ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՔԱՂԱՔԱՄԱՍԻ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ

Երեքշաբթի, 26 դեկտեմբեր 2017-ի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Թեհրանի եկեղեցիների ծխական ժողովրդի հետ հանդիպելու շարանում, հանդիպեց Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցու ծխական ժողովրդի հետ։

Հանդիպման ներկայ էին ծուխի հոգևոր հովիւ՝ Արժ. Տ.  Մաշտոց Քհնյ. Խաչատրեանը, շրջանի պատգամաւորները, եկեղեցական խորհրդի անդամները, եկեղեցու բարերարներից պրն. Սամուէլ Առաքելեանը և նկատառելի թիւ հաւատացեալ ժողովրդից։

Եկեղեցական Խորհրդի ատենադպիր՝ տկն. Ալենուշ Բաղդասարեանը, բարի գալուստ մաղթեց և շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրն իր այս նախաձեռնութեան համար:

Այնուհետև Սրբազան Հայրը նախ ողջունեց բոլորին, բացատրեց իր այս հանդիպման հիմնական նպատակը, որ ուրիշ բան չէ եթէ ոչ մօտկից կապ պահել իր ժողովրդի հետ, լսել նրանց և զրուցել նրանց հետ:

Ներկաներն անկեղծօրէն արտայայտւեցին ընդհանրապէս իրենց դիմագրաււած որոշ դժւարութիւնների մասին և հարց տւին թէ ինչպէս կարելի է մեր կեանքը փոխել և ապրել աւետարանական ճշմարտութիւններին համապատասխանող կեանք:

Ներկաներից ոմանք անկեղծօրէն արտայայտւեցին և դրական և ժխտական երևոյթների, թմրամոլութեան և հայոց դպրոցների դժւարութիւնների մասին:

Այս մտերմիկ և անկեղծ հանդիպումը տևեց շուրջ 2 ժամ: 

Նոյն օրը համընկնում էր Սրբազան Հօր Թեհրան ժամանելու 18-ամեակին: Նոյն առիթով եկեղեցու խորհուրդը մի ծաղկեկողով նւիրելով Սրբազան Հօրը, շնորհաւորեց և շնորհակալութիւն յայտնեց իր տարած բոլոր աշխատանքների համար: