ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Իրանահայ անձնուրաց ու վիրաւոր զինւոր՝ Վարուժ Խուդաբախշեան

Իսլ. Յեղափոխութեան յաղթանակից՝ իրանական 1357 թւականի բահման ամսի 22-ից (11.02.1979 թ.) 39  տարիներ են անցել: Այդ տարիներին տարբեր դէպքեր են պատահել եւ Իրանն ու իրանցի ժողովուրդը  զանազան դէպքեր են դիմագրաւել:

Յեղափոխութեան յաղթանակից 19 ամիսն դեռ հազիւ էր անցել: Այդ ժամանակաշրջանում, երբ  Իրանը զբաղւած էր իր ներքին խառնակ իրավիճակի սուր խնդիրներով, Իրաքի Հանրապետութեան նախագահ Սադդամ Հուսէյնի հրամանով 1980 թ.-ի սեպտեմբերի 22-ի (իրանական՝ 1359 թ. շահրիւար ամսի 31) առաւօտեան իրաքեան օդուժի կործանիչները իրենց բանակի աջակցութեամբ միասնաբար ներխուժելով Իրան, ընդհանուր յարձակում են գործում  Իրանի սահմանային տարբեր քաղաքների, ներառեալ՝ Թեհրանի օդանաւակայանի վրայ: Այդպիսով սկսւեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմը, որը շարունակւեց՝ 8 երկար տարիներ՝  պատճառ դառնալով թէ՛ մարդկային, եւ թէ՛ տնտեսական-  ֆինանսական մեծ կորուստների:

Երկու երկրների ժողովուրդների կողքին իրանահայ եւ իրաքահայ համայնքները եւ ինչ-որ կերպով՝ աշխարհով ցրւած սփիւռքահայութիւնը տուժեցին այդ պատերազմի հետեւանքներից: Երկու կողմերն ունեցան անփոխարինելի  նահատակներ՝ գերիներ, վիրաւորներ, հաշմանդամներ եւ այլ կերպ տուժողներ:

Պարտադրեալ պատերազմի ութը տարիների  ընթացքում իրանահայութիւնը տարբեր ոլորտներում իր ներդրումն ունեցաւ Իրանի ռազմաճակատներին զօրավիգ լինելու առումով, թէ՛ մարդուժ եւ թէ՛ մարդասիրական օգնութիւններ նւիրաբերելու տեսակէտից: Անշուշտ հայ արհեստաւորների տարբեր խմբերի մասնակցութիւնը եւ ներկայութիւնը պատերազմի ճակատներում, ունեցան իր մեծ եւ օգտակար դերը:

Յատկանշելի է, որ շուրջ 2920 օր տեւած պատերազմի ըմթացքում, հազարաւոր հայ զինծառայողներ են մասնակցել պատերազմին:

Սկսեալ Իրանի յեղափոխութեան սկզբից, եւ դրա շարունակութեան ընթացքում ներքին հակամարտութիւնների եւ յետոյ Իրաքի կողմից՝ քաղաքների ռմբակոծման ու հրթիռակոծման հետեւանքով, զոհւած 106 հայ նահատակներից բացի, ովքեր թէ՛ Իսլամական Հանրապետութեան կողմից, եւ թէ՛ հայ համայնքում՝ իրենց պատշաճ ու արժանի յիշատակման են արժանացել. անշուշտ պէտք է անխտի՛ր կերպով նշել ու մեծարել գերեվարութիւնից ազատւած հայ ու ներկայիս վետերանի դիրքի հասած անձնուրաց ռազմիկ զինւորներին:

Պատերազմից մարմնային վնասւացքներով տուժած վետերանների թիւը ներկայում 90-ից աւելին է: Նրանցից ոմանք ապրում են իրենց ընտանիքներով ու հարազատներով, իսկ ոմանք էլ՝ միայնակ, իրենց հետ կրելով պատերազմում ստացւած վնասւածքներն ու ծանր  յիշողութիւնները, որոնք երբեք նրանց հանգիստ չեն տալիս:

Քիմիական ռմբակոծութիւնից տուժածների թիւը նոյնպէս քիչ չէ: Վերջերս վկայ եղանք քիմիական զէնքից տուժած՝ հանգուցեալ Էդւարդ Նազարեանի նահատակութեանը: Էդւարդը տարիներ տառապելով քիմիական զէնքերի եւ պայթուցիկների վնասւածքներից, վերջապէս 2017 թ.-ի փետրւարին միացաւ միւս հայ նահատակներին:

Ամէն դէպքում նա երջանիկ էր, որ գոնէ իր կողքին ունէր իր հարազատ ընտանիքին: Նրանք ամենայն սիրով եւ հոգատարութեամբ խնամում էին նրան:

Իսկ կան ոմանք, ովքեր միայնակ են ապրում եւ այդ բախտը չունենալով, ենթակայ են շատ աւելի դժւար պայմանների:

Ստորեւ ներկայացնում ենք քիմիական մանանեխի գազից հոգեկան եւ թոքերից վնասւացք ստացած պատերազմի անձնուրաց զինւոր՝  ՍԻՐԵԼԻ ՎԱՐՈՒԺ ԽՈՒԴԱԲԱԽՇԵԱՆԻՆ:

  

Այս տարւայ օգոստոսի մի չորեքշաբթի օր, առաւօտեան ժամը 10-ն էր: Թեհրանի հայաշատ Զէյթուն (Մաջիդիէ) քաղաքամասի փողոցներից մէկում հանդիպեցի հայ անձնուրաց մարտիկ Վարուժ Խուդաբախշեանին: Նա խորին լռութեան մէջ, մտամոլոր քայլում էր, թէ ո՞ւր էր գնում՝ ինքն էլ չգիտէր:

Բարեւեցի, իր առողջութիւնից հարցրի: Նա սառած աչքերով մի քանի վայրկեան դէմքիս նայելով պատասխանեց.  «Շատ կը ներէք, ձեզ չեմ ճանաչում»: Ինձ ներկայացրի, բայց նորից ասաց. «Շատ կը ներէք ձեզ չեմ ճանաչում»: Նրանից իր բնակարանում հանդիպելու իրաւունք խնդրեցի, նա ընդունեց:

Երեկոյեան նրա տան դուռը թակեցի: Նա դուռը բաց անելով, ինձ ներս հրաւիրեց: Տունը շատ հասարակ եւ փոքր էր: Ներս մտնելով տեսայ, որ նա մենակ է ապրում: Դա երեւում էր նոյնիսկ նրա ապրելակերպից՝ տունը խառը վիճակ ունէր. սեղանի վրայ մի քանի ամսագրեր ու օրաթերթեր. իսկ սեղանի միւս անկիւնում մի քանի ընտանեկան լուսանկարների ալբոմներ էին աչքի ընկնում: Հեռուստացոյցը իր առօրեայ ծրագրերն էր հեռարձակում: Բազմոցի մի անկիւնում դեղորայքի մի մեծ տոպրակ էր երեւում, իսկ սեղանի միւս անկիւնում ջրի շիշ ու բաժակ:

Տեղաւորւեցի բազմոցի վրայ, ինձ ձմերուկ հիւրասիրելով, տան խառը վիճակի համար ներեղութիւն խնդրեց ու ասաց. «Կը ներէք մենակ եմ ապրում, հայրս երկու տարի առաջ մահացաւ»: Եւ յետոյ՝ նստելով կողքիս ասաց. «Ինչպէ՞ս եմ կարող ձեզ օգտակար լինել»:

Խնդրեցի՝ պատմի իր կեանքից, անցեալից, պատերազմի տարիներից եւ ներկայից: Նա մի քանի վայրկեան լուռ, գլուխը իջեցրած մտածելուց յետոյ սկսեց դանդաղ ու հատ-հատ խօսել:

Վարուժ Խուդաբախշեանը ծնւել է 22 փետրւարի, 1968 թ.-ին (1346/12/03) Թեհրանում: Նա պրն. Եղիայի եւ տկն. Ֆարանգիի բազմանդամ ընտանիքի վեցերորդ զաւակն էր: Նրանք հինգ եղբայր եւ երկու քոյր էին՝ Սերոժ, Ռուբիկ, Լուսիկ, Անահիտ, Ռաֆիկ, Վարուժ եւ Վրէժ:

Նրանցից Սերոժը, Ռուբիկը եւ Անահիտը ընտանիքով արտասահման են մեկնել, իսկ Ռաֆիկը, որը նա էլ Իրան-Իրաք պատերազմի վիրաւորւած անձնուրացներից է՝ %30 տուժւածքով, իր ընտանիքով ապրում է Սպահանի մօտակայ Շահինշահր քաղաքում, իսկ կրտսեր եղբայր՝  Վրէժը 2008 թ.-ին մի պատահական միջադէպի հետեւանքով կեանքից հեռացաւ: Վարուժն իր կողքին ունի քրոջը՝ Լուսիկին եւ եղբօրորդի Սասունին: Վերջինս Վարուժի խնամակալութիւնն է յանձն առել:

Վարուժը իր մօրը կորցնում է՝ 2006 թ.-ին (1385), իսկ նրա հայրը 2015 թ.-ին (1394) 91 տարեկան հասակում մենակ թողնելով իր վատառողջ որդուն, կեանքից հեռանում եւ միանում է իր կողակից տկն. Ֆարանգիին: Այդպիսով Վարուժը իրեն լիովին մենակ է տեսնում, նրա միակ յոյսը լինում է իր եղբօրորդի Սասունը եւ իր քոյր Լուսիկը:

Վարուժը իր տարրական ուսումը ստանում է «Արաքս», «Շանթ» եւ «Նոր Անի» ազգային դպրոցներում: Նրան չի յաջողւում իր ուսումը շարունակել, ստիպւած անցնում է աշխատանքի: Սկզբում զբաղւում է աւտոմեքենաների էլեկտրական մասերի (մարտկոց-բատրիների) նորոգմամբ, ապա մետաղագործութեամբ (թեռաշքարի):

Նա զինւորագրւում է՝ 1987 (1365) թ.-ին: Իր զինւորական նախապատրաստման (ամուզեշի) շրջանն անց է կացնում Խոռամաբադ քաղաքում: Յետոյ նրան վիճակւում է ծառայել Դաշթէ Հելալէ եւ Մեհրան ռազմաճակատային շրջաններում: Այդ ժամանակաշրջանում Վարուժին եւ իր վեց զինակից ընկերներին պարտականութիւն է տրւում մեկնել Իրանի Քուրդիստան նահանգի սահմանային հեռաւոր գիւղերից մէկում ծառայելու: Այնտեղ ապրուստի եւ առողջական սկզբնական պայմաններից զուրկ լինելու պատճառով ստիպւած են լինում օգտւել տեղի աղտոտւած ջրերից: Նրանք հեպատիտով են վարակւում ու փոխադրւում՝ Մեհրանի հիւանդոնոց եւ յետոյ Թեհրան:

Վարուժը կորցնում է իր վեց զինակից ընկերներին, բայց ինքը հրաշքով փրկւում է: Բուժւելուց յետոյ վերադառնում է ճակատ: Մի առ ժամանակ, նրանից ոչ մի լուր չի լինում:

Մի գիշեր շատ ուշ ժամի, անսպասելիօրէն տան դուռն է  թակում ու մի ձեռքին ձեռնափայտ, միւսին՝ մի լուսանկար Վարուժը ներս է մտնում: Ինչպէ՞ս եւ ո՞վ էր նրան ուղեկցել, Աստւած գիտէր: Ինքը ոչինչ չէր յիշում: Նրա հիւանդութիւնը վերակրկնւել էր:

Առաւօտեան նրան փոխադրում են ռազմական հիւանդանոց, այնտեղ ռազմաճակատներից բերած  վիրաւորների թւի բարձր լինելու պատճառով մի քանի օրից նա կրկին փոխադրւում է տուն:

Բարեբախտաբար Վարուժենց հարեւանութեամբ ապրում էր տկն. Էմմա անունով մի կին, ով տարիներ հիւանդանոցների վիրաբուժման բաժնում աշխատել էր որպէս փորձառու բուժքոյր: Վարուժի ընտանիքի խնդրանքով, նա սիրով յանձն է առնում վարուժի խնամքը եւ այդ պարտականութիւնը կատարում ամենայն հոգատարութեամբ, մինչեւ նրա լիովին բուժւելը: (Նւիրեալ բուժքոյր Էմմա Յակոբեանը – Շաղուլեան, Իրան-Իրաք պատերազմի հէնց սկզբից կամաւորաբար նետւեց ռազմաճակատի թիկունքային տարբեր կէտեր եւ ամբողջ ութը տարի ծառայեց հիւանդանոցներում, նւիրւելով վիրաւոր զինւորների բուժման շնորհակալ գործին: Եղել է դոկտ. Չամրանին խնամող յատուկ բուժքոյրը՝ նրա վիրաւորւած շրջանում: Էմման ծնւել էր 1938 թ.-ին: Նա պատերազմի աւարտից 21 տարի անց՝ 2010 թ. փետրւարի 18-ին, երկարատեւ հիւանդութեան դիմանալուց յետոյ զոհը դարձաւ՝ պատերազմի օրերի քիմիական գազերի): 

Վարուժը բուժւելուց յետոյ անմիջապէս վերադառնում է բանակ: Նրա ծառայութիւնից արդէն մէկ տարի անցել էր: Դարձեալ երեք ամիս Վարուժից ոչ մի լուր չի լինում:

Նա շարունակում է իր յուշերը պատմել.

- Պատերազմ էր ու յարձակում. երբեմն մեր կողմից, երբեմն էլ թշնամու: Երբեմն մեզ յաջողում էր խորանալ Իրաքի սահմաններից ներս եւ երբեմն էլ նրանց յարձակումներից ստիպւած նահանջում էինք: Այդ նահանջներից մէկումն էր երբ ես տեսայ, որ նահանջողներից յետ եմ մնացել: Թշնամուն այնքան մօտ էի, որ միմեանց շատ պարզ տեսնում էինք ու անդադար կրակում: Ձախ ոտքս թշնամու գնդակից վիրաւորւեց, այդ խառնաշփոթ վիճակում էինք, որ ձայներ բարձրացան. «Քիմիակա՜ն, քիմիակա՜ն...»:

Թշնամու քիմիական զէնքի թիրախ էինք դարձել: Հողի, փոշու եւ մանանեխի գազի մէջ այնպիսի իրարանցումի էինք մատնւել, որ միմեանց  ջոկելը դժւար էր: Ոտքիս վնասւացքի եւ արիւնահոսութեան պատճառով դժւարութեամբ եւ ուշացումով կարողացայ գազից պաշտպանւող դիմակից  օգտւել: Միայն ուժեղ հազում էի, սրտխառնուկ ունէի եւ աչքերից ու քթիցս ջուր էր հոսում: Շրջապատս դժւարութեամբ էի տեսնում: Էլ ոչ մի բան չեմ յիշում: Մեզ փոխադրել էին հիւանդանոց. մանանեխի գազով էինք թունաւորւել...

Քիմիական գազից թունաւորւած Վարուժը հիւանդանոցից արձակւելուց յետոյ դարձեալ բանակ է վերադառնում: Սկզբնական շրջանում Վարուժի առողջական վիճակը շատ էլ վատ չէր ու հիւանդանոց գնալու կարիքը չկար:

Վարուժի ծառայութեան ժամանակաշրջանը 24 ամիս էր: Նա այդքան դժւարութիւններ եւ վնասւացքներ կրելուց յետոյ՝ արժանի էր զօրացրւելու եւ տուն վերադառնալու, սակայն հակառակն է պատահում, նրա ծառայութիւնը երկարաձգւում է 26-ամսով: Նա իր ծառայութեան շրջանը աւարտում է 1988 թ.-ի մայիսին (1367, օրդիբեհեշթ ամսում):

Զօրացրւում է Իլամ քաղաքում եւ վերադառնում՝ Թեհրան իր ընտանիքի մօտ, որտեղ էլ բացւում է նրա կեանքի նոր էջերից մէկը:

Տուն վերադառնալուց յետոյ Վարուժի առողջութիւնը գնալով աւելի է վատանում: Նա երկու անգամ երկարատեւ հիւանդանոց է փոխադրւում բայց ոչ մի օգուտ չի ստանում: Հետզհետէ աւելի է վատթարանում նրա առողջութիւնը եւ կորցնում՝ յիշողութիւնը: Հիւանդանոցի եւ դեղորայքի ծախսերը շատ բարձր էին եւ նրա ընտանիքի ուժերից վեր…:

Նա այժմ յոյսը դրել է իր Աստծու վրայ եւ ապրում է իր յուշերով ու երազանքներով...

Պատերազմի վիրաւորների եւ անձնուրացների համար Բարձրեալից առողջութիւն ու համբերութիւն ենք խնդրում, մաղթելով նրանց տոկունութիւն եւ յաջողութիւններ:

Վարուժը եւ նրա նմանները «քայլող ողջ նահատակներ» են՝ փառքի ու մեծարման արժանի: 

Յարգա'նք նրանց:

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբ

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com