ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԽՈՐՀՈՒՐԴ ԾՆՆԴԵԱՆ

«Որովհետեւ մեզ համար մանուկ ծնւեց,

մի որդի տրւեց մեզ, որի իշխանութիւնը իր ուսերի վրայ պիտի լինի։

Նա պիտի կոչւի մեծ խորհուրդ հրեշտակ,

սքանչելի խորհրդակից, Աստւած հզօր, Իշխան, հայր հանդերձեալ աշխարհի»։ (Ես. 9։6)

Տագնապահար, միջազգայնօրէն շփոթահար ու լարւած մի ժամանակահատւածում հրապարակ եկած, հրաշունչ մարգարէն՝ Եսայի, իր բոցաշունչ պատգամներով, մի կողմից պախարակում է հին ուխտի ժողովրդին, որ իր աշխարհիկ ղեկավարութեան կեանքի օրինակով հետամուտ է աշխարհայնին ու ժամանակաւորին եւ միւս կողմից էլ կոչ է անում նրան հաւատալ Աստծուն եւ չկորցնել իր վստահութիւնը Աստծու խոստումների նկատմամբ, յիշեցնելով նրանց Աստծու խօսքը.- «Այն ժողովուրդը, որն ընթանում էր խաւարի միջով, տեսաւ մեծ լոյսը. ձեզ համար էլ, որ բնակւում էք աշխարհում եւ մահւան ստւերների մէջ լոյս պիտի ծագի» (Ես. 9.2)։

Մարգարէն ուղեկորոյս ժողովրդին իր մարգարէական յայտնատեսութեամբ աւետում է ծնունդը մի մանկան, որը լինելու էր «Աստւած հզօր, իշխան, հայր հանդերձեալ աշխարհի»։ Հզօրութիւնը նորածին իշխանի սակայն նիւթական ու աշխարհիկ ուժի մէջ չէր, այլ սիրոյ ու խաղաղութեան, այլեւ հաճութեան մէջ էր, դրա համար էր որ երկնային հրեշտակն երկնային զօրքերի հետ միասին, ծնեալ փրկչի խորախորհուրդ ծննդեան գիշերը, օրհնաբանեցին Աստծուն երգելով.

«Փա՜ռք Աստծուն բարձունքներում,

Խաղաղութի՜ւն երկրի վրայ

եւ հաճութի՜ւն մարդկանց միջեւ»

Խաղաղութեան իշխանին ծնունդը տեղի ունեցաւ մարդկայնօրէն ամէնից համեստ ու խոնարհ պայմաններում։ Մի քարայրում, անբան անասունների նայւածքին ներքեւ։ Համեստ ու խոնարհ պայմաններում աշխարհ եկած մանուկը եղաւ համակ սէր ու հաճութիւն արտայայտւած կեանքով ու գործով։ Նա ծնւեց Բեթղեհէմ՝ հացի տուն քաղաքում, որպէսզի լինէր աշխարհի համար կենսատու հաց։ Նա եկաւ մեզ կեանք տալու «Ես եկայ, որպէսզի կեանք ունենան, եւ կեանքը լինի առաւել լեցուն»(Ղկ. 10.10)։ Նա եկաւ աշխարհը ջերմացնելու իր սիրով, սիրոյ ճառագայթներով։ Չեկաւ իշխելու, տիրելու, այլ՝ սնուցանելու եւ ծառայելու։ Եկաւ խաւարում քալող ժողովրդին Լոյս լինելու, նրա կեանքի խաւարը փարատելու, եւ առաջնորդելու Լոյսին, այլ խօսքով Աշխարհի Արարչին։

Քրիստոսի հրաշափառ Ծնունդը մարդկային պատմութեան իբրեւ մեծագոյն դէպք, յեղաշրջեց ողջ կեանքը մարդկային ընկերութեան, այն պատւանդանելով սիրոյ եւ խաղաղութեան ազնւագոյն զգացումների վրայ։ Սէր որն սփոփում, մխիթարում եւ զօրացնում է իրական հաւատացեալին. սէր որ «Մարդկանց հաղորդակից է անում միմեանց՝ իրար նկատմամբ գթասիրտ ու ողորմած դարձնելով նրանց»(Փլ. 2.1)։

Աստւածայայտնութիւնը Քրիստոսի մեծ ու բարեկարգող յեղաշրջում էր պատմութեան մէջ, որով աշխարհը ողողւեց աստւածային լոյսով, աւետարանական բացատրութեամբ, Քրիստոսով ստեղծւեց ամէն ինչ. «Նրանով կեանքը սկիզբ առաւ եւ այդ կեանքը մարդկանց համար լոյսն է»(Յհ. 1.4)։ Հետագային Քրիստոս իքն եւս իրեն համար պիտի ասէր.«Ես եմ աշխարհի լոյսը։ Ով որ ինձ հետեւի, խաւարի մէջ չի քայլի, այլ կ՛ունենայ այն լոյսը, որ առաջնորդում է դէպի կեանք»(Յհ. 8.12)։

Քրիստոսի հրաշափառ ծնունդը է՛ նաեւ աղբիւրը ցնծութեան, ուրախութեան. երկնային հրեշտակը հովիւներին աւետում է ասելով.«Մի՛ վախեցէ՛ք, ես մի աւետիս եմ տալու ձեզ, որ մեծ ուրախութիւն պիտի պատճառի ամբողջ ժողովրդին, այսօր Դաւթի քաղաքում ծնւեց ձեր փրկիչը, որ Օծեալ Տէրն է»(Ղկ. 2.10-11)։

Սիրոյ ու խաղաղութեան իշխանը լուսաւորեց աշխարհը նրան կենսաւորելով ուրախութեան ու ցնծութեան ապրումներով։ Քրիստոսի առաքեալներն ու հետագային իրենց հետեւորդները եղան տարածիչները այդ սիրոյ, խաղաղութեան եւ աստւածային լոյսին։

Լոյսը խաւարը փարատում է, սէրը՝ քինախնդրութիւնն ու ատելութիւնը վանում է ու մարդ էակին բիւրեղացնում, որով նա կը կարողանայ իր նմանին սիրել իր անձի պէս, աղքատին ու կարիքաւորին զօրակցել ու կարեկցել եւ լինել ՛՛ Բարի Սամարացի ՛՛ իր շրջապատում։

Դարերով քրիստոնեայ մարդը Լոյսով պայծառացած իր ողջ կեանքով ու ստեղծագործութեամբ փառաբանեց Քրիստոսի հրաշափառ ծնունդն ու Աստւածայայտնութիւնը։

Այսօր, մեր հայրերի այդ կեանքը, օրինակ է լինելու մեզ, որպէսզի այսօրւայ տագնապներով ու աշխարհայնութեամբ, աներեւակայելի փոփոխութիւններով ողողւած աշխարհում կարողանանք վկաները լինել սիրոյ, խաղաղութեան, հաւատքի ու յոյսի կեանքին։ Մարդ էակի կեանքը ոգեղինանում ու պայծառանում է հաւատքի, յոյսի ու սիրոյ առաքինութիւններով, սէ՛ր որ մարդս կապում է իր նմանին, հաւա՛տք որով նա իր վստահութիւնն ու համոզումը առ Աստւած կենսաւորում եւ յո՛յս, որով նաեւ իր նայւածքը միշտ յառած է պահում իր Փրկչի իրեն խոստացած Արքայութեան։

Քրիստոնեան առաքելութիւն ունի եւ այդ առաքելութիւնը ուրիշ բան չէ եթէ ոչ հաւատարմութիւն աւետարանական ճշմարտութիւնների հանդէպ։

Մեր ժողովուրդը անցեալ 2000 տարիներին, աստւածային լոյսով լուսաւորւած կեանքով ու հոգե-մտաւոր ստեղծագործութիւններով վկայեց Քրիստոսի Ս. Ծննդեան խորհուրդին. այդ խորհրդից ճառագայթող սէրը միախառնած հաւատքի իր կեանքին, եղաւ կենսատու կաղնի, որի արմատներին կառչած սերունդները պահեցին իրենց եկեղեցին ու հայրենիքը եւ նրանց կապւած հոգեւոր-ազգային սրբութիւններն ու աւանդութիւնները։ Հայրենասիրական ու ազատագրական վառ ապրումների խորհուրդով լի հայը Մայիսեան յաղթանակներով կերտեց Հայաստանի անկախութիւնն ու պետականութեան վերականգնումը, որի հարիւրամեակը տօնելու ենք ազգովին յառաջիկայ ամիսներին։

Այսօր որեւէ մէկ ժամանակից աւելի անհրաժեշտ է վերանորոգ հաւատքով լիցքաւորւելու ծննդեան սիրոյ ու խաղաղութեան պատգամով։ Քրիստոսի՝ այսինքն սիրոյ եւ խաղաղութեան Իշխանի ծննդավայր Բեթղեհէմն ու շրջակայքը փոթորկալից վիճակում են, Միացեալ Նահանգների նախագահի տխրահռչակ այն որոշումի պատճառով, որով նա իր երկրի դեսպանատունը Թել-Աւիվից Երուսաղէմ փոխադրելու որոշում է կայացրել։ Անարդար եւ ճակատագրական որոշում, որը անտեսում է Պաղեստինցի ժողովրդի պատմական իրաւունքները։ Մենք սիրում ենք հաւատալ, որ իր իրաւունքների ամբողջական գիտակցութեամբ ապրող ու պայքարող արի ու քաջ պաղեստինցի ժողովուրդը պիտի կարողանայ մի օր վերատիրանալ իր իրաւունքներին։

Տօնական այս օրերին աղօթենք աշխարհի խաղաղութեան համար, յատկապէս խռովեալ Միջին Արեւելքի, Պաղեստինի, Իրանի, Հայաստանի եւ Արցախի համար։ Սէրն ու արդարութիւնն են բանալին իրական խաղաղութեան եւ խաղաղացեալ կեանքի։

Որպէս զաւակները Հայաստանեայց եկեղեցու կոչւած ենք տօնական այս օրերին իմաստութեամբ գործելու եւ տնօրինելու մեր կեանքը։ Քրիստոնէական մեր հասկացողութեամբ իրական սէրը այն է, որ մարդ ինքն իրենից, ինչ որ բան տայ կարօտեալին, կարիքաւորին։ Յիշենք Աստւածաշունչի խօսքը.«Սիրի՛ր քո ընկերոջը ինչպէս ինքդ քեզ»։ Հարկ է շրջահայեաց լինել եւ խոհուն քայլերով ընթանալ դիտելով մեր շրջապատը, որտեղ գտնում ենք մեր զօրակցութեան, նիւթական եւ բարոյական օժանդակութեան կարիք ունեցող հայրենակիցներ։ Աստւածորդու ծնունդը խորհրդանշւում է նաեւ տալով, նւիրաբերելով եւ մեր նմանները ուրախացնելու ազնիւ արարքներով։

Այս խոհերով միմեանց ողջունենք եւ աղօթենք միմեանց համար հայցելով Կեանքի Աղբիւրից՝ Աստծուց սիրով, հաւատքով ու յոյսով լեցուն կեանք։ Թող խաղաղութեան իշխանը իր օրհնաբեր ծնունդով սիրով եւ օրհնութեամբ պարուրէ ողջ աշխարհը, հայոց եկեղեցին իր հաւատացեալներով եւ Հայաստան աշխարհն ու անկախ Արցախը եւ հայասփիւռքը իր հոգեւոր ու աշխարհիկ ղեկավարութեամբ։

Քրիստոսի սիրով վերածնւած ու վերանորոգւած միմեանց շնորհաւորենք ասելով.- Շնորհաւոր նոր տարի եւ Ս. Ծնունդ

Քրիստոս Ծնաւ եւ յայտնեցաւ

Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս, Ամէն.

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com