ՃՐԱԳԱԼՈՅՑԻ ԵՒ Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՏԱՐԱԳՆԵՐԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Քրիստոսի մահը եւ Նրա մեռելներից յարութիւնը կազմում են քրիստոնէական կրօնի ու հաւատի գլխաւոր երկու սիւները:

Քրիստոսի հրաշափառ Յարութեան ուրախ տօնի առիթով, թւականիս շաբաթ 31 մարտի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ճրագալոյցի պատարագը, հաւատացեալների հոծ բազմութեամբ եւ ներկայութեամբ:

Այս առիթով Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագը մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իսկ Սրբոց Թարգմանչաց, Ս. Սարգիս եւ Ս. Մինաս եկեղեցիներում ժամերգութեան նախագահեցին, պատարագեցին եւ օրւայ առիթով քարոզեցին առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը և Հոգշ. Տ. Վիգէն վրդ. Տլգլըճեանը:

Իսկ թւականիս կիրակի 1 ապրիլի առաւօտեան բոլոր եկեղեցիներում մատուցւեց Ս. Յարութեան պատարագը: Հազարաւոր հայորդիներ իրենց կրօնի և հոգևոր պարտականութեան խոր համոզումով ու հաւատով լցրել էին եկեղեցիներն ու նրանց բակերը: Նրանք եկած էին մասնակցելու եւ հաղորդւելու օրւայ սուրբ խորհրդին և միմեանց շնորհաւորելով՝ ասելու. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի»:

Պատարագից յետոյ եկեղեցիների բակում բոլոր հաւատացեալները ուրախութեամբ Զատկւայ հաւկիթ կոտրելու խաղը խաղացին:

Առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում Ս. Յարութեան հանդիսաւոր պատարագը մատուցեց եւ օրւայ առիթով իր հայրական պատգամն ու քարոզը փոխանցեց Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Սրբազան Հայրը նախ բացատրեց Յարութեան Տօնի կիրակի օրւան նախորդող օրերին կատարւած ահաւոր դէպքերի՝ մատնութեան, Գեթսեմանիի պարտէզում աղօթքի, ձերբակալութեան, դատավարութեան, մահւան դատապարտութեան, դէպի Գողգոթա խաչի ճանապարհի եւ այնուհետ խաչելութեան ու մահւան մասին: Ապա աւելացրեց՝ «Քրիստոնէական վարդապետութեան հիմնաքարը հանդիսացող Քրիստոսի Յարութիւնը երաշխիքն է նոր կեանքի, յաւիտենականութեան ձգտող ու անհունի տեսիլքով օծուն կեանքի»:

Սրբազան Հայրն իր քարոզի միւս բաժնում ասաց՝ «Յարութեան հաւատքով լուսաւորւած մեր միջից դուրս հանենք բոլոր այն զգացումներն ու մտածումները, որոնք մեզ հեռացնում են մեր հաւատքից, մեր հայրենիքից եւ այնտեղ ծնունդ տանք, սիրոյ, նւիրումի, խաղաղութեան, հեզութեան, յանձնառութեան զգացումի»։

Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Սրբոց Թարգմանչաց և Սրբոց Վարդանանց եկեղեցիներում պատարագեցին եւ յաւուր պատշաճի քարոզեցին առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, Հոգշ. Տ. Վիգէն վրդ. Տալգլըճեանը և Հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը:

Յատկանշական է, որ Ս. Սարգիս եկեղեցում եկեղեցական արարողութեանը ներկայ էին Իրանում Հ.Հ. դեսպանութեան դիւանագիտական անձնակազմը, Իրանում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան՝ պրն. Լեւոն Ճաղալեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի և ազգային մարմինների ներկայացուցիչները:

Նոյն օրը թէ' առաւօտեան ս. պատարագից յետոյ և թէ' երեկոյեան, առաջնորդարանի դահլիճում Առաջնորդ Սրբազան Հայրը Զատկական շնորհաւորանքներ ընդունեց: