«Արաքս» դպրոցի աշակերտների յաջողութիւնը մանուկների ու պատանիների հոգեբուժութեան համընդհանուր 8-րդ համագումարում

2017 թւականի նոյեմբերի 28-ը յիշարժան օր դարձաւ «Արաքս» դպրոցի պատմութեան մէջ:

Այդ օրը «Արաքս» դպրոցի միջնակարգ օղակի առաջին շրջանի 20 աշակերտներ, մի խումբ ծնողների ընկերակցութեամբ մասնակցեցին «Էմամ Խոմէյնի» հիւանդանոցի դահլիճում կազմակերպւած «Կատարելագործման ընթացքում պատանիների ու ընտանիքների դիմագրաւած մարտահրաւէրները» խորագրով մանուկների ու պատանիների հոգեբուժութեան համընդհանուր 8-րդ համագումարին:

«Արաքս» դպրոցի աշակերտները յիշեալ համաժողովին մասնակցեցին գիտութեան եւ ցողունային բջիջների տեխնոլոգիայի զարգացման շտաբի աշակերտական բաժնի տնօրէն դոկտ. Մոհամմեդ Ջաւադ Մոհսէնիի հրաւէրով եւ Թեհրանի 6-րդ շրջանի ուսումնադաստիարակչութեան հիմնարկի միջնակարգ օղակի ուսուցման հարցերով տեղակալ պրն. Էսֆանդիարիի միջոցով կատարւած համադրումների շնորհիւ:

Համաժողովին մասնակցում էին Մանուկների ու պատանիների հոգեբուժութեան միութեան անդամները, նոյն միութեան նախագահ դոկտ. Մեհդի Թեհրանի Դուսթը, դոկտ. Քաթայուն Ռազջուեանը, դոկտ. Աֆսանէ Սեհաթը, դոկտ. Ֆարիբա Արաբգոլը, դոկտ. Զահռա Շահրիւարը, դոկտ. Շոքուֆէ Մուսաւին, դոկտ. Փառւիզ Մոլաւին եւ դոկտ. Ամիր Շահռոխին:

Այս համաժողովի ընթացքում «Արաքս» դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Նարէ Մնացականեանն աշակերտական փանէլում ներկայացնելով աղջիկներին, Ալբորզ նահանգի «Սամփադ» դպրոցի ընտրանի աշակերտներ՝ Նիմա Աքբարիի, Մոհամմեդ Սադեղ Քարգարի, Առմին Քառիմիի, Սինա Խոռշիդիի եւ Ֆարս նահանգից տաղանդաւոր գիւտարար՝ Դանիալ Բոռզոյի կողքին փառք ու պատիւ բերեց իրանահայութեանը:

Երեք ժամ տեւած համաժողովի ժամանակ ներկաները ներկայացրեցին իրենց տեսակէտներն ու խոհերը եւ այս կրթական միաւորի աշակերտուհիներ՝ Նազէլի Շիրւանեանն ու Սէլին Իսախանեանը դասախօսների հետ մտքերի փոխանակում կատարելու հնարաւորութիւն ունեցան:

Համաժողովի աւարտին դոկտ. Քաթայուն Ռազջոյանն ամփոփեց վիրտուալ միջավայրի, դրա դրական ու բացասական կէտերի ու դրա ազդեցութիւնը ընտանիքի վրայ թեմայի շուրջ ներկայացւած տեսակէտները, որտեղ անդրադարձ կատարւելով վիրտուալ միջավայրի ստեղծած հնարաւորութիւններին ընդգծւեց պատանիների պարագային ընտանիքի վերահսկողութեան անհրաժեշտութիւնը: 

Նաեւ ակնարկ կատարւեց այն հարցին, որ պատանիներն անկախութեան են ձգտում եւ ցանկանում են անկեղծ յարաբերութիւններ ունենալ ընտանիքի անդամների հետ: Պատանիներն առանց վախ ունենալու ներկայացնում են իրենց խնդիրները եւ ցանկանում են, որ ծնողի ու պատանու միջեւ յարաբերութիւնը հիմնւած լինի փոխվստահութեան վրայ: 

Պատանիները չեն մերժում ծնողների կողմից ներկայացւող ցուցմունքների օգուտները եւ միայն ցանկանում են իրենք լինեն որոշում ընդունողը: