ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԵՐԿՐՈՐԴ ԾԱՂԿԱԶԱՐԴ

«Մեծահրաշ այս խորհուրդը՝ աւանդութեամբ մեզ հասած, որ հոգիների մեր լուսատուն իր պաշտպանից էր լսել, թէ երկնքի մէջ իր դասի մեծ տօնն էր այսօր»։
ՇԱՐԱԿԱՆ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան շարականագիր հայրապետի՝ Պահլաւունի նահապետական մեծ տոհմի արժանաւորագոյն ժառանգորդներից Գրիգոր Պահլաւունի կաթողիկոսի գրչից մեզ հասած այս տողերն այսօր, մէկ անգամ եւս, յաղթականօրէն երգւեցին մեր եկեղեցիների կամարների ներքոյ՝ մեր գիտակցութեան մէջ վերաթարմացնելով այն գեղեցիկ ու իմաստալից աւանդութիւնը, որ կապւած է այսօրւայ տօնին։
Համաձայն մեր եկեղեցու ծիսական դրութեան՝ Յինանց եօթներորդ կիրակին կոչւել է Երկրորդ Ծաղկազարդ, պարզապէս նրա համար, որ այսօրւայ աւետարանական հատւածները պատմում են Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի մասին։ Այս պարզ ու մեկին բացատրութեան կողքին՝ առկայ է, օրւայ խորհրդին առնչւող, մի այլ գեղեցիկ ու իմաստալից բացատրութիւն եւս, որ է այս կիրակին Երկրորդ Ծաղկազարդ կոչելը։ Օրւայ խորհուրդը մեզ է փոխանցում հէնց շարականագիր հայրապետն ինքը։
Համաձայն եկեղեցական-ազգային գեղեցիկ մի աւանդութեան՝ մեր հաւատի հօրը՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորչին, Խոր Վիրապում բանտարկութեան ժամանակ, այցելում էր մի երկնային էակ՝ հրեշտակ, որը զօրացնում էր նրան եւ մխիթարում իր տառապանքների ու առանձնական նեղութեան մէջ։
Համբարձման չորրորդ օրը հրեշտակը բացակայում է։ Երբ յաջորդ օրը սուրբը հարցնում է բացակայութեան պատճառը, հրեշտակը պատասխանում է, որ ամէն տարի, Քրիստոսի երկինք յաղթական վերադարձը փառաբանելու համար, հրեշտակների ինը դասերը յաջորդաբար, ինն օր շարունակ, հանդիսութիւններ են կազմակերպում։ Քանի որ ինքը պատկանում էր չորրորդ դասին, ուստի՝ չէր կարողացել այդ օրն այցելել սուրբին, որովհետեւ պէտք է իր խմբի հետ լինէր եւ մասնակցէր Յիսուսի երկինք մուտքի չորրորդ օրւայ հանդիսութիւններին։
Ահա գեղեցիկ եւ ուսանելի աւանդութիւնը՝ կապւած Երկրորդ Ծաղկազարդի հետ. մի աւանդութիւն, ուր առաջին հերթին նշմարւում է նախախնամութեան տնօրինական հոգածութիւնը՝ Քրիստոսի հաւատկից ու չարչարակից Ս. Գրիգոր Լուսաւորչի նկատմամբ։
Խոր Վիրապ նետւած Ս. Գրիգոր Լուսաւորիչը, մարդկանցից մոռացւած, ապրում էր անյոյս կացութեան մէջ։ Կեանքի, մարդկային կեանքի ամենադժւար ու տառապալից պահերը նրանք են, երբ մարդ զգում է, որ ինքը հալածւած, անտեսւած ու մերժւած է իր շրջապատից, հասարակութիւնից։ Խոր Վիրապում Ս. Գրիգոր Լուսաւորչի միակ մխիթարութիւնն ու սփոփանքը Քրիստոսի հանդէպ իր ունեցած խոր յոյսն ու հաւատքն էին։
Իրենից առաջ, յանուն նոյն ճշմարտութեան, ուրիշները եւս բանտարկւել էին։ Քրիստոսի առաքեալներից շատերը բազմիցս բանտարկւել էին, սակայն չէին կորցրել իրենց յոյսն ու հաւատքը։ Եւ ինքը հիմա, կենդանի հաւատով զօրացած, իր ժամանակն անցկացնում էր Խոր Վիրապի այդ գբի մէջ մինչեւ այն օրը, երբ յաղթանակելու էր հաւատը, եւ դուրս էր գալու գբից՝ սկսելու նոր, պայծառացեալ կեանք, որի անուշահոտութեամբ շուտով բուրումնաւէտ էր դառնալու ողջ հայաշխարհը։
Ս. Գրիգոր Լուսաւորիչը, Խոր Վիրապում անցկացրած տարիների ընթացքում, վստահաբար մտաբերում էր Պօղոս առաքեալի կորնթացիներին գրած Բ նամակի այն հատւածը, ուր առաքեալն ասում է. «Ուստի՝ չենք թուլանում բնաւ։ Եթէ նոյնիսկ մարմնապէս հետզհետէ քայքայւում ենք, ներքնապէս նորոգւում ենք օրէցօր։
Ներկայումս մեր կրած այս թեթեւ նեղութիւնն արտակարգ գերազանց եւ յաւիտենական փառք է ապահովում մեզ համար։
Մենք մեր ուշադրութիւնը կենտրոնացնում ենք ոչ թէ նիւթական իրականութիւնների, այլ հոգեւոր իրականութեան վրայ, որովհետեւ նիւթական իրականութիւնները ժամանակաւոր են, մինչդեռ հոգեւոր իրականութիւնները՝ յաւիտենական»(Բ. Կր. 4։16-18)։
Քրիստոնէական հաւատն այնքան էր զօրացրել ու գօտեպնդել սուրբին, որ մարդկանց կողմից իրեն հասցւած բոլոր նեղութիւնները, հալածանքներն անկարող եղան նւաճել նրան։ Ընդհակառակը՝ աւելի արիացրին, որովհետեւ նրա մէջ ողջ էին յաւիտենականութեան յոյսը եւ հաւատն առ Քրիստոս։ Պօղոս առաքեալի բառերով ասած՝ հաւատը հաստատումն է յուսացւած բաների եւ ապացոյցն այն բաների, որոնք չեն երեւում։ Արդարեւ, այս հասկացողութեամբ՝ հաւատը մարդուն պատւանդանում է սիրով ու յոյսով, որոնք, հաւատի հետ միասին, կազմում են մարդու կեանքի եռեակ ճառագայթները՝ նրան միանգամայն դէպի «անտեսանելի բաներն» առաջնորդելով։
Ս. Գրիգոր Լուսաւորիչը, քրիստոնէական այս եռեակ ճառագայթներով, հանդիսացաւ աստւածային անիմանալի Լոյսի երեւելի ստւերը՝ մեր կեանքում. կեանք, որ այնուհետեւ ընթացաւ նրա գծած ուղիով՝ միշտ «անտեսանելի բաների» տեսիլքով։
Մեր ժողովուրդն իր վերջին երկու հազար տարիների պատմութեան մռայլ ու տխուր օրերում իսկ իր հաւատն ու յոյսը կենդանի պահեց։ Հակառակ բոլորից, նոյնիսկ ամենամօտիկներից մերժւելուն՝ չկորցրեց տեսիլքը՝ ապագայի նկատմամբ, քանի որ իր համար յոյսը վաղւայ պայծառափայլ տեսիլքն էր, իրականանալի տեսիլքը։
Դեռ 103 տարիներ առաջ ՆԱ՝ հայ ժողովուրդը, ապրեց իր խորվիրապեան գողգոթացեալ կեանքը։ Ուսերին կրեց իր խաչը եւ քայլեց անծայրածիր անապատներով ու ձորերով, կիրճերից ու դաշտերով եւ, սակայն, իր այդ անասելի ու անպատմելի նեղութիւնների մէջ իսկ, մնաց անվրդով ու արիասիրտ. ըմպեց դառնութեան բաժակից, սակայն երբեք չնկրկեց։ Կարծէք Պօղոս առաքեալը հէնց նրա համար էր գրել հետեւեալ տողերը.«Ամէն տեսակ նեղութիւն ունենք, բայց ընկճւած չենք. տագնապի ենք մատնւած, բայց յուսահատ չենք. հալածանքներն անպակաս են, բայց լքւած չենք. յաճախ խոշտանգւած, բայց խորտակւած չենք։ Մեր մարմինների մէջ շարունակ կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնւի մեր մարմինների մէջ»(Բ. Կր. 4։8-10)։
Ու այսօրւայ տօնը վերոյիշեալ ճշմարտութեան գեղեցկագոյն վկայութիւնն է։ 1915 թւականը հանդիսացաւ մեր ժողովրդի պատմութեան ամենասեւ ու խաւար տարին։ Մահը մեր մարմինների մէջ կրեցինք եւ, սակայն, յարութեան հաւատով ոգեղինացած, մեր ժողովուրդը, երեք տարի յետոյ, 1918 թւականի մայիսեան յաղթապանծ ու յաղթակերտ Սարդարապատով, կերտեց իր ներկայ պատմութեան ամենալուսաւոր էջերից մէկը։ Մայիսեան յաղթանակներով կերտւած Հայաստանի Հանրապետութիւնը դարձաւ մեր այսօրւայ Հանրապետութեան պատւանդանը։
1918 թւականի Մայիսի 28-ը մեր ժողովրդի պատմութեան մէջ կենդանի է մնալու առյաւէտ։ Եղան մարդիկ ու դեռ կան դեռեւս, ովքեր կամեցան ստւերել այս թւականը եւ այս թւականով իրագործւածն ու նւիրականացածը։ Սակայն, հայը, հզօր իր ինքնապաշտպանութեան ներքին բնազդով եւ գիտակից՝ պայքարով ու նահատակութեամբ իրագործւած նւաճումներին, շարունակելու է իր կեանքի գոյապայքարը՝ յանուն սեփական իրաւունքների ամբողջական ձեռքբերման։
Ազատութեան, իրաւունքների ձեռքբերման համար մղւած ու մղւող պայքարը սուրբ է ու նւիրական։ Նոյնքան նւիրական է Հայրենիքի համար մղւող պայքարը։ Պօղոս առաքեալն ասում է. «Եղբայրնե՛ր, Աստւած կանչեց ձեզ, որ ազատ լինէք. նայեցէ՛ք միայն, որ այդ ազատութիւնը մարդկային ցանկութիւններ կատարելու պատրւակ չդառնայ, այլ սիրով ծառայեցէ՛ք միմեանց» (Գղ. 5։13)։
Այո՛, սիրելի՛ հայորդիներ՝ սարդարապատակերտ սերունդի ժառանգորդնե՛ր, քրիստոնէական հասկացողութեամբ հաւատի ու հայրենիքի համար մղւած պայքարը սուրբ է ու նւիրական։ Ահա սրա համար էր, որ, Դ դարի սկզբում, Վրթանէս հայրապետը, յընթացս պարսիկների դէմ մղւած պատերազմի՝ հայոց բանակի սպարապետ Վաչէ Մամիկոնեանի ու նրա զօրականների նահատակութեան առիթով, մխիթարում է իր ժողովրդին՝ ասելով.«Մխիթարւեցէ՛ք, որովհետեւ նրանք, ովքեր մեռան, մեռան Հայրենիքի, եկեղեցու եւ մեր աստւածատուր կրօնի համար։ Ընկան, որպէսզի մեր երկիրը գերի չդառնայ ու չքանդւի, սուրբ եկեղեցիները չպղծւեն…։ Արդ, չարտասւենք նրանց վրայ, այլ պատւենք նրանց, ինչպէս պատւում ենք ճշմարտութիւնը»։
Այո՛, հարիւր տարիներ առաջ, ճիշտ այս օրերում, հայոց հողը մէկ անգամ եւս սրբագործւում էր մեր արի ու վեհանձն ժողովրդի զաւակների՝ հերոս զաւակների արեամբ, մէկ անգամ եւս հայ մարդ- ցորենհատիկն ընկնում էր հողի մէջ՝ գիտակցօրէն մեռնելու, հետագայում նոր կեանք տալու իր յետնորդներին։ Մէկ անգամ եւս հայ ժողովուրդը, մի մարդու նման, լցրել էր ողջ Արարատեան դաշտն ու այն վերածել շիկացած սրի՝ ի պաշտպանութիւն հայրենի հողի, ինչքի, հարազատ տան, արժանապատւութեան, մարդու ամենաբնական ու արդար իրաւունքի՝ ազատութեան։
Այդ օրից սկսեալ՝ Սարդարապատը եղաւ նոր Աւարայր, մերօրեայ Արցախի խորհրդանիշ՝ ի խնդիր ազատութեան, իրաւունքների ձեռքբերման ու հայրենիքի կերտման մղւող պայքարի։ 1918 թւականի Մայիսի 28-ով իրագործւած Հայաստանի Հանրապետութիւնը նոր յոյսի ու լոյսի ապրումներով այնքան լցրեց հայի էութիւնը, որ այնուհետեւ միապետական բռնութեան գալիք եօթանասուն տարիներն անկարող եղան հայի մտքից ու հոգուց դուրս բերել ազատութեան, ազատօրէն գործելու եւ ստեղծագործելու անմար տենչը, որովհետեւ նա, իր ամբողջական հոգով, հաւատացած է, որ առանց ազատութեան՝ հայրենիքը դադարում է իրական ու վաւերական հայրենիք լինելուց։ Ճշմարիտ է հետեւեալ ասացւածքը.«Վերացրէք ազատութեան հանդէպ հաւատքը՝ հասարակութիւնը կը կործանւի»։
Ամէն բանից առաջ՝ այսօր բոլորս կոչւած ենք գերազանցապէս ու ամբողջականօրէն ուսումնասիրել ու ճանաչել մեր պատմութիւնը՝ իր հեռու եւ մօտ անցեալով, որովհետեւ մեր անցեալի կեանքին ամբողջական ծանօթութիւնը մեզ աւելի կենդանիօրէն է կապելու մեր պատմութեանը, հայրենիքին ու այն բոլոր նւիրական ժառանգութիւններին, որոնց վրայ է պատւանդանւում մեր կեանքը։
Այսօր կոչւած ենք միակամ ու համատեղ լծակցութեամբ շարունակել պայքարը՝ յանուն ազատութեան եւ մեր հողերի, ամբողջական հողերի ազատագրութեան։ Սակայն, չմոռանանք, որ պայքարի իրականացումն առաջին հերթին ենթադրում է աներկբայ հաւատ, յարատեւութիւն ու յաղթելու վճռակամութիւն. եւ երկրորդ՝ գաղափարական այնպիսի կեանք, որ միշտ իրեն առաջնորդի դէպի վեր ու աւելի վեր։
Դարերի ճնշող բռնատիրութիւնից ձերբազատւած հայը Մայիսի 28-ով մի նոր կեանքի հեռանկար բացեց իր առջեւ։ Այդ հեռանկարն ուրիշ բան չէ, եթէ ոչ իր հայրենի հողերի ամբողջական ազատագրումը։ Այսօր այդ պայքարը տարւում է հերոսական Արցախում, ուր մեր ժողովրդի զաւակների մի մասն ապրում է իր հողերի, գիւղերի ու քաղաքների ազատագրման գերագոյն երջանկութիւնը։
Անհրաժեշտ է, ամբողջական նւիրւածութեամբ ու գիտակցութեան ամենաբարձր աստիճանով ղեկավարւելով, առաջ տանել մեր կեանքը, որովհետեւ, մեր հայրենիքում կատարւած վերջին քսանվեց տարիների շրջադարձային դէպքերի շնորհիւ, որոնց վերջինը համաժողովրդային խաղաղ ու դաստիարակիչ ցոյցերն էին, որոնք մեր երկիրը նոր ու յուսաբեր հորիզոնների առաջ դրեց Մայիսի 28-ը եւս նոր իմաստ ու արժէք է ստացել այլեւս, քանի որ նրանով Հայաստանի ամբողջ կապուտակ երկնակամարը շքեղօրէն եռագունւած է։ Ինչպէս բանաստեղծն է ասում.
Կը բարձրանա՜յ,
Հայ եռագոյնն հազարամեայ
Կը բարձրանայ երկինքն ի վեր Արարատեան։
Կը բարձրանայ
Իր հայրենի հողին վրայ,
Պահւած՝ ցեցէն նենգ ուրացման,
Եւ թօթափւած սարդոստայնէն մոռացութեան։
Կը բարձրանայ՝
Շալկած հայուն իղձերն անգին,
Առած մարմինն հայ երազին՝
Հայոց դրօշը կառնէ թեւ՝ որպէս արեւ։
Մայիսի 28-ի տօնակատարութիւններով եւ կենսաւորւած հաւատով ու ծաղկազարդեալ տրամադրութեամբ տօնը մեզ մղում է ողջունել մեր ժողովրդի գոյապայքարի պատմութեան այս ամենագեղեցիկ էջը։ Նաեւ միաժամանակ մղում է ուխտել՝ քայլելու Վարդանների, Ղեւոնդ Երէցների, մեր արի, վեհանձն մտքի եւ հոգու անկրկնելի Ֆիդայիների ու քաջամարտիկ զօրականների, ինչպէս նաեւ մերօրեայ ազատամարտիկների կեանքի հետքերով՝ միշտ փայփայելով մէկ եւ ամբողջական ժողովրդի ու հայրենիքի տեսիլքը, մինչեւ երջանիկ այն օրը երբ նւիրական եռագոյնը բարձրացնենք Արարատի գագաթին։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
23 Մայիս 2018

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com