Թեհրանի Եկեղեցիների Եկեղեցական Խորհուրդների Համագումար

Թւականիս ուրբաթ 16 փետրւարի յետմիջորէի ժամը 4:00-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների համագումարը, հովանաւորութեամբ և նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ու կազմակերպութեամբ՝ Թեմի Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի:

Համագումարին ներկայ էին Թեհրանում գտնւող բոլոր եկեղեցիների եկեղեցական խորհուրդների անդամները: Առաջնորդ Սրբազան Հօր կողքից ներկայ էին նաև Առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանն ու Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ներկայացուցիչ և եկեղեցական խորհուրդների կապ՝ պրն. Հարմիկ Աւետեանը:

Համագումարն սկսւեց «Տէրունական» աղօթքով և «Զգործս ձեռաց» մաղթանքով: Բարի գալուստի խօսքով հանդէս եկաւ Առաջնորդական փոխանորդ Սրբազան Հայրը, որը ողջունելով ներկաներին, ընդհանուր գծերի մէջ անդրադարձաւ համագումարի նպատակի մասին, որը կրում էր «Իւրաքանչիւրս Աստծուց ընտրւած տնտեսներ ենք» թեման և ներկայացնելով ծրագրի հերթականութիւնը, հրաւիրեց Առաջնորդ Սրբազան Հօրը, որ կատարի օրւայ Աստւածաշնչական հատւածի սերտողութիւնը, որ քաղւած էր Ղուկասի Աւետարանից (ղկ 16.1-13) և խօսում էր տնտեսի առակի մասին:

Նախ ամփոփ անդրադառնալով մեր եկեղեցու Մեծ Պահոց ժամանակագրութեան մասին, Ս. Գրային Սերտողութեան ճամբով, Սրբազան Հայրը մասնաւորեց ու շեշտեց իւրաքանչիւրի դերակատարութիւնը, յանձն առած պաշտօնի ու պարտականութեան կարևուրութինը, ինչպէս նաև առանձնացրեց ու կարևորութեամբ մատնանշեց ճանաչողութիւնը յանձն առած պարտականութեան և պաշտօնին, որը առանցքն է կազմում որևէ առաքելութեան յաջողութեան: Նա իր ներկայացման մէջ յիշեցրեց ներկաներին, որ եկեղեցական խորհուրդները, որպէս մէկ ընտանիքի անդամներ հաւաքականօրէն պէտք է աշխատեն և համայնական շահը հետապնդեն միշտ իրենց ես-ը դէն գցելով՝ իբրև լոյսի որդիներ իրենց հայեացքն ուղղելով Քրիստոսին ու Նրա աստւածային պատւիրանների լոյսի տակ առաջնորդւեն:

Աւետարանական սերտողութեան աւարտին տեղի ունեցաւ մտածումների փոխանակում և հարց-պատասխան զրոյց: Ապա կէս ժամ դադար-հիւրասիրութիւնից յետոյ սկսւեց համագումարրի երկրորդ բաժինը, որտեղ ներկայացւեց մի դասախօսութիւն «Եկեղեցական Խորհուրդների Առաքելուիւթիւնը» խորագրով, ձեռամբ՝ Թեհրանի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի:

Այստեղ Սրբազան Հայրը խօսելուց յետոյ, եկեղեցու Աստւածամարդկային կառոյց լինելու մասին և ակնարկելով նրա բոլորիս սեփականութիւնը լինելուն, յիշեցրեց, որ մեր բոլորի պարտականութիւնն է, որպէս առաքելութիւն Քրիստոսի մեզ յանձնած աշխատանքը շարունակել: Թէև շատ ծանր է մեր աշխատանքը, բայց որպէս քաղցր լուծ կրելու ենք և անձնուրացութեամբ հետևելու ենք մեր Փրկչին և օրինակւելու իրենից:

Նա խօսեց կատարւած աշխատանքի սիրով ու հաւատով զսպանակւած լինելու մասին, ինչպէս նաև շեշտեց հաւատարմութեան և հաշւետւութեան գիտակցութեամբ:

Սրբազան Հայրը խօսեց պարբերաբար մեր անձերը, գործը և աշխատանքը վերատեսութեան ենթարկելու մասին և մանաւանդ՝ եկեղեցու ներքին կեանքը բարելաւելու յետամուտ լինելու պատրաստակամութեան մասին:

Աւարտին տեղի ունեցան քննարկում, աշխատանքների արժևորում և առաջադրանքներ:

Համագումարն աւարտւեց գիշերւայ ժամը 8:30-ին:

Թեմի Քրիստոնէական Դաստիարակութեան բաժանմունք