Ս. Պատարագ և բողոքի համահաւաք Ս. Սարգիս Եկեղեցում

Երեքշաբթի, 2018 թւի ապրիլի 24-ի առաւօտեան, բազմահազար հայորդիների մասնակցութեամբ, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւեց ս. պատարագ, կատարողութեամբ՝ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:

Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքին շեշտելով մեր ժողովրդի գիտակցութեանն իր առաքելութեան և կոչումին, ասաց. «Մեր ժողովուրդը գիտակից իր նահատակների նահատակութեան խորհրդին, իրևէ նէճ ժամանակից աւելի ուժեց, արար աշխարհին վկայում է, որ հաւատացեալին մահ չկայ»: «Քանի-քանի ազգել եկել և գնացել են և միայն անուն են թողել, որովհետև հայի նման չեն ունեցել Քրիստոսին հաւատքը, չեն ունեցել Քրիստոսի այն պատգամը, որ ասել էր՝ Ես եմ Յարութիւնը և կեանքը, ով հաւատում է ինձ, թէպետ և մեռնի՝ կապրի» - շարունակեց Առաջնորդ Սրբազանը - «Եւ ահամեր ժողովուրդը թէպետ 103 տարիներ առաջ մեռնելու առաջնորդւեց, բայց այսօր աշխարհով մէկ կայ, գիտակից իր կոչումի և առաքելութեան և ապրում է, գործում ու ստեղծագործում: Այսօր 103 տարիներ յետոյ, մենք ունենք մեր ազատ ու անկախ Հայաստանը, ազատ ու անկախ Արցախը և կազմակերպ մեր սփիւրքը»:

Արարողութեանը ներկայ էին Իրանում Հ.Հ. լիազօր եւ արտակարգ դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը, դեսպանութեան աշխատակազմը, Ռուսիոյ Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Լեւոն Ջաղարեան,Իսլ. Խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգագաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերթ Բէգլարեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, Հայ Կաթողիկէ և Աւետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդներ և հոգևոր հայրեր: Հոծ թւով բազմութիւն էր համախմբւել եկեղեցում, եկեղեցու բակում և յարակից տարածքում:

Յաւարտ կրօնական արարողութեան, Սրբազան Հայրը ներկաների եւ թափօրի ուղեկցութեամբ հայ սկաուտների կազմած խրոխտ շարքերի միջից շարժւեց դէպի եկեղեցու շրջափակում գտնւող Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ, ուր կատարւեց Բարեխօսական աղօթք, որից յետոյ թեմակալ առաջնորդը ժողովրդին հրաւիրեց հետևել եկեղեցու շրջափակում և յարակից տարածքում իրականացւող քաղաքական հաւաքին:

Ապա թեհրանահայ համայնքի հայորդիները իրենց խուռներամ շարքերով մասնակցեցին լուռ և միաժամանակ պահանջատէր ոգով տոգորւած բողոքի երթին, Ս. Սարգիս եկեղեցուց մինչև Թուրքիայի դեսպանատուն: Դեսպանատան դիմաց հրաւիրւեցին արտայայտւելու Իսլ. խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը և Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը:

Վերջում ընթերցւեց 8-կէտանոց բանաձևը, որի իւրաքանչիւր կէտի ընթերցումից յետոյ, ժողովուրդը միաբերան վանկարկում էր «հաստատում ենք»: Վերջում ժողովուրդը բռունցքները ուղղած դէպի Թուրքիայի դեսպանատուն երգեց «Սարդարապատ»-ը: