Դպրոցաշէն բարերարների մեծարման ծրագիր՝ «Մարի Մանուկեան» միջնակարգ դպրոցում

Դպրոցաշէն բարերարների մեծարման շաբաթւայ առիթով, շաբաթ, դեկտեմբերի 19-ի առաւօտեան, Թեհրանի հայոց ազգ. «Մ. Մանուկեան» աղջ. Միջնակարգ դպրոցում կազմակերպւեց իւրայատուկ մեծարման հանդիսութիւն:

Ծրագրին մասնակցեցին Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դկտր. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ պրն. Սևան Դանիէլեանը և մի շարք բարերարներ: Մասնակցեցին նաև Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան եւ ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի պատասխանատուները, այդ թւում նաև Դպրոցաշէն բարերարների կենտրոնի տնօրէնը:

Նախ, Սրբազան Հօր ձեռամբ, կատարւեց դպրոցի նորոգւած դահլիճի բացման արարողութիւնը: 

Ծրագիրը մեկնարկւեց Տէրունական Աղօթքով եւ Իրանի պետական հիմնով:

Դպրոցի տեսչուհի՝ տկն. Սալիմիի արտայայտութիւնից յետոյ, հերթաբար արտայայտւեցին նաև ուսումնադաստիարակչութեան քննչական կենտրոնի տնօրէն՝ դկտր. Էմադին և պատգամաւոր՝ դկտր. Կարէն Խանլարեանը:

Ապա ցուցադրւեց տեսաֆիլմ դպրոցի պատմական տւեալների մասին, որում ներկայացւեց նաև դպրոցի հիմնադիր՝ Ալէք Մանուկեանի կենսագրական տւեալները:

Գեղարւեստական ծրագրում հանդէս եկան հաշւապահական ճիւղի աշակերտուհիները, 2  երգերի կատարոմով, նաև Նարէ Նազարեանը, որ ասմունքեց Յովհաննէս Շիրազի «Գործով ձգտիր գագաթին» բանաստեղծութիւնը:

Ապա դահլիճի յուշատախտակի պաշտօնական բացումը կատարեց Թ. Հ. Թեմի բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի դպրոցաշէն բարերարների կենտրոնի պատասխանատու՝ պրն. Ալիռեզա Ալի Աքբարիի արտայայտութիւնից յետոյ յուշանւէրներ յանձնւեցին դպրոցաշէն հայ բարերարներին:

Ապա բեմ հրաւիրւեց Սրբազան Հայրը, օրւայ առիթով իր հայրական խօսքը ուղղելու ներկաներին:

Վերջում արտայայտւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան Գիտութիւնների Ակադեմիայի Մատեմատիկայի Մասնաճիւղի Տնօրէն՝ (رئیس فرهنگستان ریاضی کشور) Դկտր. Մկրտիչ Թումանեանը:

Ծրագիրը վարում էր Հայրիկ Աղանեանը: