ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԼԻՍԲՈՆԻ ՆԱՀԱՏԱԿ ՀԻՆԳ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀՈԳԻՆԵՐԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Ուրբաթ 27 յուլիս 2018 հայ դատի ու պահանջատիրական պայքարի ճանապարհին, իրենց գիտակից ինքնամատուցով ազատագրական պայքարի ոսկեայ շղթան ադամանդիայ օղակով հարստացուցած Լիզբոնի արիասիրտ հինգ հերոսների՝ Վաչէ Տաղլեանի, Սեդրակ Աճէմեանի, Սիմոն Եահնեանի, Արա Քրջլեանի եւ Սարգիս Աբրահամեանի նահատակութեան 35-ամեակն էր։

Այս առիթով տնօրինումով եւ հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգիստ Լիզբոնի նահատակների հոգիների խաղաղութեան համար։ Հոգեհանգստեան արարողութիւնից առաջ թեմակալ առաջնորդը իր քարոզում անդրադարձաւ Լիզբոնի հերոսական արարքին, որի հետեւանքով աշխարհը սկսաւ անդրադառնալ հայ ժողովրդի անժամանցելի դատին եւ նրան կապւած պատմական եւ իրաւական հարցերին։ Իր քարոզում Սրբազան հայրը նախ դրւատեց հինգ հերոսների անձնազոհ ու ինքնամատոյց նւիրաբերումը հայ ժողովրդի արդար դատի բագինի եւ ասաց ՛՛Լիզբոնի հինգ տղաքը հայրենիքը չէին տեսած սակայն հայրենիքը իր ողջ էութեամբ իրենց հոգիների մէջ կենդանի էր, Այո՛, չէին տեսած հայրենիքը, սակայն հաւատացել էին հայրենիքին եւ իր պատմութեան եւ դրա համար անսակարկ զոհողութեամբ Լիզբոնը դարձուցին նորօրեայ մեր պատմութեան պայքարի խորհրդանիշ՛՛։

Իր քարոզի մի այլ բաժնում Սրբազան հայրը կարեւորութեամբ անդրադարձաւ այն իրողութեան, որ Լիզբոնի նահատակների հոգին ու ոգին Արցախեան ազատագրական պայքարի հերոսների ներշնչման ու զօրութեան աղբիւր հանդիսացաւ եւ իբրեւ այդպիսին Լիզբոնի նահատակների երազանքի իրականացման ճանապարհը հարթեցին։ Այսօր Լիզբոնի հերոսների նահատակութեան ոգեկոչումը կոչ է ու պատգամ հաւատարմութեան մեր երիտասարդութեան, նոր սերունդին, որպէսզի իր կեանքը ապրի տեսիլքովն ու հեռանկարովը իր ամբողջական հայրենիքի, իր ամբողջական ժողովրդով։ Վերջապէս Լիզբոնի հերոսները հայրենիքը չտեսած հայրենիքով արարատացած իրենք իրենց պատարագեցին։ Վստահաբար մեր աննման հերոսները լսել էին Քրիստոսի այն խօսքը, որ նա Թովմաս առաքեալին էր ասել «Տեսար իմ ձեռքերի վերքը ու հաւատացիր, բայց երանի նրանց ովքեր առանց տեսնելու հաւատում են»։ Ահա հինգ երանելիները մեր նորագոյն պատմութեան, որոնք աւետարանական այդ հրանիբիայ հաւատքով օծուն իրենց կեանքը վերածեցին պայքարի խորհրդանիշի։