Հոգեհանգստեան արարողութիւն՝ հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին իրենց կեանքը յանուն Իրանի հողային ամբողջականութեան նւիրաբերած հայ նահատակների եւ Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով, ուրբաթ, սեպտեմբերի 28-ին, Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցում ս. պատարագից յետոյ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն նախագահութեամբ Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:

Ս. պատարագի ընթացքում թեմակալ առաջնորդն իր քարոզի ընթացքում անդրադառնալով նահատակներին, ընդգծեց, որ ժողովուրդները գոյատեւում են հաւատով եւ իրենց հայրենիքի նկատմամբ ունեցած յանձնառութեամբ: Թեմակալ առաջնորդը նշեց, որ երբ անհատը իր կեանքը նոյնացնում է հայրենիքի հետ եւ այդ ճամբին նահատակւում, նա համարւում է խաղաղութեան նահատակ:

Հոգեհանգստեան արարողութեան ընթացքում թեմակալ առաջնորդն աղօթեց 1932-33 թւականներին ստալինեան բռնապետութեան տարիներին, Ուկրայինայի դիտաւորեալ սովի հետեւանքով նահատակւած միլիոնաւոր ուկրայնացիների հոգիների խաղաղութեան համար:

Այդ առիթով կրօնական արարողութեանը ներկայ էին Ուկրայինայի դեսպանութեան ներկայացուցիչները, Թ. Հ. Թ. ազգային իշխանութեան եւ միութիւնների ներկայացուցիչներ եւ նահատակների ընտանիքներ:

Արարողութեան աւարտին Ազգային Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ ընդունելութիւն, Ուկրաինիայի դեսպանի եւ դեսպանատան անձնակազմի ներկայութեամբ:

Լուրը՝ «Ալիք»-ից