ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՑՈՐԴՆԵՐԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Իրանի քաղաքամշակութային դիւանագիտութիւնը արտացոլող Իրանի դեսպանատների մշակութային կցորդները, երեքշաբթի, յունիսի 19-ին այցելեցին Թեհրանի ազգային առաջնորդարան:

Ազգային առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռոբերթ Բեգլարեան, փոխատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեան եւ դիւանապետ՝ Սերոժ Օհանեանը: Առաջնորդ Սրբազան Հայրը նախ բարի գալուստ մաղթեց իրենց և իր ուրախութիւնը յայտնեց այս հանդիպման համար:

Թեմակալ առաջնորդը շեշտեց, որ Իրանն աւելի քան 3000 տարւայ իր քաղաքակրթութեամբ և մշակութային ժառանգութեամբ հսկայ գանձ է, որը պէտք է լաւ ձևով ներկայացւի աշխարհին: Նաև շեշտելով, որ Իրանը հազարաւոր տարիներ առաջ եղել է տարբեր կրօնների համակեցութեան կենտրոն և օրրան, որը մատնանշւած է նաև Աստւածաշնչի մէջ, ուրախութիւն յայտնեց, որ մենք ապրում ենք Միջին Արևելքում և այս պարագային Իրանում, որտեղ տակաւին կրօնն իր իրական ներկայութիւնն ունի:

Սրբազան Հայրը նշեց նաև հայերի ու Իրանի ժողովրդի աւելի քան 3000 տարիների կապերի մասին, շեշտեց թէ հայ ժողովրդի զաւակները կապւած են Իրանին և Իրանի Ժողովրդին և դա արդիւնքն է եղել երկու ժողովրդների մշակութային, զինւորական, պատմական, ընկերային և տնտեսական խոր կապերի: «Մեր մեծագոյն պարտականութիւնը, իբրև Իրանի քաղաքացիներ, այն է, որ պէտք է աշխատենք մեր երկրի պատկերը լաւագոյն կերպով ներկայացնենք աշխարհին»- եզրակացրեց Սրբազան Հայրը:

Մշակութային կցորդներին ընկերակցում էին Իսլ. մշակոյթի ու կապի կազմակերպութեան ներկայացուցիչները:

Ընթացքում մշակութային կցորդները հարցերով դիմեցին Առաջնորդ Սրբազանին և ստացան գոհացուցիչ պատասխաններ: Նրանք փոխադարձաբար շնորհակալութիւն յայտնեցին նման առիթի ստաեղծման համար և ընդգծեցին, որ այս հանդիպման մասին կը փոխանցեն ամենուր:

Մշակութային կցորդներն ուկարկւելու են՝ Ռուսաստան, Պակիստան, Աֆղանստան, Ինդոնեզիա, Ալ Ջիրիա, Սերբիա և այլուր: