Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իսկանդար Իսկանդարեանի մահւան 20-ամեակի առթիւ

28-ը փետրւարի 1998 թւականից արդէն 20 տարիներ են անցել. տարիներ, որ շատ արագ եկան ու անցան. երբ առյաւէտ մեզանից հեռացաւ ազգային եւ հասարակական պարտաճանաչ եւ նւիրեալ գործիչ Իսկանդար Իսկանդարեանը:

Նա ծնւել էր 1929 թւականի յունւարի 1-ին, Արաքի շրջանի Ջափլաղ գաւառի Բաղմովդի գիւղում: Նա որդին էր Ռուստամ եւ Խանում Իսկանդարեանների, մի հաւատացեալ, պարզ եւ համեստ ընտանիքում:

1934 թւականի գարնանը մանուկ Իսկանդարը իր ծնողների հետ փոխադրւում է Արաքի շրջանի Ալիաւա կամ Ալիաբադ զուտ հայաբնակ գիւղը: Նա բախտը չի ունենում իր գլխի վրայ ունենալ հօր շւաքը եւ վայելել նրա շոյանքը: 1936 թւականի գարնանը վախճանւում է Ռուստամ Իսկանդարեանը, թողնելով եօթը տարեկան Իսկանդարին միայնակ ու անպաշտպան:

Հօր մահից յետոյ, կորցնելով իրենց բոլոր ունեցւածքը եւ հողագործութեան բաժինը, նոր սկսւում է Իսկանդարի դժւարութիւնները եւ տառապանքը: Այդ պատճառով էր, որ նա զրկւեց ուսումից, որը ընդամենը երկու ամիս էր, որ սովորում էր գիւղի դպրոցում:

Գիւղի ապրուստի դժւարին պայմանները եւ նրանց չկալութիւնը ստիպեց 1943 թւականին տեղափոխւել Թեհրան եւ աշխատանքի անցնել յայտնի վաճառական եւ համալսարանի դասաւանդող Վարդան Եսայեանի տնում: Նա կարճ ժամանակում իր լաւ ու մաքուր աշխատանքի բերումով դարձաւ նրանց վստահելին եւ համարեա ընտանիքի անդամ:

Իսկանդարը ինքնաշխատութեամբ երկար գիշերներ արթուն մնալով զբաղւում էր իր հին գրքերով, որը գիւղից էր բերել, եւ աշխատում էր ինչ գնով էլ որ լինի գրել ու կարդալը սովորել:
Վարդան Եսայեանը տեսնելով նրա սէրը դէպի գիր ու գրականութիւն, նրան տարաւ իր վաճառանոցի գրասենեակում աշխատելու, որը առիթ դարձաւ Իսկանդարի համար ծանօթանալու մեքենագրութեան եւ պահեստային դասաւորումների ու հաշւապահութեան աշխատանքներին:

Իսկանդար Իսկանդարեանը 1950 թւականի գարնանը, իր ամուսնական հիմքը դնելով կազմում է մի նոր ընտանիք: Նա իր շալակին ունենալով կեանքի եւ բախտի ձախորդ օրերի ծանր բեռն ու անհաշտութիւնը, դեռ երիտասարդ տարիքում կարողանում է որոշել իր կեանքի ընթացքն ու ապագան, եւ որպէս մի առաքինի հայ երիտասարդ իր պարտքն ու պարտականութիւնն է համարում լծւել ազգային աշխատանքի ու նետւոււմ է ազգային-հասարակական գործի ասպարէզ: Նա առաջնորդւում է ազգային գաղափարներով, որով եւ 40-ական թւականների վերջերին եւ 50-ական թւականներին մասնակցութիւն է բերում Վիլայի եւ Ֆիշերաբադի հայահոծ շաջանում գտնւող՝ ժամանակի «Դանայի» եւ «Արամ-Աբովեան» դպրոցների շուրջ համախմբւած եւ դեռեւս նոր կազմաւորւող միութունական աշխատանքներին...

Ժամանակներ էին, որ մեր համայնքում խորթ ու անհարազատ խօսակցութիւնների տարածման գծով ապազգային քարոզչութիւն էր տարւում ընդդէմ ազգայինի, իսկ ազգային գաղափարների ամրապնդման համար կազմակերպչական աշխատանքներ էին տարւում, որոնց ծիրում ու ընթացքում էր գտնւում Իսկանդարեանը՝ գաղափարական մղումով ու երիտասարդական աւիւնով:

Այնուհետեւ Ի. Իսկանդարեանին տեսնում ենք Թեհրանի հայոց «Արաքս» ազգային դպրոցի հիմնադրման աշխատանքներում, ապա նոյն դպրոցի վարչական պաշտօնէութեան շարքում, որպէս գանձապահ եւ հաշւապահ, եւ այս ասպարէզում իր պարտականութիւնը կատարեց բարեխիղճ պաշտօնեայի պարտաճանաչութեամբ:

Փոխադրւելով Թեհրանի հայահոծ Զէյթուն (Մաջիդիէ) քաղաքամաս, նա իր ամբողջական մասնակցութիւնը բերեց քաղաքամասի դպրոցական եւ ազգային-հասարակական կեանքին եւ ազգային կառուցողական ու շինարարական աշխատանքներին:

Իսլամական յեղափոխութիւնից յետոյ, երբ տեղի ունեցան Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները, Իսկանդարեանը Պատգամաւորական ժաղովի կողմից ընտրւեց Թեմական խորհրդի անդամ: Թեմական խորհրդի այդ շրջանը պայմանների բերումով երկար տեւեց, իսկ նա ամբողջական նւիրումով այդ ընթացքում կատարեց իրեն յանձնարարւած բոլոր պարտականութիւնները: Այս ընթացքում էր, որ Իրաքի միջոցով եւ գերպետութիւնների ծրագրով Իրանին պարտադրւեց 8-ամեայ պատերազմը:

Թեմական խորհուրդը պարտք համարեց հայ համայնքը կազմակերպելու եւ առաջնորդելու, իր մասնակցութիւնը բերելու եւ օժանդակութիւն հասցնելու ճակատներին:

Թիկունքային աշխատանք տանելու համար, Թեմական խորհրդի հսկողութեամբ կազմակերպւեցին ճակատ մեկնող արհեստաւորական խմբեր, միաժամանակ նաեւ օժանդակութիւն հասցնող միջոցառումներ: Եւ ահա, այդ օրերին էր, որ Իսկանդարեանը որպէս Թեմական խորհրդի այդ գծով պատասխանատու, թափով ու եռանդով լծւեց աշխատանքի: Իսկանդար Իսկանդարեանը որպէս նոյն խորհրդի պատասխանատու, անգամներ պատերազմի ճակատ մեկնեց եւ այդ պարտականութիւնը կատարեց անմնացորդ: Նա այդ եռանդուն աշխատանքի համար Իսլամական Հանրապետութեան զօրաբաժանմունքների եւ միաւորների կողմից արժանացաւ գնահատական գրերի: Այս ընթացքում էր, որ նա բծախնդրօրէն աշխատեց գրել եւ հաւաքել մեր համայնքի մասնակցութեանը վերաբերող նիւթերը՝ տեղեկութիւններ, հաղորդագրութիւններ, ֆիլմեր, նկարներ եւ այլն ու այսօր վստահօրէն կարող ենք ասել, որ շնորհիւ Իսկանդարեանի այդ հետեւողական աշխատանքի, ունենք 8-ամեայ պատերազմին հայութեան մասնակցութեան վերաբերող ամբողջական արխիւ, որի շնորհիւ տպագրւեց «ԻՐԱՆԻՆ ՊԱՐՏԱԴՐՒԱԾ ՈՒԹԱՄԵԱՅ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՒ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ» ծաւալուն աշխատութիւնը՝ հանգ. Նորայր Շահնազարեանի խմբագրութեամբ:

Վերջին տարիներին Իսկանդարեանը դարձեալ Թեմական խորհրդի գծով պատասխանատու հանգամանքներով, եղել է Զէյթուն քաղաքամասի Ս. Գրրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի անդամ, երկու շրջան ատենապետի հանգամանքով: Ապա մի կարճ ժամանակ նոյն քաղաքամասում գործող Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ: Միեւնոյն ժամանակ եւ մինչեւ իր կեանքի վերջը Թեհրանի հայոց թեմի Ծխական տուրքի կենտրոնական վարչութեան անդամ:

Այս ամփոփ կենսագրականը ներկայացնելով, ինչպէս տեսնում ենք Իսկանդար Իսկանդարեանը սկսած իր պատանեկան տարիքից գաղափարական մղումով եւ ազգային գիտակցութեամբ միշտ եղել է մեր համայնքային եւ ազգային կեանքի ոլորտում, տարբեր պարտականութիւններով եւ բեղմնաւոր աշխատանք է տարել:

Այստեղ կարժէ յիշել բանաստեղծ Վարանդի քառեակները՝ Իսկանդար Իսկանդարեանի մահւան առթիւ:

Քո ողջ կեանքում աշխատեցիր անյոգնում
Վաստակեցիր բարի անուն ու համբաւ
Նւիրւեցիր գաղափարիդ՝ աննկուն
Բաժանեցիր ընկերոջ վիշտ , խինդ ու ցաւ:

Տառապեցիր Հայրենիքի կարօտով,
Պահպանեցիր բարձր անունը հայի,
Պայքարեցիր յոյսով, սիրով, հաւատով
Ու միշտ դարձար ժողորդին սիրելի:

Յարգանք եւ պատիւ նրան՝ իր տարած ազգային եւ համայնքային աշխատանքների համար:

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբ
Ա. ԻՍԿԱՆԴԱՐԵԱՆ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ