Թեհրանի 14-րդ շրջանի քաղաքապետարանը վերանորոգչական աշխատանք է նախատեսել Դուլաբի գերեզմանատան համար

Թեհրանի Դուլաբի գերեզմանատունը, որտեղ ամփոփւած են ականաւոր դէմքերի աճիւններ, ունի վաղեմի պատմութիւն եւ այսօր այն համարւում է պատմական կոթող, որը իր վրայ է սեւեռել Իրանի պետական շրջանակների ուշադրութիւնը եւս, եւ տեղում կատարւում են նորոգութեան աշխատանքներ:

Ըստ գերեզմանատան արձանագրութեան մատեանի տւեալների՝ առաջին գրանցւած թաղումը կատարւել է 1853 թւականի յուլիսի 7-ին (հանգուցեալ՝ Կարապետ Մարգարեան), սակայն գոյութիւն ունեն մատեանում չգրանցւած աւելի հին թւականներ կրող շիրմաքարեր եւս, որոնցից ամենահինը պատկանում է Յակոբ Մարգարեանին եւ կրում է դեկտ. 6, 1821 թւականը: Ըստ մատեանի՝ վերջին թաղումը կատարւել է 1996 թւականի յուլիսի 19-ին (հանգուցեալ՝ Արմենուհի Դարբինեան):

Դուլաբի գերեզմանատունը գտնւում է Թեհրանի քաղաքապետարանի 14-րդ շրջանի քաղաքապետի վերահսկողութեան տակ գտնւող քաղաքամասում:

Նախատեսւող մի շարք աշխատանքների կապակցութեամբ հարցազրոյց ենք վարել 14-րդ շրջանի քաղաքապետ դոկտ. Ֆարհուդ Համիդի Ֆարահանիի հետ: Նա անդրադառնալով գերեզմանատան բարեկարգման համար նախատեսւող աշխատանքների մասին ընդգծեց. «Գերեզմանատունը ունի մօտաւորապէս 70 հազար քառակուսի մետր տարածութիւն եւ գտնւում է Թեհրանի 14-րդ քաղաքապետարանի վաղեմի շրջաններից մէկում՝ Դուլաբում: Նախապէս տարածքի պահպանման հարցով ինչ-որ աշխատանքներ են իրականացւել քաղաքապետարանի կողմից եւ տեղում ամփոփւած են շատ ականաւոր եւ պատմական նշանակութեամբ դէմքերի աճիւններ:

Ուստի՝ մենք եւս մեր հերթին պարտական ենք այդ տարածքի պահպանման եւ բարեկարգման հարցով: Թեհրանի ներկայ Քաղխորհրդի անդամները անգամներ այցելել են Դուլաբի գերեզմանատուն եւ Քաղաքապետարանի ուշադրութեանը յանձնել, որ գերեզմանատների նկատմամբ է՛լ աւելի ուշադրութիւն դարձւի: Քաղաքապետարանը ազգային առաջնորդարանի մասնագէտների եւ պատկան մասնագէտների հետ միասին նախագիծ է մշակել, եւ արդէն իսկ մշակւած ծրագրի համաձայն մտադիր ենք գոնէ նախնական եւ անհրաժեշտ կարիքները ապահովել: Այդ առումով արդէն պատրաստւել է գծագրութիւնը, լանդ սքէյփը եւ տարածքի բարեկարգման համար ինչ-որ ծրագրեր ենք պատրաստել, մտադիր ենք նորոգել սանհանգոյցը եւ յստակեցրել ենք անհրաժեշտ գումարի քանակը: Քաղխորհրդի հաստատմամբ ձեռնամուխ կը լինենք մի շարք աշխատանքների: Նշեմ, որ հայկական գերեզմանատանը կից այդ տարածքում են գտնւում նաեւ երկու այլ պատմական գերեզմանատներ, մտադիր ենք բարեկարգել անցումային ճանապարհները, նստարանները եւ այն ինչ անհրաժեշտ է»:

Լուրը քաղւած է «Ալիք»-ից