Համբարձման Տօնակատարութիւն Թեհրանի Հայոց Եկեղեցիներում

Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն, թւականիս հինգշաբթի մայիսի 10-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:

Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք համբարձման տօնի առիթով սուրբ պատարագը:

Համբարձումը քրիստոնէական կրօնը իմաստաւորող և արժևորող կարևորագոյն տօներից մէկնն է, ընդ որում պարփակւում են յաւիտենական կեանքի գերագոյն եւ անխորտակելի յոյսը, Քրիստոսի երկրորդ գալստեան երաշխիքն ու մարմինների յարութեան ու երկնքի արքայութիւն մուտք գործելու բացարձակ ճշմարտութիւնը և Քրիստոսի իր հաւատացեալներին տւած լիարժէք խոստումների մեկնարկը:

Համաձայն Ս. Աւետարաններին, Քրիստոս յարութիւն առնելուց յետոյ փառաւորեալ մարմնով քառասուն օրեր երկրի վրայ մնաց, բազմիցս երևաց իր աշակերտներին, նրանց մտքերը բացեց Հին Կտակարանի Օրէնքի և մարգարէութիւնների լոյսի տակ և ապա բոլորի աչքերի առաջ Ձիթենեաց լեռից ամպերի վրայ դէպի երկինք համբարձաւ և նստեց Հօր աջ կողմում:

Այդ առիթով Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում արարողութեան նախագահեց և յաւուր պատշաճի քարոզեց՝ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքին շեշտեց՝ «Հրաշափառ Համբարձումը, վկայութիւնն է, որ Աստւած ինքն է աղբիւրն ամէն ինչի, սկիզբը և վախճանը: Աստւած մեզ հետ է, Յիսուսը մեզ հետ է մինչև աշխարհի վերջը: Բոլոր նրանք, ովքեր հաւատացին և ապրեցին Յիսուսի ներկայութիւնն իրենց մէջ, նրանք երբեք չվհատւեցին»:

Մի այլ բաժնում ասաց՝ «Համբարձման տօնը, մեզանից իւրաքանչիւրի համար նաև առիթ է, որ մենք մեր նայւածքները միշտ վեր բարձրացնենք, նայենք Աստծուն և միշտ հայցենք իր օրհնութիւնը, գութը, սէրը»: «Համբարձման տօնը մեր նայւածքները կենտրոնացնում է մեր երկնային Աստծու և երկնային ճշմարտութիւնների վրայ, այն յոյսով և հաւատքով, որ մենք էլ մի օր պիտի արժանանաք իր տեսութեան, իր օրհնութեան և շնորհքին և դրանցով զօրացած պիտի փառաւորենք զինքը» աւարտեց Սրբազան Հայրը:

Պատարագի աւարտին բոլոր եկեղեցիների եկեղեցական խորհուրդները պատրաստել էին Համբարձման յատուկ հիւրասիրութեան սեղաններ, որոնք օրհնւելուց յետոյ հրամցւեցին եկեղեցիների բակում հաւաքւած ժողովուրդին:

Պատրաստւել էին նաև ջանգիւլումներ, որոնք մեծ խանդավառութեամբ կիրառւեցին համաձայն մեր ժողովրդական աւանդութեան: