ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՊՐԵՆՔ ՈՒ ԳՈՐԾԵՆՔ ԱՊՐԻԼԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՈՎ

Ապրիլ ամիսը ազգերի եւ ժողովուրդների կեանքում, իր գարնանաբոյր զեփիւռով, աստիճանաբար կանաչազարդւող բնութեամբ նոր ու զւարթ կեանքի աւետիսով ողողում է բնութիւնն ու մարդկային կեանքը ընդհանրապէս։

Դժբախտաբար մեզ հայերիս համար Ապրիլը սարսուռ, հալածական կեանք, ջարդ ու սպանութիւն եւ հայրենազրկում յիշեցնող ամիս է. ամիս, որի յիշատակումն իսկ հայ մարդուն, ակամայ յիշեցնում է իր նախահայրերի դժոխային կեանքը Ցեղասպանութեան ահաւոր տարիներին, այլեւ աւերակութիւնն ու քանդումը իր հայրենիքի։

Այս բոլորը պարզապէս դրա համար, որ ցեղասպան թուրքը որոշել էր բնաջնջել հայ ժողովուրդը, որպէսզի կարենար իր համաթուրանական ծրագիրը հեշտութեամբ իրագործել։ Սադայէլական իր ծրագիրը իրագործելու համար նա դիմեց անմարդկային աներեւակայելի հալածանքների, չարչարանքների, տեղահանութեան եւ հաւաքական սպանդին։
Շէն ու բազմամարդ, քաղաքակրթութեան, գիտութեան, հոգեւոր, մշակութային կեանքի հայրենիք համարւող Հայաստան աշխարհը իր Արեւմտեան բաժինով մէկ օրից միւսը ամայացաւ, աւերակի ու մոխրակոյտի վերածւեց։ Բանաստեղծի բառերով.-

Հայ ըլլալնուս մենք չտեսանք օր ու արեւ,
Որպէս բաժին առինք կեանքէն մեր բախտը սեւ
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Հայ ըլլալնուս հանդերձեալիդ դժոխքն ահեղ
Ապրեցանք հո՛ս, մենք, ցեղովին ու ամէն տեղ
Մեր վէրքերուն, մեր արիւնին ու մեր մահւան
Չմօտեցաւ ոչ իսկ ստւերը գթութեան։

Այսօր երբ հարիւր երեք տարիների հեռաւորութիւնից ենք դիտում անցեալի մեր ողբերգութիւնը, ամայացումը մեր երկրին, տեսնում ու վկայում ենք ցաւի պատմութեան կրկնողութեան։ Այսօր պատմական մեր հայրենիքի հարաւային մասում ապրող ժողովուրդը, որ 103 տարիներ առաջ, գործիք էր դարձել ցեղասպանին իր անմարդկային ծրագիրը իրագործելու գործում, դժբախտաբար նոյն ճակատագրին է ենթարկւում։ Թէլ Ապիատն ու Ճարապլուսը, Ռաս Էլ Այնն ու ԱՖրինը այսօր արեան ծովի են վերածւել, ինչպէս էր 103 տարի առաջ։ Պատմութիւնը ինքն իրեն կրկնում է։ Հազարաւոր անմեղներ զոհ են գնում թրքական կայսրապաշտական քաղաքականութեան եւ ժողովրդի ՛՛վէրքերի՛՛, ՛՛արեան՛՛ ու ՛՛մահւան՛՛ չմօտեցաւ ոչ իսկ ՛՛ստւերը գթութեան՛՛։

Հաւատքով Հին Կտակարանի հերոսները ապրեցին եւ վկայեցին իրենց հաւատքին. Առաքեալը ասում է.«Ուրիշները ենթարկւեցին նախատինքների ու ծեծի, շղթաների ու բանտերի համն առան, քարկօծւեցին, սղոցւեցին, փորձութիւնների մատնւեցին, սրով սպանւեցին… շրջեցին… հալածանք ու չարչարանք կրելով, թափառական կեանքով ապրելով անապատում կամ լեռների վրայ, քարայրներում կամ խոռոչներում»(Եբ. 11։36-38)։

Վերոյիշեալ վիճակների միջից անցաւ մեր ժողովուրդը առանց յուսահատութիւն, որովհետեւ հաւատացած էր նաեւ որ հետեւող լինել Քրիստոսի նշանակում էր կրել նաեւ իր խաչը ու խաչով զօրացած ապրել նաեւ յարութիւնը Աստւածորդուն։

Հայոց Ցեղասպանութիւնը իրագործող բորենիների ժառանգորդները այսօր էլ շարունակում են իրենց ցեղասպանութիւնը քանդելով, մոխրակոյտի վերածելով մնացորդացը մեր եկեղեցիների ու վանքերի, գերեզմանների ու յուշակոթողների, որտեղ ժամանակին կեանք ու քաղաքակրթութիւն էր տարածւում։

Այդպիսին եղաւ Ապրիլը մեր կեանքում։ Հայ կեանքի բացւող կակաչները խամրեցին հազիւ բացւած, հայ նորաբողբոջ մանուկը հազիւ բարբառած ա. բ. գ.-ն ընդմիշտ դատապարտւեց լռութեան։

Ապրիլին սակայն յաջորդեց Մայիսը, խրոխտ կեանքի խորհրդանիշ։ Մեր ժողովուրդը մահւան դէմ յանդիման կանգնած կուրծք տւեց նրան եւ այս անգամ յաղթական կերտեց իր անկախութիւնը իր պատմական երկրի մի մասի վրայ որքան գեղեցիկ են բառերը անմահանուն բանաստեղծի, որ խօսքը ուղղելով թուրքին գրում է.-

Պիտի իյնաս այս անգամ, եւ ալ իսպառ, անյարիր,
Պիտի մնաս գետնին վրայ՝ ճանկռտելով հողը դեռ.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Պիտի իյնաս, կ՛իյնաս ալ… բայց որպէսզի դեռ ճանչնաս
Քու անարգ սիրտըդ ծակող մեծագոյն ցաւը վերջին՝
Պիտի զարնեն քեզ անոնք որ քեզ յաճախ փրկեցին.

Այսօր հայ ժողովուրդը իր ազատ անկախ հայրենիքով, Արցախով ու կազմակերպ սփիւռքով մղձաւանջ է թուրքիայի։ Մեր հայրենիքի նւաճումները գիտութեան, մշակոյթի, գրականութեան եւ այլ բազմաթիւ բնագաւառներում ցոյց է տալիս, որ ճիշդ է, որ թուրքը մէկ ու կէս միլիոն անմեղ մարդ սպանեց, բայց չկարողացաւ մեր ժողովրդի հոգուց ապրելու, ստեղծագործելու կամքն ու հաւատքը սպանել եւ անոր համար կարող ենք անվարան ասել կրկնելով Քրիստոսի խօսքը, «Մի վախեցէք ես աշխարհին յաղթեցի»։

Այս յաղթանակը պարտաւորեցնող ու մեզ յանձնառութեան տակ դնող յաղթանակ է։ Այս յաղթանակը մեզ մղում է լաւապէս ճանաչելու մեր պատմութիւնը իր հարուստ մշակոյթով, ընդարձակ աշխարհագրութեամբ, աւելին յաղթանակը մեզ մղում է կառչելու մեր արմատներին, մեր լեզւին ու հաւատքին ու հայրենիքին, որի պահպանման համար մեր հայրերը ծով արիւն են հոսեցրել, հայրենիք որի ամբողջացման համար շարունակելու ենք պահանջատիրական մեր պայքարը եւ վերջապէս հայրենիքի, որի պետականութեան եւ անկախութեան հաստատման հարիւրամեակն ենք նշում մեր վերածնեալ հայրենիքում։

Ապրիլեան խորհուրդը խորհուրդն է մեր ամբողջական լինելութեան, մեր կեանքի գոյապայքարին յանուն ամբողջական Հայաստանին ու հայութեան, այլեւ զօրակցութեան ու յանձնառութեան այսօրւայ մեր ազատ ու անկախ հայրենիքի ու Արցախի ամրացման, զօրացման ու խաղաղութեան ամրագրման։ Տակաւին Ապրիլեան խորհուրդը հաւատքի վերանորոգութեան, ուխտի կենսաւորման խորհուրդն է։ Հաւատք, որ Պօղոս առաքեալի բառերով մեզ կապում է գալիքի եւ յուսադրում ու համոզում է ծնցնում մեր մէջ այն բաների, որոնք չեն երեւում։ «Հաւատ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդէպ յոյս ունենք եւ համոզւած լինենք այն բանին որոնք չեն երեւում»(Եբ. 11։1)։ Մարկոս Աւետարանիչը հաստատում է, որ հաւատացեալի, հաւատք ունեցողի համար, անկարելի բան չկայ։

Հաւատքով կը կարողանանք յաղթահարել ամէն ձեւի դժւարութիւնների ու նեղութիւնների։ Քրիստոս իր երկրաւոր կեանքի վերջին պահերին մեզ յիշեցրեց, որ «Աշխարհում դուք նեղութիւն կունենաք, սակայն քաջալերւեցէք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին»(Յհ. 16։33)։
Ապրիլեան խորհուրդից մեզ եկող այս հաստատակամութեամբ ապրենք ու գործենք։ Ահա ճշմարիտ ճանապարհը իր առաքելութեան ու կոչումին հաւատացող ժողովրդին։
Ճշմարիտ այս ճանապարհից անշեղ ընթանալու համար հարկ է լիցքաւորւել մեր պատմութեամբ, մշակոյթով, մեր ժողովրդի անցեալի եւ ներկայի կեանքով ու մշակոյթի պատմութեամբ, որովհետեւ պատմութիւնը մեզ կենսաւորում է, խորացնում է, զօրացնում մեր արմատները։ Ստեղծագործական կեանքը մեր ժողովրդի իր հոգեւոր ու մշակութային երեսներով եղել է հարուստ, այնքան հարուստ, հզօր ու ներշնչող, որ նոյնիսկ բազմաթիւ օտարների ուշադրութեան, ուսումնասիրութեան առարկայ է եղել եւ շատերին էլ ներշնչել այդ ուղղութեամբ։

Հարուստ քաղաքակրթական մշակոյթի վրայ պատւանդանւած ապրելու հրամայականի առաջ ենք ազգովին եւ ոգեկոչումը Ցեղասպանութեան զոհ գնացած մեր սուրբ նահատակներին ջրդեղելու է մեզ մեր պայքարի, պահանջատիրական պայքարի մէջ ի խնդիր մեր սուրբ նահատակների անկատար իղձերի ու երազների իրականացման։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Ապրիլ 2018
Թեհրան

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com