Արևագալի Արարողութիւն Ս. Աստւածածին Եկեղեցում

Շաբաթւայ երեքշաբթի օրերին, Մեծ Պահքի առիթով, եկեղեցիներում տեղի ունեցող Արևագալի ժամերգութիւններից, երեքշաբթի 13 մարտ 2018-ին, Ս. Աստւածածին եկեղեցում, Արևագալի ժամերգութեան նախագահեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Ներկայ էին առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը,քահանայ հայրերը, Ակունք Կենտրոնի աշակերտ-ուհիներն ու հաւատացեալ ժողովուրդը:

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը իր քարոզի սկզբում բացատրեց Արևագալի արարողութեան մասին, ասելով՝ «Արևագալի ժամերգութիւնը կատարւում է ի փառաբանութիւն Ս. Հոգու և յարուցեալ մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի: Այս արարողութեան երգերը, աղօթքները և քարոզները մեր ուշադրութիւնը կենտրոնացնում են հիմնականօրէն մեր Տիրոջ և իր փրկագործութեան առաքելութեան մասին»:

Սրբազան հայրն իր խօսքերի միւս բաժնում աւելացրեց՝ «Արևագալի ժամերգութեան ընթացքին երգում ենք Ճգնաւորի բառով սկսւող հոգևոր երգեր, որտեղ բացատրւում է թէ ինչպէս Սուրբերն իրենց ողջ կեանքը, ճգնաւորութեամբ և երբեմն արեան նահատակութեամբ, վկայել են Քրիստոսին: Երգում ենք Լոյսը, որը փառաբանում ենք գերգոյն Լոյսին, որ Աստւած է, Արարիչ է լոյսի և բոլոր լուսաւոր արարածների: Այնուհետև երգում ենք՝ ճանապարհը, որ Քրիստոսն ինքն է և հայցում ենք, որ ինքը մեզ իրական և ճշմարիտ ճանապարհը ցոյց տայ»:

Վերջում Սրբազան Հայրը շեշտեց՝ «Մենք յաճախ, կամայ թէ ակամայ, մեղք ենք գործում և դրա համար եկեղեցու այս արարողութիւնները, որ տեղի են ունենում Մեծ Պահոց շրջանին և յատկապէս Արևագալի արարողութիւնը, գեղեցկագոյն առիթնենրն են մեզանից իւրաքանչըւրի համար, որպէսզի մենք էլ ասենք՝ Տէր ամենակալ, ներիր մեր մեղքերը և մենք հաւատում ենք, որ Աստւած ներում է մեզ և մեր մեղքերը և մենք հոգեպէս թեթևացած եկեղեցուց դուրս ենք գալիս»:

Ժամերգութեան աւարտին, Ս. Աստւածածին եկեղեցու եկեղեցական խորհուրդը, համեստ պահքի հիւրասիրութիւն էր պատրաստել Սրբազան Հօր և քահանաների համար: