Հաւաք- հանդիպում

Թ. Հ. Թ.-ի Անձնուրացների Յանձնախմբի հրաւէրով, չորեքշաբթի՝ մարտի 14-ին «Նայիրի» սրահում կայացաւ հանդիպում 8-ամեայ պարտադրեալ պատերազմի անձնուրացների, ազատորդիների եւ նահատակների ընտանիքների մասնակցութեամբ:

Հանդիպմանը ներկայ էին շուրջ 40 հայրենակիցներ, որտեղ Անձնուրացների Յանձնախմբի ատենապետ՝ Արման Բանդարեանը ողջունեց ներկաներին, ապա խօսքը փոխանցեց Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռոբերտ Բեգլարեանին, ով հակիրճ ներկայացրեց ազգային իշխանութեան կառոյցի էութիւնն ու կազմակերպչական ձեւը, ապա բացատրեց տարբեր մարմինների, այդ թւում Անձնուրացների Յանձնախմբի ընտրութեան եղանակի մասին:

Ապա ներկաների կողմից եղան հարցումներ, առաջարկութիւններ եւ բողոքի խօսքեր, ոմանք նշելով, որ Թեմական խորհուրդը 27-8 տարի ուշացել է հայ անձնուրացների, ազատորդիների եւ նահատակների ընտանիքներին համախմբելու եւ նրանց խնդիրներին վերահասութիւն տալու գործում. առաջարկեցին գործնական կտրուկ քայլեր վերցնել այդ ուղղութեամբ: Ներկաներից ոմանք առաջարկեցին մարմնի ընտրութեան ժամանակ լաւ կը լինի ունենալ նաեւ ներկայ եւ բացակայ անձնուրացների եւ ազատորդիների կարծիքը:

Ռոբերթ Բեգլարեանը պատասխանելով հարցումներին նշեց, որ որոշ բողոքներ տեղին են եւ ընդունելի, իսկ յանձնախմբի ընտրութեան մասին եղած առաջարկները եւս համարեց բնական:

Առաջին բաժնում ներկայ էր նաեւ Թեմական խորհրդի անդամ Քրիստ Արզումանեանը:

Հանդիպման երկրորդ բաժնում մարմնի անդամները եւս կարճ զեկոյց ներկայացրին տարւած աշխատանքների մասին, ապա եղան անկաշկանդ արտայայտութիւններ:
Վերջում եղաւ համեստ ընդունելութիւն:

Հանդիպումը տեւեց 3 ժամ եւ զգալի էր, որ մասնակիցները բազմաթիւ խնդիրներ ունեն արծարծելու եւ դրանց լուծումներ գտնելու համար ակնկալում են մարմնի կողմից աւելի հոգատարութիւն իրենց նկատմամբ:

Լուրը քաղւած է «Ալիք»-ից