Զօրավար Եազդին այցելեց հայ նահատակների ընտանիքներին

Մեծ Թեհրանի պահակազօրի հրամանատար՝ զօրավար Եազդին, Թեհրանի պահակազօրի մի խումբ պատասխանատուների ընկերակցութեամբ, Նոր տարւայ սեմին այցելեց հայ նահատակներ՝ Ռազմիկ Խաչատրեանի և Նորիկ Բաբախանեանի հարազատներին:

Հանդիպմանը, որին ներկայ էին նահատակների ծնողներն ու ազգականները, զօրավար Եազդին մեծարեց միաստւածային կրօնների, մասնաւորապէս իրանահայութեան նահատակներին և ընդգծեց, որ նրանց նահատակութիւնը խորացրել է Իրանի ժողովրդի միասնականութիւնն ու սրտակցութիւնը:

Այս այցելութիւններին ներկայ էին նաեւ Թեհրանի Հայոց Թեմի ատենապետ՝ Ռոբերտ Բեգլարեանը, Տէր Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, Տէր Վրթանէս քհնյ. Բաբախանեանը եւ իրանահայութեան սրբազան պաշտպանութեան արժէքների պահպանման յանձնախմբի անդամ՝ Արտաշէս Իսկանդարեանը:

Նահատակ Ռազմիկ Խաչատրեանը ծնւել է 1965 թւականին՝ Թեհրանում: Տարրական ուսումն ստացել է Թեհրանի հայոց ազգային «Նայիրի» դպրոցում: Կիսատ թողնելով ուսումը անցնում է աշխատանքի եւ վարպետանում է ինքնաշարժի էլեկտրականութեան եւ մարտկոցի նորոգութեան բնագաւառում: Նա Ներսէս և Սիրանոյշ Խաչատրեանների որդին է և ունի երկու քոյր եւ մի եղբայր:

Զինւորական ծառայութեան տարիքին հասնելով շատ հայ երիտասարդների նման քաղաքացիական պարտք զգալով եւ նկատի առնելով ԻԻՀ-ի չափազանց զգայուն պայմանները իրանական 1365 թւականին (1986) մեկնում է զինւորական ծառայութեան: Զինւորական ծառայութեան վարժութիւնների շրջանն անց է կացնում Թեհրանում և ապա գործուղւում է Խուզեստան նահանգի պատերազմական գօտում՝ Ահւազի եւ Օմիդիէյի միջեւ գտնւող զօրանոցը և 23 ամիս ծառայում է այդտեղ: Օմիդիէյի եւ Ահւազի միջեւ գործուղման ժամանակ դաժան թշնամու արձակած գնդակից ծանրօրէն վիրաւորւում ու հայրենիքի պաշտպանութեան ճամբին նահատակւում է հիւանդանոցում:

Նահատակ Նորիկ Բաբախանեանը ծնւել է 1963 թւականին՝ Թեհրանում: Ունի 4 եղբայր եւ մէկ քոյր: Տարրական ուսումն ստացել է Թեհրանի հայոց ազգային «Սահակեան» դպրոցում: Աւարտելով «Քուշէշ-Մարիամեան» հայոց միջնակարգ դպրոցի ուսողութեան ճիւղը, 1986 թւականի օգոստոսի 9-ին մեկնեց զինւորական ծառայութեան և 22 ամիս ծառայելուց յետոյ 1988 թւականի յունիսի 3-ին նահատակւեց «Էյնէ Խոշ»-ի ճակատում:

Նորիկը լիովին գիտակցելով Իրանին ու հայրենիքին ծառայելու նշանակութիւնը, մեկնեց զինւորական ծառայութեան և պատրաստ էր ցանկացած անձնազոհութեան: Ծառայութեան շրջանում իր զինւորական պարտականութիւններից բացի, նիւթապէս էլ նեցուկ էր հանդիսանում ճակատներին: