Գումարւեց 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

Երեքշաբթի մարտի 6-ին, մեկնարկեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, որը շարունակւելու է նաեւ չորեքշաբթի մարտի 7-ին:

31 պատգամաւորներով սկսած ժողովի օրակարգը յագեցած էր բազմաթիւ գլուխներով: Ներկայ պատգամաւորների թւային պատկերի ստուգումից եւ Տէրունական աղօթքից յետոյ, ժողովը ունկնդրեց Կրօնական խորհրդի տարեկան մէկամեայ տեղեկագիրը, որը ներկայացրեց խորհրդի ատենապետ Տ. Մակար եպս. Աշգարեանը: Զեկոյցը պարփակում էր խորհրդի ծաւալած բազմազան աշխատանքները, ինչպէս քահանայական, սարկաւագական, սարկաւագուհու, կիսասարկաւագների եւ դպրաց դասի ձեռնադրութիւնները, կազմակերպւած ուխտագնացութիւններ, ազգային-եկեղեցական տօների նշումներ, ուսուցողական եւ դաստիարակչական, հրատարակչական աշխատանքներ, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի եւ ենթայանձնախմբի աշխատանքներ, Միջեկեղեցական եւ միջկրօնական ժողովներին մասնակցութիւնը թէ՛ միջազգային բեմում եւ թէ՛ երկրում, ի մասնաւորի թեմակալ առաջնորդի միջոցով:

Յաջորդ գլխի տակ ժողովի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը կարեւորութեամբ անդրադարձաւ Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի տարածքի շուրջ ծագած դատական խնդիրներին, ըստ որի, շէնքի տիրոջ ժառանգները համալիրի հարցով դատական գործ են յարուցել: Ապա դիւանը ընթերցեց համալիրի վարչութեան կողմից ժողովին յղւած նամակը: Նամակի ընթերցումից յետոյ ժողովը ունկնդրեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանի համապարփակ զեկոյցը՝ այդ հարցի շուրջ:

Թեմական խորհրդի ատենապետը ընդգծեց, որ ազգային իշխանութիւնը այդ հարցով հանդիպում է ունեցել համալիրի վարչութեան հետ եւ անմիջապէս ձեռնամուխ եղել խնդիրների կարգաւորմանը: Նա զեկուցեց այդ հարցի շուրջ ազգային իշխանութեան եւ Իսլ. խորհրդարանի պատգամաւորների ծաւալած աշխատանքների, յարակից պետական շրջանակների հետ հանդիպումների եւ նամակագրութիւնների մասին, ընդհուպ մինչեւ դատական ուժի պետ եւ Սպորտի նախարարութիւն եւ յոյս յայտնւեց, որքան շուտ հնարաւոր լինի հարցը կարգաւորել բարեյաջող: Յատկանշական է, որ երեք տարի առաջ արծարծւել էր «Րաֆֆի» համալիրի հարցը, որը սակայն ժամանակաւոր ձեւով սառեցւել էր, բայց օրերս կրկին շրջանառւել է ժառանգների կողմից:

Այնուհետեւ ժողովը ունկնդրեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի մէկամեայ ամփոփ տեղեկագիրը, որը ընթերցեց Արմէն Սիմոն Խաչիկեանը: Զեկոյցի ընթացքում ներկայացւեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ յարակից մարմինների ծաւալած աշխատանքները, քննարկման թեմա դարձաւ կտակա-կալւածային տարածքների եւ շէնքերի խնդիրները ու կարեւորութեամբ քննարկւեց հարկային բնագաւառում արծարծւող հարցերը:

Ապա պատգամաւորներին առիթ տրւեց հարցումների, կապւած՝ դպրոցների սուբսիդաւորման, որակի բարձրացման, ազգային գրադարանը է՛լ աւելի բանուկ դարձնելու, ազգային բուժարանի, ազգապատկան կալւածների, հարկերի եւ համայնքին յուզող այլ հարցերի մասին:

Յաջորդ գլխի տակ ժողովը ունկնդրեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ժողովին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի գլխաւորած պատւիրակութեան անդամների զեկոյցը: Ազգային ժողովը կայացել է 2017 թւականի դեկտեմբերի 5-8-ը: Պատգամաւորական ժողովի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը հրաւիրեց թեմի կողմից ժողովի մասնակիցներին բացատրութիւններ փոխանցելու ժողովի մասին:‎

Այդ մասին համապարփակ զեկոյց ներկայացրեց ՊԺ-ի կողմից ընտրւած անդամ Շապին Աբրահամեանը: Ապա հրաւիրւեց արտայայտւելու ՊԺ-ի նիստին հիւրաբար ներկայ եւ Ազգային ժողովին անդամակցող «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանը:

Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Ազգային ժողովի հրապարակած բազմաբովանդակ տեղեկագրերին, որոնք ժողովի ընթացքում տրամադրւում էին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ժողովի մասնակիցներին, կապւած շրջանաւարտ վարչութիւնների, նաեւ կաթողիկոսութեան բոլոր թեմերի մասին: Պրն. Աբնուսեանը ընդգծեց, որ տեղեկագրերը ներկայացնում էին թէ՛ շրջանաւարտ վարչութիւնների տարած աշխատանքները, եւ թէ՛ սփիւռքահայութեանը յուզող հարցեր:

Նա նաեւ ընդգծեց, որ Լիբանան այցի շրջագծում հանդիպումներ է կայացել Լիբանանի նախագահի եւ Իրանի դեսպանի հետ:

Ազգային ժողովին մասնակից եւ զեկուցաբեր Անի Քրիստին Մանուէլեանը եւս իր տպաւորութիւնները փոխանցեց ժողովին:

Ապա հրաւիրւեց արտայայտւելու ՊԺ-ի նիստին հիւրաբար ներկայ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային Կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի նորընտիր անդամ Թովմաս Թովմասեանը: Նա անդրադառնալով փետրւարի 1-ից 3-ը Անթիլիասում ազգային Կենտրոնական վարչութեան նիստերի եւ Վեհափառ Հայրապետի հետ ունեցած հանդիպմանը, ամփոփ զեկոյց ներկայացրեց ժողովական աշխատանքների մասին, յատկապէս թեմ-կաթողիկոսութիւն յարաբերութեան մասին եւ ընդգծեց՝ որպէս ներկայացուցիչ իր մասնակցութիւնը իրանահայութեան երեք թեմերի Թեմական խորհուրդների հանդիպումներին:

Ապա ժողովը յայտարարեց դադար, որից յետոյ ՊԺ-ն Վահիկ Աղաքեանի ատենապետութեամբ շարունակեց նիստը, որի ընթացքում պատգամաւորները հարցումներ ուղղեցին կապւած Թեմական խորհրդի գործունէութեանը եւ արծարծեցին տեսակէտներ:

Լուրը քաղւած է «Ալիք»-ից