Հանդիպում Զէյթուն Քաղաքամասի Ժողովրդի հետ

Երեքշաբթի 13 դեկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 8 - 10։30, բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հանդիպեց քաղաքիս հայահոծ թաղերից՝ Զէյթուն քաղաքամասի մի խումբ բնակիչների հետ, Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու դահլիճում, ընկերակցութեամբ՝ շրջանի ծխատէր քահանայ հայրեր՝ Արժ. Տ. Գուրգէն Ներսիսեանի, Տ. Մեսրոպ Ռատթէոսեանի եւ Տ. Գրիգորիս Ներսիսեանի ու եկեղեցու եկեղեցական խորհրդի։

Հանդիպումը մեկնարկւեց Սրբազան հօր Տէրունական եւ սեղանի օրհնութեան աղօթքով, որից յետոյ հանդէս եկաւ եկեղեցական խորհրդի ատենապետ՝ Տկն. Սեդա Թահմասեանը բարեգալստեան խօսքով։

Սրբազան հայրը իր խօսքի մէջ կարեւորեց հօտ եւ հովիւ սերտ յարաբերութիւնը։ Ապա ողորմածութեան մասին արտայայտւելով յորդորեց թաղման եւ հոգեհանգստեան արարողութիւններում ճոխ սեղանների եւ ծաղկեպսակների փոխարէն գումարը յատկացնել բարեսիրական եւ Աստւածահաճոյ նպատակների համար, որի մասին Սրբազան հայրը նաեւ թողարկել է «Սիրոյ կոչ իմ ժողովրդին» գրքոյկում, որի մէջ Աւետարանական մէջբերումներում բացատրւում է յիշեալ պարագան։

Հանդիպման երկրորդ բաժնում Սրբազան հօր եւ ժողովրդի միջեւ տեղի ունեցաւ խորհրդակցական զրոյց համայնքը յուզող խնդիրների շուրջ, ընթացքին նաեւ տեղի ունեցաւ ընդունելութիւն։

Սրբազան հայրը վերջում գնահատելով ժողովրդի ներկայութիւնը եւ բուռն մասնակցութիւնը յոյս յայտնեց, որ ժողովուրդը աւելի մասնակցութիւն կը բերի համայնքային եւ Առաջնորդարանի լսարաններին։