Հանդիպում Սրբազան Պաշտպանութեան Թանգարանում

Երեքշաբթի սեպտեմբերի 25-ին Թ.Հ.Թ.ի Թեմական խորհրդի ատենապետ` Ռոբերտ Բեգլարեանի գլխաւորած պատւիրակութիւնը հանդիպում ունեցաւ Սրբազան Պաշտպանութեան Թանգարանում, նրա նիւթական բաժնի պատասխանատու՝ Հաջ Բաբայեանի հետ, որը կայացաւ թանգարանի շրջափակում:

Հանդիպմանը նախ ողջոյնի խօսք ասաց Հաջ Բաբայեանը, որը շեշտեց Իրանի ժողովրդի տարբեր խաւերի մասնակցութեանը ութ ամեայ պարտադրեալ պատերազմին: Շեշտեց իրանահայութեան բազմակողմանի դերակատարութեանը և յիշեց այն նահատակ զինւորներին, որոնք իրենց կեանքի գնով պաշտպանեցին իրենց երկիրը: Նա յատկապէս շեշտեց, որ թանգարանը հիմնւել է բոլորին, մասնաւորաբար երիտասարդ սերնդին, յիշեցնելու, որ այսօրւայ խաղաղ և անվտանգ կեանքը ձեռք է բերւել նահատակների զոհաբերութեան գնով:

Ռոբերտ Բեգլարեանը պատասխան խօսքում նախ դատապարտեց Ահւազի ահաբեկչութիւնը և ցաւակցութիւն յայտնեց զոհւածների կապակցութեամբ, ապա անդրադարձաւ պարտադրեալ պատերազմի օրերին իրանահայութեան դերակատարութեանը, եկրի ամբողջականութիւնը, անվտանգութիւնը և հզօրութիւնը պաշտպանելու գործում: Ապա նշեց, որ թանգարանում հայ նահատակ զինւորների յիշատակը յաւերժացնելու համար Թ.Հ.Թ. Թեմական Խորհուրդը պատրաստ է ամբողջական համագործակցութեան:

Վերյիշելով թանգարանի նախորդ տնօրէնի հետ անցեալ տարի ձեռք բերւած գործակցութեան համաձայնութեանը, նա շեշտեց, որ Հայ Անձնուրացների Յանձնախումբը այն մարմինն է, որ իրագործում է աշխատանքները:

Հանդիպմանը ներկայ էին նաև Թեմական Խորհրդի Բ. Ատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեանը, խորհրդի անդամ՝ Քրիստ Արզումանեանը, Հայ Անձնուրացների Յանձնախմբի անդամներ՝ Արտուշ Իսկանդարեանը և Գասպար Ամիրխանեանը, որոնք ևս իրենց ելոյթներում անդրադարձան համագործակցութեան իրականացման տարբեր եղանակներին:

Հարկ է նշել որ հանդիպումը կայացել էր Թանգարանի պատասխանատուների հրաւէրով: