Թեհրանի քաղխորհրդի ներկայացուցիչների այցն Ազգային առաջնորդարան

Շաբաթ դեկտեմբերի 9-ին Թեհրանի քաղխորհրդի հասարակութեան հետ կապերի բաժնի ներկայացուցիչները հիւրընկալւեցին Թեհրանի Հայոց Ազգային Առաջնորդարանում:

Հանդիպմանը ներկայ էին Թեհրանի քաղխորհրդի հասարակութեան հետ կապերի և միջազգային հարցերի գերատեսուչ պրն. Նաղաշը, քաղխորհրդի հասարակութեան հետ կապերի փորձագէտ պրն. Թութունչին, Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի ներկայացուցիչներն ու Յարաբերական մարմնի անդամները:

Հանդիպման սկզբում Թեմական խորհրդի Բ ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը բարի գալուստ մաղթեց հիւրերին և ապա ամփոփ կերպով ներկայացրեց թեմական խորհրդի պարտականութիւններն ու գործունէութիւնը և անդրադարձաւ մասնաւորապէս վերջին ամիսներին մշակութային ու հասարակական բնագաւառներում իրականացւած աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում պրն. Նաղաշն ընդգծելով Թեհրանի հայոց թեմական խորհրդի հետ համագործակցութեան ընդլայնման անհրաժեշտութիւնն, ասաց. «Նոր տարւայ տօների սեմին Թեհրանի քաղխորհուրդը թեհրանահայութեան ու նահատակների ընտանիքների համար ծրագրեր է նախապատրաստում և նպատակ ունի Ամանորի և Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ միջոցառումներ կազմակերպել»:

Հանդիպման ընթացքում ներկաները նախապատրաստւող ծրագրերի ու միջոցառումների շուրջ մտքերի փոխանակում կատարեցին: