«ԻԿՈՖՈՄ»-ի Ներկայացուցիչները «Արտակ Մանուկեան» թանգարանում

Երեքշաբթի, հոկտեմբերի 17-ի երեկոյեան, «ԻԿՈՖՈՄ»-ի 41-րդ նիստի մասնակիցները, ընկերակցութեամբ «ԻԿՈՖՈՄ»-ի Իրանի նախագահ՝ Սէյեդ Ահմադ Մոհիթ Թաբաթաբայիի, այցելեցին Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող «Արտակ Մանուկեան» թանգարանը եւ «Ս. Աստւածածին» եկեղեցին:

Հոկտեմբերի 15-ից մինչև 19-ը, Իրանի Ազգային Թանգարանում, իր աշխատանքն է սկսել Թանգարանագիտութեան Միջազգային Կոմիտէի «ԻԿՈՖՈՄ»-ի 41-րդ նիստը, Իրանի հիւրընկալութեամբ, որին մասնակցել են «ԻԿՈՖՈՄ»-ի նախագահ՝ պրն. Ֆրանսուա Մերսը եւ աշխահի տասնեակ երկրներից 37 իսկ Իրանից՝ 67 հոգի, ովքեր թանգարանային հարցերի մասնագէտներ են կամ աշխատում են թանգարաններում:

2018 թւի համագումարն ամփոփւած է «Սրբավայրեր եւ Թանգարանագիտութիւն» խորագրի տակ, որին մասնակցել են նաև Թ. Հ. Թ.-ի «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի ներկայացուցիչներ՝ տիկնայք Ալիս Շահմուրադեանը եւ Աշխէն Եղիայեանը:

Սոյն այցելութեան ընթացքին ներկաներին բացատրութիւններ փոխանցեցին Սէյեդ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ և թանգարանի կապ՝ պրն. Հարմիկ Աւետեանը եւ Արժ. Տ. Յակոբ քհն. Քէշիշեանը:

Նրանք նախ ներկայացրեցին եկեղեցու պատմականը, ապա «Արտակ Մանուկեան» թանգարանում պարփակւող իրերի, Թեհրանի եւ իրանահայ համայնքի պատմական տւեալների եւ եկեղեցական արարողութիւնների մասին:

Վերջում «ԻԿՈՖՈՄ»-ի գլխաւոր նախագահ՝ պրն. Ֆրանսուա Մերսը «Արտակ Մանուկեան« թանգարանին յանձնեց յուշանւէր: