Հոգեւորական-աշակերտական Հանդիպում Դպրոցներում

Շարունակելով Հոգևորական-աշակերտական Հանդիպումները Հայոց դպրոցներում, սոյն թւականի չորեքշաբթի յունւար 31-ին տեղի ունեցաւ հոգևորական-աշակերտական հանդիպում Մարիամ հաստատութեան տղայոց և օրիորդաց բաժանմունքների աշակերտ-ուհիների հետ։

Հիւրաբար ժամանած Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանին ընկերակցեցին յանձնախմբի Քահանայ հայր՝ Արժ. Տէր Արիստակէս Շամիրեանը, քրիստոնէական բաժանմունքի վարիչը և յանձնախմբի միւս անդամները։

Ինչպէս նախորդ դպրոցների, Մարիամ հաստատութեան տարրական օղակի աշակերտ-ուհիները նոյնպէս հոգևոր թէմայով կազմակերպել էին նկարչութեան և ձեռքի աշխատանքի ցուցահանդէս։

Մարիամ հաստատութիւնում բարի գալստի խօսք ուղղեց առաքինազարդ քոյր՝ Մարիէտ Թադէոսեանը, հանդիպմանը ներկայ էին նաև փոխտեսչուհի Տկն. Էլւին Շիրւանեանը և փոխտեսուչ Արա Աւետեանը։ Հանդիպմանը, Հայր սուրբն աշակերտութեան հետ զրուցեց Աստծու գոյութեան, Նրա անկեղծ սիրոյ և Աստւածաշնչի ընթերցման կարևորութեան վերաբերեալ։ Աշակերտները նոյնպէս Հայր սուրբին ուղղեցին իրենց հարցերը և ստացան գոհացուցիչ պատասխաններ։

Տկն. Արմենուհի Սինանեանի գլխաւորութեամբ տարր. Ա. դասարանի աշակերտները հոգևոր երգերի շարանից երգեցին (( Սէր, սէր, սէր )), (( Յանուն Հօր, և Որդւոյ և Հոգւոյն , Սրբոյ ամէն)) և (( Տէրը բարի է )) երգերը։ Ապա գնահատւեցին գրքի ցուցահանդէսի վերաբերեալ շարադրութեան մրցութիւն շահող տարր. Բ. օղակի 6-րորդ դասարանցիներ՝ Սերա Հայրապետեանը, Լինա Ղադիմեան և Թելմին Նազարեանը իսկ միջն. Ա. օղակի 7-րորդ դասարանցիներ՝ Ալին Փիազաքը և Սելին Ռոստամին։

Հայր սուրբը և յանձնախմբի անդամները, քոյր Մարիէտի և քոյր Մարգարիտի գլխաւորութեամբ այցելեցին դպրոցին կից Սուրբ Յովսէփ Կաթողիկէ եկեղեցին։

Գնահատելի էր նաև դպրոցի ծնողական խորհրդի ցուցաբերած համագործակցութիւնը։

Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախումբ