ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ԵՏԻՆ

Ուրբաթ 1 դեկտեմբեր 2017-ին թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական Խորհրդի երկու Ատենապետների՝ պրն. Ռոբերտ Բեգլարեանի եւ պրն. Վարուժ Յովհաննէսեանի այցելեց Շիրին ցուցասրահը, որտեղ հայ նշանաւոր ժամանակակից արւեստագէտների ջրաներկ ստեղծագործութիւնները ցուցադրւում էին։

Ցուցասրահում դրւած էին Սմբատ Տ. Կիւրեղեանի, Երւանդ Նահապետեանի, Միքայէլ (Միշա) Շահբազեանի, Եսայի Շահիջանեանի եւ Աւագ Հայրապետեանի գործերը։

 Sumbat Der Kiureghian
(1913-1999)

Yervand Nahapetian
(1913-2006)

Yesayi Shahijanian

(1939-1987)

Michael (Misha) Shahbazian

(1904-1977) 

Ցուցասրահի մուտքին Սրբազան հօր եւ ընկերակիցներին դիմաւորեց ցուցասրահի տնօրէնուհի տկն. Շիրին Թավաքուլեանն ու իր գործընկեր պրն. Դալիրին։ Սրբազան հայրը պրն. Դալիրիի ընկերակցութեամբ շրջագայեց ցուցասրահի բոլոր սրահները եւ ուրախութեամբ ու հպարտութեամբ նկատեց արւեստասէր հասարակութեան ջերմ վերաբերմունքը վերոնշեալ հանգուցեալ արւեստագէտների գործերին։ Վերջում Սրբազան հայրը առանձնակի  զրոյց ունեցաւ տկն. Շիրինի եւ պրն. Դալիրիի հետ մեծապէս գնահատելով իրենց այս արւեստաբոյր աշխատանքը. «Դուք ձեր այս արարքով վկայութիւնը տւիք այն ճշմարտութեան, որ արւեստը վեր է ամէն նկատումներից. ասաց Սրբազան հայրը, ներկայացւած արւեստագէտները, որոնք Իրանի հայ քաղաքացիներ են, ստեղծագործեցին ի վկայութիւն իրենց սիրոյն եւ կապւածութեան իրանեան հայրենիքին եւ դուք իբրեւ այդպիսին այս արւեստագէտները հասարակութեան էք ներկայացնում առանց խտրականութեան. ահա այստեղ է Իրանի եւ իրանցիների մեծութիւնը, շեշտեց Սրբազան հայրը։ Իր զրոյցի մի այլ բաժնում Սրբազան հայրն ասաց «Հայաստանն էլ որ հին երկիր է եւ մշակոյթի տէր, ունեցել է նաեւ մշակութային յարաբերութիւններ Իրանի հետ, սրա վերջին գեղեցիկ վկայութիւնը, հոկտեմբերին, Թեհրանի պետական թանգարանում կազմակերպւած Հայաստանի եւ Իրանի հին մշակութային իրերի համատեղ ցուցահանդէսն էր, որտեղ ցուցադրւեցին երկու երկրների հազարաւոր տարիների հնութեամբ արժեւորւած պատմական իրերը»։ Սրբազան  հայրը անդրադարձաւ երկու երկրների եւ ժողովուրդների մշակութային, քաղաքակրթական պատմական յարաբերութիւններին յաւելելով, որ պատահական չէ, որ այսօր Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի յարաբերութիւնները զարգանում են բազմակողմանի կերպով հիմնւած փոխադարձ սիրոյ, յարգանքի եւ շահաւէտ ռազմավարութեան վրայ։

Ցուցահանդէսը շարունակւելու է մինչև դեկտեմբերի 14-ը (Ազարի 23-ը):