և այսուհետ այդ կապակցութեամբ պատասխանատու լինելու դրական խոստում տւեցին: