Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանի անդամներից այցելեցին Ազգային Առաջնորդարան

Երկուշաբթի 17 Սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

Պատւիրակութեանը ուղեկցում էր 6-րդ շրջանի քաղխորհրդի անդամուհի՝ օրդ. Անի Մանուկեանը։ Հանդիպմանը ներկայ էին նաեւ Թեմական Խորհրդի փոխ ատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանն ու պրն. Արա Խեչոն Շինարարական Մարմնից։

Հանդիպման սկզբում Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց իր հիւրերին, գնահատեց նրանց այցելութիւնը Աշուրայի այս օրերին եւ յաջողութիւն մաղթեց նրանց իրենց առաքելութեան մէջ։

Հանդիպման ընթացքին շրջանիս քաղաքապետարանի նորանշանակ պատասխանատուները բարձր գնահատելով իրանահայութեան ներդրումը, իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին հայ համայնքին բոլոր ասպարէզներում աջակցել։ Նաեւ յոյս յայտնեցին, որ այսուհետ հայ համայնքը առաւել աշխոյժ մասնակցութիւն պիտի ցուցաբերի գալիք հասարակական եւ մշակութային միջոցառումներին։