Մեծարանքի եւ գնահատանքի երեկոյ նւիրւած ազգային-հասարակական գործիչ եւ վաստակաւոր ճարտարապետ Վարուժան Առաքելեանին

Մեծարանքի եւ գնահատանքի երեկոյ նւիրւած ազգային-հասարակական գործիչ եւ վաստակաւոր ճարտարապետ Վարուժան Առաքելեանին, մարդ, որի ֆինանսական ու աշխատանքային ջանքերի շնորհիւ հնարաւոր դարձաւ ոչնչացումից փրկել Իրանի Ատրպատական նահանգում գտնւող պատմական Ծործորի վանքը:

Ահաւասիկ նման անհատի, գաղափարական ընկերոջ, ազգային-հասարակական գործչի եւ մասնագէտ ճարտարապետի պատւին, երէկ, երեկոյեան փետրւարի 16-ին իրականացւեց մեծարանքի երեկոյ նախաձեռնութեամբ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան, «Արարատ»-ի կենտրոնատեղի «Կոմիտաս» սրահում:

Յոբելեարին եկել էին մեծարելու ոչ միայն իր միութենական ու գաղափարական ընկերները, այլեւ Հայաստանի եւ Իրանի մասշտաբով ճանաչւած մասնագէտներ:

Ծրագիրը յագեցած էր յոբելեարի կենսագրական գծերը ներկայացնող տեսաֆիլմի ցուցադրութեամբ, ելոյթներով, գեղարւեստական կատարումներով, շքանշանների ու գնահատագրերի տւչութեամբ եւ ուղերձների ընթերցմամբ:

Ելոյթներ, որոնցից իւրաքանչիւրը վեր էին հանում Վարուժան Առաքելեանի անհատական, գաղափարական ու մասնագիտական ունակութիւնները: Ծրագրին ելոյթներով հանդէս եկան Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ ճրտգ. Գէորգ Վարդանը, Իրանի պատմական եկեղեցիների պահպանման կենտրոնի տնօրէն՝ ճրտպ. Շեռլի Աւետեանը, Հայաստանի ճարտարապետական ազգային հիմնադրամի տնօրէն ճրտպ. Աշոտ Գրիգորեանը, Հայաստանի «Էրեբունի» թանգարանի տնօրէն եւ «ԻԿՈՄՈՍ»-ի Հայաստանի կոմիտէի նախագահ ճրտպ. Գագիկ Գուրջեանը, «Ալիք» օրաթերթի արտօնատէր ճրտգ. Ալբերտ Աճեմեանը, Իրանի պատմական եկեղեցիների պահպանման կենտրոնի խորհրդատու ճրտպ. Թաղիզադէն, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, ինքը յոբելեարը եւ կազմակերպիչ յանձնախմբի անունից Հենրիկ Խալոյեանը եւ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանը առընթեր քաղաքաշինութեան պետական կոմիտէի Ալեքսանդր Թամանեանի անւան ճարտարապետութեան ազգային թանգարանի կողմից Արմէն Մինասեանը:

Օրւայ հաղորդավարն էր՝ Արտոյտ Զոհրաբեանը:

Գեղարւեստական բաժնում ելոյթներով հանդէս եկան մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարութեամբ «Օհանեան» լարային նւագախումբը, երգեցողութեամբ մայեստրօ Ռազմիկ Օհանեանի, նաեւ մենակատարներ Մեղեդի Նազարեանը եւ Իրինա Մելիքեանը առանձին եւ միասնաբար ելոյթներ կատարեցին Տիգրան Մեսրոպեանի դաշնամուրի ընկերակցութեամբ, նաեւ յոբելեարի 10-ամեայ թոռնիկ Վարդան Առաքելեանը հանդէս եկաւ դաշնամուրային կատարումով: Իրանի Հայ ճարտարապետների եւ ճարտարագէտների միութեան գնահատագիրը յոբելեարին յանձնւեց միութեան նախագահ Վարուժան Եդգարեանի միջոցով:

Ծրագրի աւարտին ընթերցւեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի յղած ուղերձները:

Լուրը քաղւած է «Ալիք» օրաթերթից