Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու կիրակնօրեայ դպրոցը տօնեց իր հիմնադրման 24 ամեակը

Նոյեմբերի 12-ի կիրակին, ինչպէս ամէն շաբաթւայ նոյն օրը, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին ողողւած էր հրեշտակակերպ երեխաների և պատանիների խանդավառ ներկայութեամբ:

Այսօր սակայն բերկրանքը կրկնակի էր. երեխանների փառաբանական երգերը երկինք էին սլանում միանալով հրեշտակների օրհներգութեանը: Առիթը նւիրական էր, եկեղեցու կիրակնօրեայ դպրոցի հիմնադրման 24 ամեակը: Միջոցառմանը մասնակից կիրակնօրեայ դպրոցի մեծ ընտանիքը իր հոգևոր հայրերով, ուսուցչական կազմով, ծնողական խորհրդով, աւագ և կրտսեր սաներով և իհարկէ եկեղեցական խորհրդի հետ միասին վայելեց մի ուրախ և օրհնաբեր երեկոյ: Ինչպէս եկեղեցու հովիւ՝ դպրոցի հոգևոր տեսուչ՝ Տէր Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը, այնպէս էլ եկեղեցու երիտասարդ հովիւ՝ Տէր Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը իրենց քաջալերական խօսքերով նոր եռանդ և լիցք հաղորդեցին ներկաներին, մաղթելով առաւել ամուր քայլերով շարունակեն հաւատքի քաղցր և լուսաւոր ճանապարհը, որպէսզի կիրակնօրեայի 25 ամեակը դիմաւորեն, իբրև աւելի հաստատուն քրիստոնեաներ  և Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու կայացած անդամներ:

Այս համեստ ծրագրից անմասն չէր նաև օրւայ առիթով պատրաստւած կարկանդակի կտրատումը և մատուցումը ներկաներին: