ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՒ ՕԾՄԱՆ 50-ԱՄԵԱԿԻ ԳԼԽԱՒՈՐ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

Հայոց եկեղեցին իր հիմնադրման առաջին իսկ օրւանից վիթխարի առաքելութիւն է ստանձնել ոչ միայն քրիստոնէական հաւատքը հայութեան մէջ սերմանելու ու հզօրացնելու, այլ՝ մեր ազգի գոյութեան և յարատևման միջնաբերդն է եղել ձիգ դարերի ընթացքում, և այսօր էլ նոյն վեհ առաքելութիւնն է իրականացնում թէ հայրենիքում և թէ սփիւռքում։

Այս նկատառումով է, որ շրջադարձային կարևորութիւն է ստանում Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց Եկեղեցին իր հիմնադրման, օծման, գործունէութեան ու առաքելութեան 50-ամեակի առիթով։ Եկեղեցին հիմնադրւել է 1968 թւականի դեկտեմբերի 27-ին։

2018 թւականը 50-ամեակն է Սրբոց Թարգմանչաց եկեղեցու, որը թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ ու մասնակցութեամբ և եկեղեցական խորհրդի կողմից կեանքի կոչւած Կազմակերպիչ Յանձնախմբի միջոցով նշանաւորւեց միջոցառումներով:

Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու 50-ամեակի յոբելեանական գլխաւոր հանդիսութիւնը կայացաւ թւականիս ուրբաթ նոյեմբերի 9-ին, երեկոյեան ժամը 5:30-ին, եկեղեցու հգեպարար յարկի տակ։ Ներկայ էին Գերշ.Սրբազան Հայրը, Մեղրիկ Սրբազան Բարիքեանը, Տէր Վարազդատ աւ. քհնյ. Տէրտէրեանն ու քահանայ հայրերը, Կաթողիկէ եկեղեցու առաջնորդ արհիապատիւ Սարգիս եպս. Դաւթեանը, Աւետարանական Եկեղեցու Վերապատւելի հովիւներ՝ Սէրգէյ Շահվերդեանն ու Միշէլ Աղամալեանը, ազգային իշխանութեան, միութիւնների, կրթական հաստատութիւնների, եկեղեցական խորհուրդների, Եկեղեցասէր Կանանց Միութեան ներկայացուցիչները նաև Արաք քաղաքի Եկեղեցա-Դպրոցական Հոգաբարձութեան անդամներն ու հոծ թւով հայրենակիցներ։

Սուրբ Խորանի առաջամասում, խոր հաւատքով ու ազգային շնչով տոգորւած մթնոլորտում, տեղի ունեցան ելոյթները։

Նախ ներկաները յոտնկայս ունկնդրեցին Տէրունական Աղօթքը, որը կատարեց երգչախումբը՝ կազմւած Սրբոց Թարգմանչաց եկեղեցու դպրաց դասից և Հ.Մ. Սիփան Միութեան »Կոմիտաս« երգչախմբի մի քանի անդամներից։

Բացման խօսքը ընթերցեց հաղորդաւարուհի՝ Արփի Ալլավերդեանը։

Երգչախումբը հնչեցրեց »Որք Զարդարեցին« շարականը՝ Մեղեդիկ Նազարեանի դաշնակահարութեամբ։

Բանաստեղծ և վաստակաշատ ուսուցիչ՝ Ալմինի յեղինակած »Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցի« բանաստեղծութիւնը՝ գրւած Սրբոց Թարգմանչաց եկեղեցու 50-ամեակի առիթով, ասմունքեց Արգամ Մարկոսեանը։

Կոմիտասի »Դլէ եամանը« մեներգեց Լուսինէ Միքայէլեանը, Լուիզա Աւետիսեանի դաշնամուրի նւագակցութեամբ։

Օրւայ բանախօս՝ Արժ. Տէր Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանն իր բովանդակալից ելոյթում անդրադարձաւ Սասուն քաղաքամասի կազմաւորմանը, կրթական ու միութենական կառոյցների և Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնադրմանն ու գործունէութեանը՝ կարևորելով այն մեծ դերը, որ 50 տարիների ընթացքում կատարել է այս հոգևոր կենտրոնը ժողովրդի հաւատքն ու հայրենասիրութիւնը ամրագրելու ուղղութեամբ։

Կոմիտասի «Հայոց Տառեր« երգը մեներգեց Նորիկ Ղարաբէգեանը։

Եկեղեցական խորհրդի խօսքը ընթերցեց Վիկտորիա Աղասեանը, որտեղ, ասւեց. «Անցնող յիսուն տարիների ընթացքում, ժամանակի եկեղեցական խորհուրդները, հոգևոր դասի և Եկեղեցասէր Կանանց Միութեան համագործակցութեամբ՝ ամենայն պատասխանատւութեամբ ու բարձր գիտակցութեամբ կատարել են եկեղեցուն առնչւող իրենց աշխատանքները։ Ընդ որում հզօրացնելով հաւատքը մեր ժողովրդի մէջ ու պահպանելով ազգային արժանիքները»։

Ի դէպ, պէտքէ յիշել Եկեղեցասէր Կանանց Միութեան անուրանալի դերը՝ եկեղեցու բարեզարդման ու բարեկարգման, նաև Եկեղեցական խորհուրդների հետ սերտօրէն համագործակցելու կապակցութեամբ։

Վահան Թէքէեանի »Եկեղեցին Հայկական«-ը, երաժտութիւն՝ Վահան Պետելեանի, մեներգեց Լուսինէ Միքայէլեանը, դաշնակահարութեամբ Լուիզա Աւետիսեանի։

Վերջում Սրբազան Հայրն իր խօսքը ուղղեց ժողուրդին, ասելով՝ »Անհունօրէն ուրախ եմ, որ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու 50-ամեակն ենք տօնում։ Տեսնէք, թէ ինչ դժւարութիւններով է կառուցւել այս եկեղեցին, որ հաւատքի արդիւնք է։ Մեր եկեղեցին մեզ առաջնորդում է դէպի յաւիտենականութիւն, լուսաւորում է մեզ ու խաւարը փարատում։ Հայոց եկեղեցուն նայելիս՝ հպարտութեան, հիացումի ու յարգանքի ազդեցութիւն է թողնում իւրաքանչիւրի վրայ։ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու գործունէութիւնը ներդրում է ընդհանուր մեր եկեղեցու գանձանակի մէջ։ Եկեղեցին հոգևոր արժէքների ամբողջութիւն է, որոնք անմահ են ու անյաղթահարելի։ Ամեակները յուշարար են ու գեղեցիկ առիթ, որ պիտի ամէն օր ապրենք յօգուտ եկեղեցու։ Մենք որպէս քրիստոնեաներ պէտք է կառչած մնանք մեր քրիստոնէական աւանդոյթներին. այս է ամէն մի յոբելեանի իմաստը։ Օրհնում ենք հանգուցեալ հիմնադիրների, հոգևորականների ու բարերարների յիշատակը և գնահատում՝ խորհուրդների, ներկայի հոգևորականների, Եկեղեցասէր Կանանց Միութեան անդամուհիների, դպրաց դասի, սարկաւագների, կազմակերպիչ յանձնախմբի և բոլորի աշխատանքները՝ կատարւած Սրբոց Թարգմանչաց եկեղեցու համար։ Շնորհաւոր լինի 50-ամեակը բոլորիս« ։

Այնուհետև եկեղեցու բակում Սրբազան Հայրը կտրեց 50-ամեակի կարկանդակը և բակում ու Շաղուլեան սրահում տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն, որը կազմակերպել էր եկեղեցական խորհուրդը՝ Եկեղեցասեր Կանանց Միութեան օժանդակութեամբ։

Հաւատացած ենք, որ Հայ ժողովուրդը, որպէս առաջին քրիստոնեայ պետութիւն, իր բազմադարեայ հաւատքով ու խոր հայրենասիրութեամբ իրականացնելու է իր Մեծ Երազանքը՝ գնալով դէպի յաւիտենականութիւն։

ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com