«Թաթուլ Ալթունեան»-ի անւան պարի-երգի անսամբլն Ազգային Առաջնորդարանում

Չորեքշաբթի ապրիլի 25-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թաթուլ Ալթունեանի պարի-երգի անսամբլի անդամներին:

Խմբին ուղեկցում էին նաև Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան անդամների ներկայացուցիչները:

Նախ խմբի ղեկավար՝ Ժիրայր Ալթունեանը ներկայացնելով խմբի աշխատանքները շեշտեց՝ «Խումբը մեծ աշխատանք է տարել հայ ժողովրդի և աշուղական երգերի ու պարերի փրոփականդումը, ոչ միայն Հայաստանում, այլ շատ-շատ օտար երկրներում: Խումբն առաջինն է, որ ներկայացրել է հայկական երգն ու պարը սփիւռքում»: «Առաջին երկիրը, որտեղ խումբը ելոյթ է ունեցել, Իրանն է եղել, 1944 թւականին»- յաւելեց նա:

Առաջնորդ Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց խմբի ներկայութիւնն Իրանում, մասնաւորապէս Թեհրանում և յայտնեց, 1964 թւականին, Լիբանանում ներկայ է եղել խմբի ելոյթին և ականատես եղել, թէ ինչ խանդավառութիւն է ստեղծել այդ ելոյթը լիբանանահայ գաղութի մէջ: Ապա շեշտեց՝ «Մեզանից իւրաքանչիւրն իր բնագաւառում մեծ առաքելութիւն ունի անելիք: Դուք արւեստի՝ երգի ու պարի բնագաւառում, ձեր ներդրումը բերում էք մեր մշակութային հոգևոր արժէքներին և միևնոյն ժամանակ փրոփականդիստ էք լինում, արւեստի գծով, մեր ժողովրդի արժէքներին: Դուք մի մեծ առաքելութեամբ էք լծւած և այդ առաքելութիւնը վկայութիւնն է մեր ժողովրդի գոյութենական լինելութեան»:

Խումբն այցելեց նաև Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի: