Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ.Հ.Թ. Առաջնորդ՝ Գերշ Տ. Սեպուհ Յոբելիար Սրբազան Արք.ի Յիսնամեայ Աշխատանքային, Գործունէութեան ու Վաստակի Ներկայացում

Աշխարհի ու տիեզերքի խորախորհուրդ վեցօրեայ ստեղծումից ի վեր, բովանդակ էութեամբ այն կարգաւորւած պահւում է բացարձակ հոգատարութեամբ, որը Աստւածաշնչական լեզւամտածողութեան մէջ եւ աստւածաբանական եզրաբանութեամբ կոչւում է աստւածային նախախնամութիւն։

Եւ իրօք էլ ամէն ինչ Աստծու նախախնամութեամբ է կարգաւորւում, որովհետեւ քրիստոնէական հաւատի, կրօնի եւ առողջ մտածողութեան համար պատահականութիւն ասւած բան գոյութիւն չունի։ Ուստի, ամէն ինչ ներառւել է Աստծու խոշոր ծրագրում իր տեղն ու դերը զբաղեցնելու համար։
Այդ առումով, հետաքրքրական է լսել հետեւեալ աստւածային հաստատումը, որը վերաբերում է մարդկային փրկագործական ծրագրում յատուկ կերպով ընտրւած եւ ուրոյն առաքելութեան կոչւած պատասխանատու այն ծառայի մասին, ով իրօք կենդանի տիպարը հանդիսացաւ աստւածային նախախնամութեան։
Երեմիա մարգարէն անձամբ վկայում է՝ ասելով. «Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ ես ընտրեցի քեզ, եւ դեռ մօրդ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսների վրայ մարգարէ կարգեցի…։ Ում մօտ որ ուղարկեմ քեզ, բոլորի մօտ էլ պիտի երթաս, ու այն ամէնը, ինչ որ պատւիրեմ քեզ, պիտի խօսես» (Եր 1.5,7)։ Եւ քանի որ մեր ժողովրդի կեանքն ու պատմութիւնն էլ անբաժանելի մի մասն է կազմել այդ ընդհանուր ծրագրին եւ յատկապէս վերջին հարիւրամեայ ժամանակահատւածը, նոյն աստւածային նախախնամութեամբ եւ տնօրինումով մեր եկեղեցու ու ազգի օրհնութեան, բարիքի եւ ուղիղ կարգաւորման ի խնդիր սրանից 72 տարիներ առաջ 1946 թւի հոկտեմբերի 26-ին Միջին Արեւելքում, Սիրիայի Գամիշլի քաղաքի մօտակայքում գտնւող Ճուխա կոչւած մի աննշան հայկական գիւղում, համեստ բայց միաժամանակ քրիստոնէական ու ազգային արժէքներով հարուստ մի ընտանիքում լոյս աշխարհ էր ընծայում մի նորածին արու մանկան, որը համաձայն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու ծիսական կանոնին մկրտւելուց՝ կոչւում էր Տիգրան Սարգսեան։
Ահաւասիկ, այս Տիգրանն էլ Երեմիայ մարգարէի նման մօրը որովայնից էր ընտրւել ու չծնած՝ սրբւել յատուկ առաքելութեամբ ու կոչումով, որի մասին Պօղոս առաքեալ գեղեցկօրէն անդրադառնալով՝ ասում է. «Աստւած աշխարհի գոյութիւնից էլ առաջ ընտրել էր մեզ՝ Քրիստոսի միջոցով իրեն պատկանելու համար» (Եփ 1.4), «Աստւած, որ իմ ծնելուց առաջ իսկ ինձ ընտրել եւ իր շնորհով այս պաշտօնին էր կոչել» (Գղ 1.5), մի նւիրական առաքելութիւն, որը յառաջիկայ տարիներին պիտի յստականար, համալրւէր ու նրա ամբողջ կեանքի ու գործունէութեան նպատակը դառնար։
Պատանի տարիքից Տիգրանը կորցնում է իր հայրը եւ զրկւում է հայրական սիրուց, գոգից, խնամատարութիւնից, պաշտպանութիւնից, շւաքից ու ներկայութիւնից, չնայած որ քաջարի այրիացեալ մայրը իր ուսերին վերցրած զոյգ հօր ու մօր նւիրական պարտականնութիւնները, ոչ մի ճիգ ու ջանք չի խնայում հայթայ-թելու համար իր զաւակներին։
Նրանք տեղական առումով շրջապատւած լինելով ոչ քրիստոնեայ, իսլամ եւ քիւրտ հարեւաններով, Տիգրանը մանուկ հասակից սովորում է սիրով, յարգանքով եւ փոխադարձ հասկացողութեամբ՝ ներդաշնակ ու համատեղ գոյակցել հարեւան համաքաղաքացիների հետ, եւ այն տարիներից արդէն կարծէք նրա մէջ սերմանւում է ապագայի միջ-կրօնական համագոյակցութեան եւ առողջ յարաբերութեան ջատագովն ու ժողովական ներկայացուցիչը։
Նա իր մանկութեան ու պատանեկութեան եկեղեցի ու դպրոց յաճախելու կողքին եղել է նաեւ Հ.Մ.Ը.Մ.ական սկաուտ ու Զաւարեանական պատանի, որտեղ նրա մէջ դրծւել են նաեւ բարձրացիր-բարձրացուր մարդու վեհ բարոյական նկարագիրն ու հայրենիքին համար ազգային ու ազատագրական պայքարի շունչն ու ոգին։
Այդ տարիներից իսկ, համաձայն իր իսկ վկայութեան, նրա մէջ շետւած է եղել հայ գիրքի ու ընթերցանութեան տարօրինակ սէրը, ով ամէն շաբաթ իբրեւ կանոնաւոր այցելու-յաճախորդ այցելում էր ակումբի գրադարանը եւ չնչին մի գումա-րով գիրք էր վերցնում ընթերցելու։
Նա իր նախնական կրթութիւնը Գամիշլիի Ազգային Եփրատ դպրոցում ստանալուց յետոյ 1961 թւին ընդունւում եւ մուտք է գործում Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանք։
Այս հանգրւանը պատանի Տիգրանի համար լինում է ճակատագրական եւ անկիւնադարձային։ Դպրեվանքի հոգեւոր կաճառում ու դարբնոցում նրա առջեւ բացւում է իր կեանքը հունաւորող այն ուղին, որի մէջ եօթ տարիներ անխոնջ ու անվհատ քայլելով, սովորելով, կարդալով, ուսումնասիրելով, գրելով, հոգեիմացապէս լուսաւորւելով ու լիցքաւորւելով, նկարագրով ուռճանալով, կրօնական, հոգեւոր, ազգային ու հայրենասիրական ջինջ ու բիւրեղ հոգով ու ոգով կազմաւորւելով, ու այն ժամանակւայ տիտանների ինչպէս՝ Զարեհ Ա. Փայասլեան կաթողիկոսի, Խորէն Ա. Բարոյեան Կաթողիկոսի, Գարեգին Եպս. Սարգսեանի (ապա կաթողիկոս), Էդւարդ Տասնապետեանի, Մուշեղ Իշխանի, Բիւզանդ Եղիայեանի եւ այլոց օրինակի եւ շնչի տակ դաստիարակւելով ու նրանց հոգու, մտքի ու սրտի ակունքներից ըմպելով՝ պիտի կաղնիանար, ու նրանց ունեցած հայ դատի պահանջատիրութեան եւ ազատագրական պայքարի անխորտակելի զօրութեամբ հսկայացած, կրանիտացած պատրաստւէր իր դասընկերների հետ միասին, կեանքի դաշտ իջնելու եւ Դպրեվանքից ստացածն ու ամբարածը իր կարգին որպէս մաքուր առւակ տրամադրելու՝ ջրտուկելու համար այն անդաստանն ու այգին, որտեղ նա որպէս մշակ առանց ամօթի պիտի ուղարկւէր գործելու ու ծառայելու։
Դպրեվանքեան ուսումնառութեան եօթ տարիները Տիգրանի համար եղան մեղւաջան աշխատանքային տարիներ, ով մեղւի նման զանազան ծաղիկների վրայ թառելով՝ նրանց աւիշը հաւաքեց ու իր հոգեիմացական շտեմարանում ամբարեց, որոնց միջոցով նա աճեց, զարգացաւ, հասունացաւ, աստիճանաբար, խոր գիտակցութեամբ բացւեց այն կոչումին, որի համար տարիներ առաջ Նախախնամողն Աստւած նրան յորովայնից էր ընտրել ու կոչել։
Դպրեվանքում նա սովորեց կրօն, հայ եկեղեցու պատմութիւն, ընդհանուր ազգաց պատմութիւն, Հին եւ նոր Կտակարանների ներածութիւն, մեկնութիւն, աստւածաբանութիւն, շարականագիտութիւն, հայերէն լեզու, գրաբար, մատենագիտութիւն, հայ գրականութիւն ու պատմութիւն, աշխարհագրութիւն, արաբերէն, անգլերէն ու Ֆրանսերէն լեզուներ, հայագիտական նիւթերի կողքին նաեւ նա անցկացրեց իմաստասիրութիւն, հոգեբանութիւն, արժէքաբանութիւն, մանկավարժութիւն, կրօնների պատմութիւն, եւ այլ նիւթեր, որոնք առիթը հանդիսացան ընդլայնելու պատանի ու երիտասարդ Տիգրանի մտային հորիզոնը եւ ըստ այդմ կողմնորոշելու նրան։
1965-ին քառամեայ ժառանգաւորացի բաժինը աւարտելուց նա իր դասընկերների հետ ձեռնադրւում է սարկաւագ, ձեռամբ Գարեգին եպս. Սարգսեանի։ Իսկ ընծայարանի եռամեայ տարեշրջանն աւարտելուց 1968-ի յունիսի 16-ին որպէս Հայաստանի առաջին անկախ հանրապետութեան 50-ամեակի սերունդ չորս ընծայեալների հետ ձեռնադրւում է կուսակրօն քահանայ-աբեղայ ձեռամբ օրին Լիբանանի առաջնորդ՝ Գերշ. Տ. Տաճատ Արք. ՈւրՖալեանի, վերակոչւելով՝ Սեպուհ Աբեղայ Սարգիսեան։
Այո՛, պատանեկութեան որբացեալ եւ հօր մարմնաւոր ներկայութիւնից զրկւած Տիգրանը այժմ «աստւածային եւ երկնաւոր շնորհ»-ի ներգործութեամբ ան-ձամբ դառնում էր հայր, սակայն ո՛չ սովորական բառի հնչողութեամբ հայր, այլեւ աստւածակերպ ու հոգեւոր։ Նա կոչւում էր Սեպուհ հայր սուրբ, որպէսզի լինէր հայրը ո՛չ թէ սահանափակ թւով երեխաների, այլեւ տասնեակ եւ հարիւր հազարա-ւոր ու միլիոնաւոր զաւակների։
Նա դառնում էր հայր, որպէսզի մկրտութեան խորհրդի ճամբով մկրտարանի աւազանից հոգեւորապէս ծնունդ տար բազմահազար հայորդիների։
Նա դառնում էր հայր, որպէսզի Ս. Պսակադրութեան խորհրդի ճամբով դառնար հայրը բազմահազար նորակազմ ընտանիքների։
Եւ հայրութեան կոչումը իր մէջ այնքան խորացաւ, որ տարիների ընթացքին նա դարձաւ հոգատար հայրը անխտիր բոլորին, մանուկին, պատանուն, երիտասարդին, հասուն ու տարեց մարդկանց, մեծին ու փոքրին, հիւանդին, սգաւորին, անմխիթարին, աղքատին, կարիքաւորին, անտեսւածին, լքւածին, հարուստին ու չքաւորին, տկարին ու կորածին, որբին, որբեւայրուն, բանտարկեալին, անտուն ու անտիրականին, անօթի ու ծարաւին, փախստականին, ու մարմնամտային տկարութիւններ ունեցողներին։
Նա սիրեց, եւ անվերապահ սիրեց ու սիրում է։ Նա հոգատար եղաւ եւ անշահախնդիր շարունակում է։ Նա տագնապեց եւ տակաւին տագնապում է իր զաւակների անապահովութեանը պատճառով։ Նա սգաց, լացեց ու խռովւեց իր զաւակների աղիտալի կորուստի ի տես։ Նա աղօթեց ու շարունակ աղօթում է իր հոգատարութեան յանձնւած հօտի համար։ Նա խրատեց ու տակաւին խրատում է, զգուշացրեց, զգաստութեան եւ կարգի հրաւիրեց, յորդորեց եւ դեռ նահանջ չի ճանաչում։
Նա միշտ փորձեց մարդկանց միջեւ սիրոյ, համերաշխութեան եւ խաղաղութեան հաւասարակշիռը պահել մեծ ընտանիքում, եւ դեռ ոգի ի բռին պայքարում է։ Նա իբրեւ հայր իր կեանքն որպէս խաղող ճզմեց ազգի հնձանում եւ տակաւին անում է, իրենից ծորող հոգեւոր գինիով այլոց սրտերը ուրախացնելու համար։ Նա որպէս հայր տւեց ու շարունակում է տալ, որովհետեւ հետեւում է իր Տիրոջ օրինակին, որի մասին մեր Տէրն է վկայել՝ ասելով. «Աւելի երջանկաբեր է տալը քան առնելը» (տե՛ս Գրծ 20.35), որովհետեւ նա տալով է մխիթարւում եւ իր հոգու գոհունակութիւնն է գտնում։ Նա տալով է հարստացնում ու հարստանում։ Այո՛, նա որպէս հայր մոմի նման յօժարակամ հալւեց եւ տակաւին հալւում է, որպէսզի լոյս տալով՝ լուսաւորի մեր բոլորի կեանքերը։ Նա եղաւ տիպար հայր, օրինակելի հայր, անձնազոհ հայր, հաւատարիմ ու հայ հայր, մեծ հայր, մասիսանման հայր, որի հայրութեան առջեւ կանգնած այսօր, որպէս զաւակների անհնար է մեր սէրն ու յարգանքը չյայտնել, թէկուզ երգելով՝ «Հայր իմ մանկուց սիրել եմ քեզ»։
Աստւածային հայրութեան շնորհով կնքւած երիտասարդ Սեպուհ աբեղայ հայր սուրբը ուսման փափագը իր սրտում հետեւում է Բէյրութի Ս. Յովսէփ համալսարանում Արաբական գրականութեան եւ Իսլամական փիլիսոփայութեան։ Արաբերէն լեզւին լաւապէս տիրապետելով՝ նա 1971-ին ներկայացնում է իր վարդապետական աւարտաճառը նիւթ ունենալով՝ 5-ից-8 դարերում Արաբ-Քրիստոնեայ բանաստեղծները, որին իբրեւ արդիւնք երջանկայիշատակ Խորէն Ա. Բարոյեան Կաթողիկոսից ստանում է վարդապետական գաւազան կրելու իշխանութիւն։
Ուսումնատենչ վարդապետի մէջ շատ արագ նշմարւում են բազում շնորհներ ու կարողութիւններ, ինչպէս ուսուցչական, հովւական եւ վարչական, վասն որոյ յատուկ հրաւէրով ու երկու Կաթողիկոսների՝ երանաշնորհ Տ. Տ. Վազգէն Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ երանաշնորհ Տ. Տ. Խորէն Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի միջեւ համաձայնութեամբ 1970-74 ուղարկւում է Իրաքի Պասրա քաղաք, որպէսզի հովւի պայմանների բերումով անհովիւ մնացած հայ համայնքը, առընթեր դասաւանդելով նաեւ հայերէն լեզու, հայոց պատմութիւն եւ կրօն։
Քառամեայ բեղուն եւ անխոչնդոտ ծառայութիւնից յետոյ նա ուղարկւում է պատմական Բերիոյ թեմ եւ այնտեղ վարում է առաջնորդական փոխանորդի պաշտօնը, առընթեր Քարէն Եփփէ Ազգային ճեմարանում որպէս դասախօս՝ դասաւանդելով կրօնագիտութիւն եւ գրականութիւն։ Այդ բոլորի կողքին նաեւ նա ստանձնում է տեղւոյն ծերանոցի խնամատարութեան յոյժ կարեւոր ատենապետութեան պաշտօնը։
Աստծու, եկեղեցու, ազգի ու ժողովրդի նւիրւեալ Սեպուհ վարդապետի կեանքը ամբողջութեամբ նոր հունաւորում է ստանում, երբ Բերիոյ թեմից Մայրավանք Կաթողիկոսարան վերադարձին 1978-ին նրան վստահւում է մեր եկեղեցու կրօնադաստիարակչական հոգեւոր ծիրում երկրորդ ամենակարեւոր պաշտօնը՝ Կիրակնօրեայ դպրոցների վարիչ տնօրինութիւնը, ով ամենայն սիրով, նախանձախնդրութեամբ եւ պատասխանատւութեան բարձրագոյն գիտակցութեամբ վարում է շուրջ 21 տարիներ շարունակ, նոր ոգի, շունչ, տեսիլք ու կեանք ներարկելով սոյն բաժանմունքին ու դրա հոգատարութեան յանձնւած յառաջիկայ բոլոր սերնդներին, կազմակերպելով տեղական թէ արտերկրային համագումարներ, հանդիպումներ, դասախօսական շարքեր, կիրակնօրեայ եւ կրօնի ուսուցիչների վերակաւորման դասընթացքներ, քարոզխօսական ու Սուրբ գրային լսարաններ, աղօթքների, սրբերի նկարների, բացիկների, պրակների եւ զանազան հոգեբարոյական թեմաներով պատումների եւ գրքերի հրատարակութիւններ։ Եւ խմբագրել ու տպել է Հայաստանեայց եկեղեցու «Նոր Դրազարկ» պաշտօնական ամսաթերը 1984-1999։
Այս բոլոր աշխատանքների կողքին նա շարունակում է կարդալ եւ ուսումնասիրել, նրա մէջ բարձրագոյն ուսման սէրը չի խամրում, որի համար էլ 1979-ից 81 ուղարկւում է Անգլիա եւ Պրմինկհամի համալսարանում շարունակում է իր բարձրագոյն ուսումը իսլամագիտութեան եւ իսլամ-քրիստոնեայ կրօնների յարաբերութիւնների պատմութեան ծիրում։ Ով յաջողութեամբ աւարտելուց՝ որպէս աւարտաճառ ներկայացնում է՝ «Իմամ Հուսէյնի նահատակութիւնը ըստ ժամանակի արաբ պատմաբանների» թեման, ստանալով իր MA գիտական աստիճանը, նոյն ժամանակամիջոցին համալսարանում առընթեր հետեւելով նաեւ աստւածաբանական լսարանների։
Ծառայական աշխատանքը շարունակւում է եւ Սեպուհ վարդապետի կեանքը մի նոր փուլ է թեւակոխում, երբ 1985-ին նա ստանում է Ծայրագոյն Վարդապետութեան իշխանութիւն եւ կոչում։
Նրա ունեցած դիւանագիտական կարողութիւնը, տեղի վարչակարգի ծալքերի ճանաչողութիւնը, եւ հաղորդական նկարագիրն ու խառնւածքը ինչպէս նաեւ վարչական ու յարաբերական գործունէութեան ճկունութիւնը ու արաբերէն լեզւի հմտութիւնը նրան մեծապէս սիրելի եւ ազդեցիկ են դարձնում թէ պետութիւն-թեմ եւ Կաթողիկոսարան, թէ միջ-կրօնական եւ թէ միջ-եկեղեցական յարաբերութիւններում ու շրջանակներում։ Եւ այս առումով, 92-ից-98 թւականներին, նա Դամասկոսում իր Կաթողիկոսական փոխանորդութեան տարիներին անառարկելի դերակատարութեամբ է հանդիէս գալիս Կաթողիկոսարան եւ պետութիւն յարաբերութիւնների բարելաւման ու սերտացման ինչպէս նաեւ իր շնորհիւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան սեփականութիւնն եղող եկեղեցապատկան կալւած-ները, որոնք մութ ձեռքերի միջամտութեամբ գաղտնաբար գրեթէ կործւելու սեմին էին, կրկին վերադարձւում են իրաւատիրոջ։
Սեպուհ Մեծ վարդապետի ծառայութեան աշխատանքների եւ իրագործումների արձագանքը բնականաբար չէր կարող սահմանափակւել, այլ ճեղքելով տարածաշրջանի երկնակամարը հասնում էր մինչեւ Հայաստան, մինչեւ մայր Աթոռ Ս. Էջմիածին եւ սփոփում էր տագնապալի Հայրապետ՝ Վազգէն Ա.-ի սիրտը, ով Սեպուհ Ծայրագոյն վարդապետի գործունէութեան, ներուժին եւ կարողութեան մէջ էր տեսնում երկրում կրօնի, հոգեւոր դաստիարակութեան եւ կիրակնօրեայ դպրոցների հաստատման եւ աշխուժացման կրակը կրկին բոցավառելու ջահակիրը։
Եւ ամենախեղճ ու տառապալից օրերին 1990-91 ծերունազարդ հայրապետը Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Գարեգին Բ. Սարգսեանից խնդրելով՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին էր հրաւիրում Սեպուհ մեծ վարդապետին, ով հարենիքի անւան, օդի, ջրի, հողի, քարին, սարերին եւ ամէն ինչ որ Հայաստան, հայրենիք ու Արարատ էր բուրում դրանց սիրով տոչորւած եւ եկեղեցու ճամբով իր ազգին ու ժողովրդին ծառայելու պատրաստակամութեամբ արբեցած անվերապահօրէն լծւում է նւիրական եւ սուրբ աշխատանքին, հիմնելով կիրակնօրեայ դպրոցներ, կազմակերպելով հոգեւոր լսարաններ ու դասախօսութիւններ, զարկ տալով քրիստոնէական ու հայեցի դաստիարակութեան եւ առընթեր նաեւ դասաւանդելով Գէորգեան հոգեւոր ճեմարանում։ Հայաստանում այն ահաւոր տարիներին «Սերմանող ու յաղթահասակ կանգնող» Սեպուհ վարդապետի կատարած լուռ անձնազոհ աշխատանքի արդիւնքը այսօր էլ իր պտուղները տալիս է։ Այո՛, հայրենիքի հանդէպ անվերապահ ու երկրպագութեան հասնող սէրն է, որ նրա երակների մէջ արեան փոխարէն շրջագայելով՝ նրան մէկ էր դարձրել, Արարատացրել ու Հայաստանացրել էր իր պատմական ու ամբողջական հասկացողութեամբ, որի նկատմամբ աննկարագրելի կարօտ ու երախտիք էր յորդում, եւ դրա համար էլ ամէն անգամ որ մայր հողից վերադարձողի էր հանդիպում եւ կամ իրեն այցի եկող էր լինում, իր սիրուհու սիրուց գինովցածի նման այցելու «կռունկին» հարցնում էր, ով իմ կռունկ չէ՞ խապար հայրենիքից։
Այո՛, այդ աննկարագրելի մշտաժայթք սէրն Աստւածատուր ու Քրիստոսակնիք Աստւածաշնչեան Սրբազան հայրենիքի նկատմամբ յարգանք ու պատկառանք էր ծնցրել նրա հոգեիմացական աշխարհում, որ շարունակ եռում ու մշտայորդ բխում էր ու նրա դէմքն ու էութիւնը կերպարանափոխում ամէն անգամ, որ խօսում էր կամ լսում Հայաստանի կամ Հայրենիքի մասին։
Սեպուհ վարդապետի, ապա Մեծ վարդապետի եւ յետագային եպիսկոպոսի, առաջնորդի ու 2003-ին արքեպիսկոպոսի կեանքը բազմաբեղուն ու արդիւնաբեր է լինում ժողովական ասպարէզում եւս։
Նա 1978-ից սկսեալ 40 տարիներ շարունակ գործօն մասնակցութիւն է բերում իբրեւ գործադիր անդամ եւ կամ հրաւիրեալ դասախօս եւ տակաւին շարունակում է բերել եւ ունենալ թէ համաշխարհային, թէ միջազգային եւ թէ տեղական բնոյթ ունեցող ժողովների, համագումարների, հանդիպումների եւ յանձնախմբերի։
Նա մասնակցել է թէ Համաշխարհային եւ թէ Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհուրդների ժողովներին։ Նա եղել է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհուրդին գործադիր անդամ ինչպէս նաեւ անդամ Մ.Ա.Ե.Խ.ի իսլամ-քրիստոնեայ երկխօ-սութեան Յանձնախմբի։ Նա անդամ է նաեւ Ասիայի եկեղեցիների Խորհուրդի Կենտրոնական Յանձնախմբին, ինչպէս նաեւ անդամ է եղել Միջին Արեւելքի եկեղեցիների խորհուրդի «Հաւատ եւ միութիւն» միաւորի։ Նա Միջին Արեւելքի Արեւելեան Ուղղափառ երեք եկեղեցիների Ղպտի, Ասորի եւ Հայ, մնայուն յանձնախմբի անդամ է։ Նա անդամ է նաեւ Միջին Արեւելքի SAT7 արբանեակային Հոգեւոր հեռուստա-ընկերութեան մնայուն Յանձնախմբին։
Այս ծիրում նա աշխարհի հինգ ցամաքամասերում հինգ տասնեակից աւել երկրներում մասնակցել է բազմահարիւր ժողովների, համագումարների, կարդացել է բամաթիւ դասախօսութիւններ եւ վարել ու ատենապետել է բազում նիստերի։ Այստեղ տակաւին նկատի չունենք այն բազմահարիւր հանդիպումներն ու ժողովները, որոնց մասնակցել է իբրեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայացուցիչ Սփիւռք-Հայաստան տեղի ունեցող զանազան խորհրդաժողովների, կամ երկու Կաթողիկոսութիւնների միջեւ, որպէս ներկայացուցչի եւ ժողովականի, եպիսկոպոսաց ժողովի, մէկ եւ կէս միլիոն նահատակների սրբադասման Յանձնաժողովի եւ այլն, նկատի չառած տեղւոյն ազգային իշխանութեան Պատգամաւորական ժողովի, Կրօնական ու Թեմական եւ այլ ժողովների ու խորհուրդների ներկայ գտնւելուց, նախագահելուց ու ատենապետելուց։ 19 տարիների որպէս առաջնորդի այս Թեմում իր կատարածը, տւածը, ներդրածը եւ ընծայածը, ձեր երեւակայութեան թռիչք տալով դուք փորձէք պատկերացնել թէ ի՞նչ մաշստապի ժամանակ, առողջութիւն, կարողութիւն, շունչ, ոգի, ձայն, սէր, զոհողութիւն, նախանդձախնդրութիւն, միտք եւ հոգեիմացական ներուժ է ներդրել ու սպառել այդ բոլորի համար։ Տակաւին չենք խօսում Սուրբ գրային լսարանների, քարոզխօսութիւնների, միութիւնների կազմակերպած ձեռնարկների մասնակցութեան եւ յաւուր պատշաճի բանախօսելու, հայրական պատգամն փոխանցելու թէ փակման խօսքն արտասանելու, եւայլն։
Նրա կեանքի երեւի չորրորդ կարեւոր փուլը սկսւում է, երբ նա 1997-ին եպիսկոպոս է ձեռնադրւում ու օծւում ձեռամբ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին։ Եւ մէկ տարի անց դառնում է քովէյթի ու Պարսից ծոցի երկրների Կաթողիկոսական փոխանորդ։ Սակայն այս հանգրւանը համեմատաբար շատ կարճ է տեւում, որովհետեւ 1999-ի հոկտեմբերի 26-ին նրա կեանքի հինգերորդ ամենածանր փուլն է բացւում, երբ ընտրւում է Թ.Հ.Թ.ի առաջնորդական տեղապահ, ով թողնելով իր Կաթողիկոսական փոխանորդի պաշտօնը 99-ի դեկտեմբերի 26-ին ժամանում է Թեհրան եւ ստանձնում իր կեանքի եւ ծառայական առաքելութեան ամենածանր եւ տառապալի բայց միաժամանակ քաղցր ու սիրալի լուծը։ Այո՛, ծանր եւ տառապալի բայց միաժամանակ քաղցր։ Դա քաղցրանում է, երբ Քրիստոսի օրինակին հետեւելով՝ մարդ այն կրում է, այլապէս՝ է եւ մնալու է ծանր, տառապալի, դառն եւ օշինդրահամ։
Դրանով Սեպուհ եպիսկոպոսի կեանքում անկիւնադարձային եւ պատմական մի օր է բացւում, երբ Թեմիս Ազգային իշխանութեան Օրէնսդիր պատգամաւորական ժողովը միաձայնութեամբ 2000 թւի յունիսի 6-ին Սեպուհ Եպիսկոպոս Սարգսեանին ընտրում է իբրեւ Թ.Հ.Թ առաջնորդ։
Այս հանգրւանին է, որ լիովին բացայայտւում է իսկական դիմագիծը հոգեւորականին, եկեղեցականին, հովիւին, հոգեւոր Հօրը, առաջնորդին, ուսուցիչին, մշակին, ազգասէրին, հայրենասէրին, եկեղեցասէրին, մարդասէրին, Վերատեսուչին, մշակութասէրին, գրգասէրին, արւեստասէրին, Աստւածասէրին, ժողովականին, վարչագէտին, տիպար եւ մաքուր հային, հաւատի մարդուն, մեծ մարդուն, յարգալից մարդուն, հեզ ու խոնարհ մարդուն, համբերատար մարդուն, բարերար ու բարեգործ մարդուն, խղճամիտ ու արդար մարդուն, մեծութեամբ հանդերձ ինքնիրեն խոնարհեցնող ու ոչինչ համարող մարդուն, դիւանագէտի ու քաղաքագէտի, լուսամիտ ու պայծառամիտ մարդուն, սկզբունքի տէր մարդու, ծառայող, ծառայասէրի եւ ծառայութեամբ իր կեանքը արժեւորողի եւ անանցանելի հոգեւոր ու ազգային արժէքները իր անձից վեր դասող քաջ ու մեծատառ Մարդու նկարագիրը։
Եւ հազիւ առաջնորդութեան լուծը իր ուսերին լծւում է բարի պատերազմը մղելու, իրազեկւած տիրող կացութեան եւ վիճակին մեծ շարժ է յառաջացնում ամէն մակարդակի վրայ։ Մեծ ուշադրութիւն է դարձնում հայ դպրոցներին, հայերէն լեզւի, հայոց պատմութեան եւ կրօնի դասաւանդութեան համար եւ յաջողւում է։ Իր հաղորդական ու քաղցրաբարոյ վերաբերմունքով ընթանում է դէպի իր ժողովուրդը եւ բոլորին ողջագուրում իբրեւ հայր ու առաջնորդ, ներկայ է լինում գրեթէ միութիւնների բոլոր ձեռնարկներին եւ քաջալերում ու գնահատում է իր յորդորներով, խրատներով ու զսպանակիչ ու ոգեշնչից արտայայտութիւններով ու ճառերով։ Իր օրով Առաջնորդարանում հաստատում է քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքը, Միջ-Եկեղեցական հրատարակութեան գրասենակը, Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախումբը, Միջ-Եկեղեցական յարաբերութիւնների եւ Երիտասարդացի յատուկ յանձնախմբերը։
Յատուկ ուշադրութիւն է դարձնում մանուկներին, պատանիներին ու երիտասարդներին։ Նոր թափ է տալիս Կիրակնօրեայ դպրոցներին ու այնտեղ մատակարարւող կրօնական, եկեղեցական, հոգեւոր ու ազգային դաստիարակութեան, հովանաւորում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր եղբայրակցութեանը, ինչպէս նաեւ զարկ է տալիս դպրոցներում կրօնի ուղիղ դասաւանդութեան։ Առաւել եւս հոգատար է լինում եկեղեցական արարողակարգերին, եւ աներեւակայելի նախանձախնդրութեամբ հսկում է եկեղեցական ու ազգային տօների անխափան ու անթերի կատարմանը, յաւելելով ուրբաթ օրերի պատարագի մատուցումը յօգուտ եւ ի մասնակցութիւն հաւատացեալ ժողովրդին, նոր թափ է տալիս տօնական առիթներով թեմի այլ շրջաններում ու քաղաքներում ուխտագնացութիւնների կատարման, որը մեծ խանդավառութիւն եւ հոգեշարժ է ստեղծում. մեծ աշխատանք է տանում եւ ոչ մի ճիգ չի խնայում եկեղեցիներում երգեցիկ խմբերի պատրաստութեանը եւ երգեցողութեան միաձեւ եւ որակեալ կարգաւորման ու կատարմանը, ինչը ցոյց է տալիս նրա նախանձախնդրութիւնը մեր սրբազան նախնիքների մեզ աւանդ թողած ժառանգութեանը եւ եկեղեցու շարականների ու մեղեդիների անաղարտ պահպանման ու մատուցմանը։
Այո՛ նա քաջ իմանում է, որ եկեղեցին անբաժան մասնիկն է կազմում ազգին, հայրենիքին ու հայու անարգել գոյատեւման, եւ այդ առումով իբրեւ ճշմարիտ եւ լաւ վերակացու իր հօտին, անվերապահ ապահովում է իր ժողովրդի զաւակների հոգեւոր ու եկեղեցական կեանքում գործնական մասնակցութիւնը, ինչպէս նաեւ յանձնառու է լինում նրանց հոգեւոր սնունդ ջամբելու աստւածապահանջ պարտաւորութեանը, միշտ աղօթելով եւ Աստծուց խնդրելով հայ ազգի ու եկեղեցու անսասանութիւնը, պայծառութիւնը, հզօրութիւնն ու կատարեալ անկախութիւնն ու ազատութիւնը։
Սակայն ի՞նչ կարող ենք ասել նրա Մեսրոպեան ոսկեղնիկ հրաշագործ եւ աստւածատուր հայ տառին, Աստւածաշունչ մատեանին, գրքին, գրականութեան, մշակոյթին ու արւեստին հանդէպ պաշտամունքի հասնող նրա սիրոյն ու յարգանքին, որոնց մէջ է տեսնում ազգի պատմութիւնը, նախնիքների ողջ կեանքը իր բո-լոր մանրամասնութիւններով ու նրբութիւններով հանդերձ, որոնց ընթերցման ճամբով միայն կարելի է ամենահարազատ կերպով հաղորդակցել ու յարաբերւել, զգալ ու ապրել, իմանալ ու ճանաչել, հարստանալ, իմաստութեամբ լուսաւորւել, փորձառութիւն ձեռք բերել, գօտեպնդւել ու հաստատակամ ու առողջ պատրաստակամութեամբ ներկան ապրել ապագայի նպատակադրումով, յայտարարում է նա։ Ո՜հ, ի՜նչ հաւատարմութիւն եւ կառչւածութիւն է սա Հայոց տառերին։ Մի՞թէ հնարաւոր է մի ամբողջ 50-ամեակ շարունակ երկրպագել եւ դոյզն անգամ չթուլանալ երկիւղի ու պատկառանքի մէջ ու չդաւաճանել։ Ի՜նչ հզօր ազդեցութիւն է սա, որ յառաջանում է ձեզանից ո՛վ Հայոց Տառեր, դիցակերտ երեսուն եւ վեց (ութ) աննիւթ կոթողներ, որ նւիրեալ Սեպուհ վերակոչւած հաւատարիմ այս ծառադ ով Մեսրոպ աննման Մաշտոց, իր հոգին բուրվառացրած, յաւէտ խնկարկում է ձեզ ի լուր աշխարհի եւ ի վկայութիւն երկնի։
Այո, նա բարձրաձայնում է՝ գրքի ճամբով է, որ Աստծու ձայնն ես լսում, նրա կամքին ես բացւում եւ կարողանում ես քեզանից վեր արժէքների եւ իտէալների համար կեանքդ զոհել ու ամբողջապէս յանձնւել՝ ընդառաջելով Նրա կոչին։ Եւ այդ առումով Առաջնորդացած օրից ի վեր ամէն տարի Մշակոյթի ամսւայ առիթով հովանաւորում ու նախագահում է Հայ գրքի ցուցահանդէսի կազմակերպումը ազգային Առաջնորդարանի բակում, եւ այլ եկեղեցիների շրջափակերում։ Այո՛, նա որպէս հարազատ ժառանգը Ս. Մեսրոպ Մաշտոցի եւ Թարգմանիչ հայրերի միշտ թելադրում է կարդալ հայոց պատմութիւնը, մատենագրութիւնը, հայ գրագէտների ու բանաստեղծների աննման աշխատանքները, որպէսզի իմանանք մեր պատմութիւնը, նա բազմիցս եւ անձանձրոյթ թելադրում է, որ հայերէնը լաւ պէտք է խօսենք ու գրենք, որպէսզի կարողանանք մեր պահանջատիրական պայքարը շարունակել մինչեւ հասնենք մեր արդար դատի լուծման։ Այն օրից որ ստանձնել է Թ.Հ.-Թ-ի առաջնորդութիւնը հեղինակային 10-ից աւել հայերէն թէ արաբերէն գրքերի կողքին նա խմբագրել, տպագրութեան յանձնել ու հրատարակել է աւելի քան 200 տարբեր սեռերի եւ թեմաների գրքեր կրօնական, եկեղեցագիտական, աստւածաշնչական տարբեր տարիքային, Նոր Կտակարան, մատենագիտական, հայրաբանական, Սաղմոսարան, աղօթային, աստւածաբանական, ծիսական, մեկնողական, ջատագովական, բարոյական, խրատային ու դաստիարակչական, ուսուցողական, պատմական, տեղեկագրական, Հայոց ցեղասպանութեան առնչւած վկայաբանական, ուսումնասիրական եւ այլ տեսակի բազում գրքեր, որոնց ընդհանուր տպաքանակը ցարդ հասնում է շուրջ 500.000-ի։
Իսկ ի՜նչ ասենք նրա ազգասիրութեանն ու հայրենասիրութեանը, հնարաւոր չի կանգնել նրա հոգու եւ էութեան ընդերքից ժայթքով մայր հողի, սրբազան Հայրենիքի, Արարատով կամարակապւած ու միաւորւած ներկայ արեւելեան Հայաստանն ու արեւմտեան պատմական Հայաստանը ամբողջական Հայաստան ամբողջական հայութեամբ ծովածաւալւող այն համոզումին, վստահութեան, հաւատին ու յոյսին, որ ամէն մի ազգային տօնակատարութեանց ու միութենական ձեռնարկի իր հրապարակային խօսքում թեւածում էր հասնելով մինչեւ Արարատի ձիւնածածկ սուրբ գագաթը եւ եռագոյնին փաթաթւելով ու համբուրելով այն՝ ծածանւում էր անկաշկանդ։ Այո՛ Անդրանիկ Ծարուկեանների հոգով թրծւած դու էլ ես մարգարէանում նախնիքների տեսիլքի իրականացմանը, որը իւրաքանչիւր հայու սրտում բաբախող կենդանի երազի իրականացումն է, ուխտելով Արարատին, թէ մի օր անպայման եւ անվարան պիտի հասնենք այն կատարիդ կրանիտեայ ո՛վ աստւած, այնտեղ զետեղելու եռագոյն դրոշը մեր, որպէս նշան կեանքի, որպէս վկայութիւն յաղթանակի ու որպէս երաշխիք յաւերժութեան։
Անձամբ մի պահ զարմացել եմ ու սկսել եմ կասկածել ինքս ինձ. թէ ո՞ւմ մասին եմ խօսում, մարդկային ծնունդի՞ թէ՝ երկնային մի արարածի։ Մի՞թէ հնարաւոր է հողեղէն մի արարած այսքան գագաթներ նւաճի ու աշխատանքներ իրականացնի ու հսկայ աննկարագրելի եւ անչափելի ծառայութիւն մատուցի։ Մի պահ ապշած հարցնում եմ։ Ինչո՞ւ էք այդքան զոհողութիւն յանձն առել։ Ո՞վ է ձեզ պարտադրել ու բռնադատել։ Մի՞թէ պարտաւոր էք այդ բոլորն անելու։ Այդ ի՞նչ ուժ է, որ ձեր մէջ ներգործելով ձեզ մղում է աշխատելու, ծառայելու, ստեղծագործելու եւ հրաշագործելու։ Եւ ի՞նչ եմ լսում իբրեւ պատասխան։ Սիրելիս, դա Աստծու զօրութիւնն է եւ իմ հաւատարմութեան ուխտի գիտակցութիւնը, որ կատարել եմ 50 տարիներ առաջ Անթիլիասի մայրավանքում Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարի բեմի վրայ ծնկաչօք ի լուր Աստծու եւ ի վկայութիւն մարդկանց հաւատարիմ մնալու Աստծուս, Եկեղեցուս, հայրենիքիս ու ժողովրդիս։ Դա իմ պարտքն է եւ իմ պատիւը ծառայելու Աստծուս, հայրենիքիս ու ժողովրդիս, որովհետեւ կեանքը ինքնամատոյց ծառայութիւն է եւ երանի՜ նրան, ով գիտակցելով սրան, ըստ այդմ կողմնորոշւում է։ Առաւել եւս հաշւետւութեան խոր զգացողութիւնը, որ մի օր կանգնելու եմ Տիեզերքի դատաւորի առջեւ եւ հաշիւ եմ տալու ամէն ինչի համար։ Ինչպէս Պօղոս առաքեալն է ազդարարում՝ ասելով. «Որովհետեւ մենք բոլորս էլ պիտի կանգնենք Քրիստոսի ատեանի առաջ, որպէսզի իւրաքանչիւրն իր մարմնով ընդունի երկրի վրայ իր կատարած բարի կամ չար գործերի հատուցումը» (Բ.Կր 5.10) եւ աւելին՝ ինչպէս անմահանուն բանաստեղծ Վահան Թէքէեանն է յիշեցնում, թէ կեանքից քեզ ոչինչ չի մնալու, այլ միայն այն, որ տալիս ես ուրիշին, եւ դա բազմապատկւելով վերադառնում է քեզ եւ կազմում միակ հոգեկան գոհունակութիւնդ եւ մխիթարութիւնդ։ Ի վերջոյ, մարդ մերկ է եկել աշխարհ եւ մերկ էլ վերադառնալու է։
Այս բոլորից յետոյ մեր դիմաց մարմնաւորւում է ոչ մի ուրիշ անձ եթէ ոչ բարի Սամարացին, ով իր մարդասիրութիւնից մղւած բարեգործեց եւ միայն բարեգործեց իսկական եւ բառին բուն իմաստով անշահախնդիր ու անվերապահ ծառայելով աստւածային նախախնամութեամբ իր հոգածութեան յանձնւած իր նմանին, որի մէջ բովանդակւած է տեսնում տառապող եկեղեցին, թալանւած եւ բռնագրաււած հայրենիքը եւ Աստծու խոցոտւած ցաւոտ սիրտը հանդէպ իր զաւակներին ու մարդկութեան։
Ժամանակի ընթացքին աւելի ու աւելի շեշտակիօրէն բացայայտւում է աստւածային աներկբայ հաստատումը, թէ կանչւածները շատ են բայց ընտրւածները քիչ (Մտ 22.14)։ Դժբախտաբարատ շատերի կեանքը ինչպէս Շիրազն օրինակւելով Աստւածաշնչից ասում է՝ թէ նմանւում է հողից դուրս եկած ծաղիկի ու խոտի, որոնք չգիտակցելով իրենց կեանքի նպատակը, առաքելութիւնն ու կոչումը, կարճ ժամանակ յետոյ աննպատակ կորում են՝ խոտի նման չորանալով։ Շատ շատեր էլ իրենց կեանքում տեսնում են մարդկանց կատարած բարի գործերը, բարեւում ու անհետ անցնում-գնում են. բայց ձեր կեանքը այդպիսին չեղաւ ու չէ սիրելի Յոբելիար Սրբազան Հայր, դուք միայն կանչւածներից չեղաք այլ նաեւ՝ ընտրեալներից։ Դուք միայն ձեր շրջապատում բարի գործեր տեսնող ու անհետ անցնող-գնացող չեղաք, այլ նոյնինքն եղաք ու մնում էք լինել բարերգործը, հեզութեամբ եւ խո-նարհութեամբ զգեստաւորւած՝ նմանւելով մեծագոյն Բարի Վարդապետին, Հովւին, Առաջնորդին ու Քահանայապետին մեր հաւատի հիմնադրին ու այն կատարելագործողին՝ Տէր Յիսուս Քրիստոսին, որ ձեր ծառայութեան համար ամաչելիք բան չունէք, այլ գիտակից ձեր ունեցած արժէքին, կոչումին ու առաքելութեան, ծառայական աշխատանքն կատարելուց յետոյ միշտ պատրաստ էք Տիրոջ նման յայտարարելու. թէ «Անպիտան ծառայ եմ, ինչ պարտաւոր էի անել՝ արեցի» (հմմտ. Ղկ 17.10)։
Ժամանակը եթէ չսեղմի մեզ, դեռ շատ իրագործումների եւ աշխատանքների մասին կարող ենք խօսել, բայց չենք էլ ուզում աւելիով ձեր համեստութիւնը վիրաւորել, այս բոլորից յետոյ մեզ մնում է իբրեւ անկեղծ ու հարազատ զաւակների խոնարհեցնել մեր գլուխները եւ խնդրել ձեզանից ձեր հայրական օրհնութիւնը, ասելով՝ Հայր օրհնի՛ր մեզ, որպէսզի մենք էլ արժանի լինենք իրագործելու մեր կոչումն ու առաքելութիւնը։
Ներկայացւածների ի լուր եւ ի տես, գեղեցիկ աստւածաշնչական մի ճշմարտութիւն է պարզւում մեր առջեւ, եւ այն էլ ականատես ու ականջալուր վկաները լինել ձեր կեանքում Պօղոս առաքեալի կողմից թելադրւած ոսկեայ սկզբունքին, որը կազմում է ճշմարիտ քրիստոնեայ անհատի եւ այս պարագային Ձերդ Սրբազնութեան կեանքի յաջողութեան գաղտնիքը, եւ դա էլ աստւածապարգեւ ժամանակը լիովին ըստ տեղի եւ ըստ պատշաճի օգտագործելն է. որի մասին առաքեալը թե-լադրում է՝ ասելով. «Օգտագործեցէք ժամանակը, քանզի այս օրերը չար են» (Եփ 5.16)։
Այս բոլորից յետոյ մեզ ոչինչ չի մնում բացի պարծենալու, հպարտանալու, սիրով լցւելու, յարգանքով ընթանալու եւ խոնարհւելու ձեր 50-ամեայ անառարկելի ծառայութեան, աշխատանքին, իրագործումներին ու անկոռնչելի վաստակին դիմաց, որոնք իբրեւ անջնջելի կնիք էք դրոշմել մեր եկեղեցու, ժողովրդի ու հայրենիքի կենսամատեանին մէջ, եւ մղւելու ու առաջորդւելու ձեր անձի միջոցով եւ ձեզ համար երախտապարտ հոգով շնորհակալութիւն յայտնել, գոհաբանել եւ օրհներգել նախախնամողն ու Բարձրեալն Աստծուն, ասելով՝ «Փա՛ռք քեզ Աստուած, փա՛ռք քեզ, յաղաքս ամենայնի Տէր, փա՛ռք քեզ»։

Մակար եպս. Աշգարեան
7 Յուլիս 2018
Ս. Սարգիս Մայր եկեղեցի - Թեհրան

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ