Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅՈՅՍ, ՅՈՅՍ ԵՒ ՅՈՅՍ . . .

Յոյսը աղբիւր է կեանքի, մարդս ապագայի կապող ոսկեայ շղթայ է ու հաւատացեալը իր հալածողներից պաշտպանող զրահանդերձ։

Յոյսը մարդ արարածը վստահութեան զգացումով է պարուրում, նրա քայլերը Տիրոջ ճանապարհում պահում է։ Սաղմոսերգուն ասում է. «Մեր հայրերը քե՛զ վստահեցին, վստահեցին եւ ազատեցրիր նրանց։ Քեզ վստահեցին եւ յուսախաբ չեղան»։(Սղ. 22։4 եւ 5)։

Յոյսը հզօր ներշնչանք է ու լուսաճաճանչ կանթեղ, որ «խաւարի մէջ լոյս է ծագում ուղիղ վարքով ապրող մարդկանց»(Սղ. 112։4)։

«Տէրն է իմ կեանքիս ապաւէնը, ումի՞ց պիտի դողամ ես»(Սղ. 27։1), բացականչում է սաղմոսերգուն եւ յաւելում, որ նոյնիսկ եթէ «մի ամբողջ բանակ վրաս յարձակւի սիրտս վախ պիտի չզգայ ու դարձեալ Աստծուն պիտի վստահեմ»։

Դաւիթ մարգարէի սաղմոսագիրքը աստւածասէր ու աստւածապաշտ արարածը անսայթակ կերպով առաջնորդում է յաւիտենականութեան։

Դաւիթ մարգարէից մօտաւորապէս 4 դար ետք, մի այլ ռազմական ղեկավար, երբ պատրաստւում էր Հնդկաստան արշաւել, կանչեց իր զօրավարներին եւ նրանց բաժանեց իր ամբողջ ունեցածը. զօրավարներից մէկն հարցրեց. «Տէր, ամէն ինչ բաժանեցիր, քե՛զ ի՞նչ մնաց» նա ինքնավստահօրէն պատասխանեց Յոյսը։

Այս օրերի մեր փոթորկոտ կեանքը, տնտեսական ու ընկերային անակնկալ ու անսպասելի երեւոյթներով ու տակն ու վրայութիւններով լեցուն, մեզ մի պահ անորոշութեան առաջ են կանգնեցրել եւ ակամայ մեզ մղում աւելի լուրջ ու խոր կերպով մեր հայացքը կենտրոնացնենք Աստծուց մեզի շնորհւած կարելիութիւնների, հնարաւորութիւնների եւ ուղղութիւնների վրայ։

Այո՛, այս օրերին աշխարհը երկունքի մէջ է, հայակեանքն էլ իբրեւ անբաժանելի մասնիկը այդ կեանքին, խարխաբումի մէջ է։ Ահա այս կացութեան առաջ կանգնած սաղմոսերգուն յիշեցնում է, որ երբ յոյսով գօտեպինդ ապրենք ու գործենք ՛՛խաւարի մէջ լոյս է ծագելու՛՛։

Ալեքսանդր Մակեդոնացու նման յոյսով զրահաւորւենք եւ վստահ լինենք, որ Տէրը զօրացնելու է մեզ, քաջասրտութեամբ մեզ առաջնորդելու է իր կամքի համաձայն։

Անցեալ երկու շաբաթներին կատարեցի իմ ամենամեայ աւանդական այցելութիւնը մեր դպրոցներին, որտեղ հանդիպեցի աշակերտութեան, ուսուցչական կազմերին, տեսչութեան եւ ծնողական խորհուրդներին։ Ուրախութեամբ արձանագրում եմ, որ մեր աշակերտութիւնը իր փոքրերով ու մեծերով, իր հայ աշակերտի վայել կեցւածքով, իր կատարումներով եւ հաղորդականութեամբ, սիրտս սիրոյ ցնծութեամբ լցրեց։ Ճիշդ է, որ աշակերտների մէկ կարեւոր մասը չկրցաւ իմ իրեն ուղղած բառագիտական կամ պատմական հարցումներին պատասխանել, սակայն իրենց լուրջ, կենտրոնացած ձեւով հետեւելը իմ խօսքերին ինձ գոհունակութիւն պատճառեց։ Տակաւին հայ գրքի ցուցահանդէսի Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Սարգիս եկեղեցիների շրջափակում նրանց ունեցած անկաշկանդ եւ համարձակ զրոյցը իմ հետ ոչ միայն մեծապէս գնահատելի էր այլեւ միաժամանակ պարտաւորեցնող։

Ասացի ՛՛իմ աւանդական այցելութիւն՛՛ լոկ աւանդական այցելութիւն չէ, այլ մեծատառ Աւանդութիւն, որով հոգիս հրճւում ու զօրանում է ի տէս մեր նոր սերունդի աշխոյժ ու ապագայատեսիլ հայացքներին։

Հարկ է առաւել լրջութեամբ ու պատասխանատւութեամբ հետեւենք մեր զաւակների հայեցի դաստիարակութեան, որ մեր դպրոցների գոյութեան առանցքն ու պատճառն են։ Ազգերն ու ժողովուրդները բնորոշւում, յատկանշւում, իրենց շրջապատի ժողովուրդներից տարբերւում են իրենց յանձնառութեամբ, իրենց մայրենի լեզւի, հաւատքի ու պատմութեան հանդէպ ունեցած նախանձախնդրութեամբ։ Հայ բանաստեղծը մեզ յուշում է.-

Հայ լեզուն տունն է հայուն աշխարհի չորս ծագերուն
Ուր կը մտնէ ամէն հայ իբրեւ տանտէր հարազատ,
Կը ստանայ սէր ու սնունդ, սրտի հպարտ ցնծութիւն
Եւ բորեանէն ու բուքէն հոն կը մնայ միշտ ազատ։

Անմահանուն Թեհեանը բացագանչում է.-

Քեզ՛, հայ լեզու՛, կը սիրեմ մրգաստանի մը նման…
Մեր անցեալի թանձրախիտ ստւերներուն մէջ կարծես
Մէյ մէկ պըտուղ քու բոլոր բառերդ ինծի կ՛երեւան,
Որոնց մէջ կը քալեմ ու կը քալեմ զանոնք ես։

Մի այլ բանաստեղծ՝ Ներսէս Մեզպուրեան, քնարերգում է.

Ո՛վ մեծասքանչ դու լեզու,
Ո՛վ հեշտ բարբառ մայրական
Քաղցրահնչիւն բառերուդ
Նման, արդեօք այլ տեղ կա՞ն։

Խոնարհաբար պատասխանում եմ ո՛չ, սիրելի քերթող, որ հայ լեզւի քաղցրահնչիւն բառերի նման ոչ մի բան չկայ այնքան քաղցր ու բուրումնաւէտ, որովհետեւ երկնաէջ տառերով կազմաւորւած հայ լեզուն, Աստծուն հայերէն խօսեցրեց, որովհետեւ այն երկնային բոյրով ու աջով աճեցրեց նրանց արմատները, որովհետեւ եղաւ այն ոսկեզօծ բանալին, որ մեզ մի կողմից դէպի երկինք առաջնորդող եւ միւս կողմից էլ դէպի մեր ժողովրդի կեանքը ուղղորդեց։

Հայոց լեզուն մեսրոպաստեղծ իր հիւթեղ բառերով մեզ յուսավառ զգացումներով պարարտացնում ու առաջնորդում է դէպի գանձատունը Ս. Մեսրոպ Մաշտոցին, որտեղ ամէն մի հայ ծունկի եկած պէտք է իր խաչը հանէ նրա անունն իր շրթներին։ Որքան գեղեցիկ են ու ներշնչող անմահանուն Սիամանթոյի հետեւեալ տողերը, որը երկնեց Օշականի իր գերեզմանի առջեւ ծնրադիր.-

Օշականի մէջ անմահօրէն մահացեալ,
Անճառելի եւ անդրանիկ դաստիարակ,
Ես երազային երեխայ մը վեցամեայ,
Այբբենարանդ ի ձեռին անմեղօրէն զայն հեգելով,
Առաջին խաչը, ճակտէս սրտիս,
Հաւատա ի՛նձ ո՜վ հայութիւն
Պատկերիդ դէմ է որ հաներ եմ…
Եւ լըսէ այսօր թոթովախօս ծաղկոցի
Շուշան մարմին մանուկներէն
Մինչեւ ծերերն հողաբոյր,
Քու սուրբ անունդ կ՛օրհներգեն.

Վերամուտեան այս վճիտ խոհերը չեմ ուզում մթագնել այսօրւայ մեր կեանքի տխուր երեւոյթներով, ուզում եմ այս հանգրւանին շեշտել հետեւեալը նեղութիւններն ու տագնապները, տնտեսական եւ ընկերային տխուր երեսը այսօրւայ իրական կեանքի պէտք չէ մեզ յուսահատութեան առաջնորդեն։ Հանդիպումներն ու հարցազրոյցները բաւարար չեն եւ դժբախտաբար չեն արտացոլեր մեր ներկայ կեանքի պատկերը։ Մենք ազգովին կարիքը ունենք վերատեսելու մեր հոգեւոր, ազգային ու ընկերային կեանքը։

Աստւածաշունչն ու մեր ժողովրդի եւ եկեղեցու պատմութիւնը մեզ յիշեցնում են այն, որ ամէն անգամ երբ նեղութեան, հալածանքի ու աւերածութեան սարսափն ենք ապրել մեր հայրերը դիմել են երկնքի եւ երկրի Արարողին։ Սրա գեղեցկագոյն վկան է Ղարաքիլիսէի, Բաշապարանի եւ Սարդարապատի ճակատամարտերի նախօրէի մեր ժողովուրդը նախ իր նայւածքը երկինք ուղղեց եւ ապա հայ եկեղեցու զանգակների ղօղանջի զօրութեամբ հայ բանակը թնդացուց Սարդարապատն ու իր շրջապատը ջախջախելով թշնամու բանակը, որի յաղթանակների շնորհիւ պիտի հռչակւէր Հայաստանի անկախութիւնը եւ յարութիւն պիտի առնէր Հայաստանն ու իր պետականութիւնը նւիրական իր հայ դրօշով, որի համար պիտի ասէր հայ բանաստեղծը.-

Արիւններու եւ սարսափի մէջէն յառնող ո՛վ դուն փիւնիկ
Որ բացւեցար մեր աչքերու դէմ հրաշքի զերդ ծիածան
Ու յոգնատունջ մեր սրտերուն համար եղար մայրական զերդ
Բարձրացուցիր ցեղը կատարներուն ազատութեան։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ - ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
15 Հոկտեմբեր 2018 - Թեհրան

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ