ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ

Երեքշաբթի 21 նոյեմբեր 2017-ի յետ միջօրէին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին, որին ընկերակցում էր դեսպանատան մշակոյթի հարցերով խորհրդական պրն. Սահակ Եղիազարեանը։

Սրբազան հայրը ողջունեց իր հիւրերին եւ միասին խօսեցին Հայաստան Համահայկական Հիմնադրամի, այս օրերին, կազմակերպւող դրամահաւաքի ընթացքին աւելի ուժ տալու կարելիութիւնների մասին, ինչպէս նաեւ Թեհրանի պետական թանգարանում բացւած, Իրան-Հայաստան թանգարանի պատմական իրերի եւ մշակութային յարաբերութիւնների մասին։ Պրն. դեսպանը գոհունակութեամբ յայտնեց նաեւ, որ յառաջիկայ շաբաթ օր, 25 նոյեմբեր 2017-ին Թեհրանի թանգարանում, Հայաստանից ժամանած երկու ուրարտագէտ պատմաբաններ ելոյթ են ունենալու։

Աւելի քան մի ժամ տեւած ընդունելութիւնը անցաւ մտերմիկ ու սիրալիր մթնոլորտում։