Դոկտ. Ռոհանին այցելել է նահատակներ Էդւին Շահմիրեանի եւ Ժորժ Քեշիշ Յարութիւնեանի ընտանիքներին

Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդի եւ Ամանորի առիթով Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այցելել է հայ նահատակներ Էդւին Շահմիրեանի եւ Ժորժ Քեշիշ Յարութիւնեանների ընտանիքներին:

Մտերմիկ հանդիպումների ընթացքում Հանրապետութեան նախագահը նշել է, որ նման այցերը երկրի պաշտօնեաների պարտականութիւնն է, եւ այն նւազագոյնը, որ նրանք պարտաւոր են կատարել նահատակների ընտանիքների նկատմամբ:

Նա նշել է, որ Իրանի ժողովուրդը, Մոհամմադ մարգարէի կողքին մեծ յարգանքով է վերաբերւում Յիսուս Քրիստոսի եւ Աստւածային այլ մարգարէների նկատմամբ:

Անդրադառնալով Իրանահայութեանը, դոկտ. Ռոհանին ընդգծել է, որ Իրանի ժողովուրդն իրենց հայ հայրենակիցներին համարում են հաւատարիմ, աշխատասէր, ճշտապահ, ազնիւ ու հայրենասէր քաղաքացիներ: Այդ պատճառով էլ իրանահայութիւնը մշտապէս իր իւրայատուկ տեղն է ունեցել Իրանի ազնիւ ժողովրդի մօտ՝ վայելելով նրանց սէրն ու յարգանքը:

Հանրապետութեան նախագահը նշել է, որ Իրանում բոլոր ազգութիւնների ներկայացուցիչներն ու Աստւածային կրօնների հետեւորդներն ուրախութեան, կամ տխրութեան պահին կանգնած են եղել կողք-կողքի: Նա ընդգծել է, որ այդպէս է եւս այսօր, այդպէս է լինելու նաեւ ապագայում:

Խօսելով Մերձաւոր Արեւելքում քրիստոնեաների վիճակի մասին, դոկտ. Ռոհանին նշել է, որ մուսուլմաններին հաւասար, քրիստոնեաները եւս Իրաքում, Սիրիայում եւ Լիբանանում մեծապէս տուժել են ահաբեկիչների գործողութիւններից: Ըստ նրա՝ նման իրավիճակը երկու կրօնների հետեւորդների ճակատագրերը միմեանց է շաղկապել՝ նրանց ստիպելով օգնել միմեանց:

Երկու հանդիպումների աւարտին Հանրապետութեան նախագահը յուշանւէրներ է յանձնել նահատակների ընտանիքներին:

Հանդիպումներին դոկտ. Ռոհանիին ընկերակցել է Նահատակների հիմնարկի տնօրէն հոջ. Շահիդին:

Նշենք, որ Էդւին Շահմիրեանը զոհւել է 1366 թւականին Մէյմաքում, իսկ Ժորժ Քեշիշ Յարութիւնեանը՝ 1367 թւականին Գիլան-է Ղարբում:

Լուրը քաղւեց «Ալիք«-ի կայքէջից