Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգևորականների

Երեքշաբթի մայիսի 15-ի կէսօրին, Մակեդոնիայից Թեհրան ժամանած հոգևորականներ՝ Միլան քահանայ Բորիսովը, Ս. Ստեփանոս մատրան հովիւ և փոխտնօրէն գիտութեան ու միջազգային համագործակցութեան բաժանմունքի Աստւածաբանութեան համալսարանում, նաև Դէժան քահանայ Բորիսովը քաղաքավարական այցով, այցելեցին Ազգային Առաջնորդարան և հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:

Հոգևորականներին ուղեկցում էին Իրանի Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն՝ Հոջաթոլ Իսլամ վալ Մոսլեմին Մահդի Թասխիրիին, տկն. Ռաշիդբէյգին և նոյն կենտրոնի ներկայացուցիչները:

Առաջնորդ Սրբազան հայրը նախ ջերմօրէն ողջունեց իր հիւրերին, իր ուրախութիւնը յայտնեց այս առիթով եւ լուսաբանիչ բացատրութիւններ տւեց ներկաներին հայութեան մասին, իրանահայ գաղութի անցեալի եւ ներկայի կեանքի և յատկապէս թեհրանահայութեան մասին եւ հայ եկեղեցու ու հայ ժողովրդի իւրայատկութիւնների մասին իբրեւ քրիստոնեայ ազգ: Իր խօսքի միւս բաժնում Սրբազան հայրը անդրադարձաւ իրանահայ գաղութի ներկայ կեանքին։ Վերջում անդրադարձաւ նաև հայ-մակեդոնական յարաբերութիւններին:

Այնուհետև հիւրերն այցելեցին նահատակաց յուշարձան և ապա մտան Ս. Սարգիս մայր եկեղեցի, որտեղ իրենց աղօթքը մատուցեցին Աստծուն: