Չորեքշաբթի 14 փետրւարի 2018-ի կէսօրին, Զէյթուն քաղաքամասի հայ անձնուրացները, Հ. Մ.Մ. Նայիրի Միութեան վարչութեան հրաւէրով, ներկայ գտնւեցին միութեան Սուքերեան սրահում և մասնակցեցին Իրանի Իսլամական Յեղափոխոութեան յաղթանակի 39-րդ տարելիցի առիթով կազմակերպւած ճաշկերոյթին:
Ծրագրին ներկայ էին նաև Զէյթուն քաղաքամասի քաղաքապետարանի և այլ հաստատութիւնների պաշտօնական անձիք:
Ծրագիրը մեկնարկւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմներգով: Ապա Արժ. Տ. Մեսրոպ քհն. Ռաթէոսեանի միջոցով կատարւեց Տէրունական աղօթքը և սեղանի օրհնութիւնը:
Օրւայ յաղորդավարը, բարի գալստեան խօսքերից յետոյ և շնորհաւորելով Ի.Ի. Յեղափոխութեան 39-երորդ տարեդարձը, ամփոփ բացատրութիւններով ներկաներին ներկայացրեց իրանահայութեան դերը՝ Իրանի Իսլամական յեղափոխութեան և ութամեայ պատերամի ընթացքին:
Նա ներկայացնելով նաև թաղի անձնուրացներին, շնորհակալական խօսքերով, քաջալերեց նրանց:
Վերջում քահանայ հայրն իր օրհնութիւնը տալով բոլորին, շնորհաւորեց 22 բահմանի տօնակատարութիւնը և մաղթեց բոլոր իրանցիներին նորանոր յաջողութիւններ երկրի յառաջադիմութեան և բարկաւաճման ճանապարհին:
ԻՐԱՆ - ԻՐԱՔ ՊԱՐՏԱԴՐԵԱԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՅ ԱՆՁՆՈՒՐԱՑՆԵՐԻ ԱՐԺԷՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ