Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Թւականիս երկուշաբթի 5 օգոստոսի երեկոյեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը Աշգարեան և Մանուէլեան ընտանիքներին, որոնք եկել էին յատուկ կերպով շնորհաւորելու Սրբազան Հօրն իր քահանայական օծման և ձեռնադրութեան 50-ամեակի առիթով նաև Թեհրանի թեմում նրա առաջնորդութեան 19-ամեակի կապակցութեամբ:

Սոյն զոյգ բարեպաստիկ առիթներով այցելուները Առաջնորդ Սրբազան Հօրը նւիրեցին Հայաստանում պատրաստւած ու քանդակւած մի շատ գեղեցիկ կիսանդրի:

Կիսանդրին իր մէջ խտացնում է երեք իմաստներ՝

Վեղարը – նրա կուսակրօն քահանայութիւնը:
Պանակէն – նրա եպիսկոպոսական կարգը:
Ասան – նրա առաջնորդական հանգամանքը:

Իսկ խորաթափանց հայեացքի մէջ խտանում է Սրբազան Հօր 50-ամեայ ծառայութեան ու առաքելութեան ամբողջ կշիռը, իմաստութիւնը, խոհականութիւնը, համբերատարութիւնը, փորձառութիւնն ու գիտութիւնը:

Առաջնորդ Սրբազան Հայրն իր կարգին իր սրտի ուրախութիւնն ու գոհունակութիւնը յայտնեց Աշգարեան և Մանուէլեան ընտանիքների անդամներին իրենց ազնիւ նւէրի համար և Աստծուց հայցեց օրհնաբեր կեանք, առողջութեամբ և յաջողութեամբ հանդերձ: