«Դպրոցի քաղաքապետ»-ի ընտրութիւն Թեհրանի Հայոց Ազգային «Արաքս» դպրոցում

Դպրոցի աշխատանքներին ներգրաււածութեան ոգու ամրապնդման, հասարակական պատասխանատուութիւն ստանձնելու ուղղութեամբ, վարժութիւն կատարելու և քաղաքի հարցերի օպտիմալ կառավարման վրայ աշակերտութեան ազդեցութեան միջոցների ուսուցման շրջագծում, չորեքշաբթի նոյեմբերի 14-ին Թեհրանի հայոց ազգային «Արաքս» դպրոցում, Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ՝ Դեհդարիի ներկայութեամբ կայացաւ 6-րդ շրջանի դպրոցի 20-րդ քաղաքապետի ընտրութիւնը:

Միջոցառմանը ներկայ էին իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, 6-րդ շրջանի քաղաքացիական ուսուցումների բաժնի տնօրէնը, Թեհրանի քաղաքապետարանի հասարակական ու մշակութային հարցերով մի խումբ գերատեսուչներ, օգնականներ ու խորհրդականներ, Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանի 3-րդ բաժնի տնօրէնը, Թեհրանի քաղաքապետարանի քաղաքացիական ուսուցումների գերատեսուչ՝ դոկտ. Թաւաքոլին, Թեհրանի իսլամական քաղխորհրդի անդամները, կրթադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէն՝ դոկտ. Նազերեանը, կրթադաստիարակչութեան նախարարութեան մի շարք տնօրէններ և Թեհրանի Սանայիի ոստիկանութեան 105-րդ կայանի պետ՝ գնդապետ Դարիւշ Ամրային:

Հանդիսութիւնը սկսւեց տէրունական աղօթքով և Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնով, որը կատարեց Մեղեդի Եղիազարեանի ղեկավարութեամբ, Թեհրանում առաջին տեղը գրաւած, դպրոցի երգչախումբը:

Այնուհետեւ ելոյթ ունեցաւ դպրոցի տեսչուհի՝ Անի Մանուկեանը: Նա իր ելոյթում անդրադառնալով «Արաքս» դպրոցի 65-ամեայ անցեալին ընդգծեց, որ դպրոցը գերազանց դիրք է զբաղեցնում և փորձ է կատարւում կրթադաստիարակչության հիմնարար զարգացման փաստաթղթի շրջանակներում մինչեւ իրանական 1404 թուականը (2025) այն ազգային ու տարածաշրջանային մակարդակով գործունեայ ու կենսունակ դպրոցի վերածել:

Այնուհետեւ արտայայտուեց Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ Մոհամմեդռէզա Դեհդարին և ընդգծեց. «Դպրոցի քաղաքապետի ընտրութիւնը խորհրդանշական բնոյթ չի կրում և այդպիսով երկրի ապագան կերտող աշակերտութիւնը ծանօթանում է հասարակական կառավարման ոլորտի հարցերին»:

Դաշնամուրի մօտ ելոյթ ունեցաւ Աննա Ադամ Մկրտիչեանը:

Թեհրանի իսլամական քաղխորհրդի անդամ՝ Մաջիդ Ֆարահանին նշելով, որ դպրոցի քաղաքապետի ընտրութիւնը քաղաքացիական ուսուցումների գծով կարեւոր վարժութիւն է համարւում, նկատեց. «Քաղաքում ու երկրում կայուն զարգացման հասնելու համար պիտի սկսել երկրի ապագայ տնօրէնները համարւող աշակերտութիւնից»:

Թեհրանի քաղաքապետարանի քաղաքացիական ուսուցումների գերատեսուչ՝ դոկտ. Թաւաքոլին իր ելոյթում անդրադարձաւ այս ընտրութիւնների կազմակերպման հինգ նպատակներին, որոնք են ընտրութիւններում աշակերտութեանն անհատականութիւն փոխանցելը, հաւաքական ներգրաււածութեան վարժութիւնը, աշակերտներին քաղաքացիների իրաւունքների, պարտականութիւնների ու դրանից բխող պատասխանատւութեան հետ ծանօթացնելը, որոշման կայացման մեթոդների հետ ծանօթացումը և ի վերջոյ քաղաքի կառավարման բաժինների հետ ծանօթացումը:

Թեհրանի կրթադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէն՝ Ջաւադ Նազարեանն իր ելոյթում ընդգծեց. «Դպրոցում միայն տարբեր առարկաների սերտումը միայնակօրէն բաւարար չէ և դպրոցներում երկխօսութեան, բարեկամութեան, բարութեան, խաղաղութեան, անդորրի, համագործակցութեան ու ներգրաււածութեան դասեր պիտի փոխանցել»:

Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանն իր ելոյթում դպրոցի քաղաքապետի ընտրութիւնը ժողովրդավարութեան ուսուցում և քաղաքացիական իրաւունքների շրջանակներում կարևոր վարժութիւն համարեց: Նա ի դէպ յիշեցրեց, որ իրանահայութիւնը ժողովրդավարութեան կայացման ուղղութեամբ լաւ համագործակցութիւն է ցուցաբերել և Թեհրանի երրորդ քաղաքապետն ու նաև Թեհրանում արդիական ոճի ոստիկանութեան հիմնադիրը հայ է եղել:

Այնուհետև «Արաքս» դպրոցի շրջանաւարտ քաղաքապետ Մերեդիտ Մովսիսեանն ընթերցեց իր խօսքը, որից յետոյ ներկայացւեց դպրոցի ընտրեալ նոր քաղաքապետ՝ Անգինէ Աղաջանեանը: Թեհրանի Հայոց Թեմի Կրթական Խորհրդի ատենապետի և դպրոցի տեսչուհու ձեռամբ նրան յանձնւեցին նոր քաղաքապետի յատուկ գլխարկն ու լանջաշղթան:

Միջոցառման ընթացքում եղան գեղարուեստական կատարումներ և ցուցադրւեց Թեհրանի 6-րդ շրջանի պատմութիւնը ներկայացնող վաւերագրական ֆիլմ:

«Դպրոցի քաղաքապետ»-ի ընտրութեանը պետական հիւրերից բացի նաեւ ներկայ էին արժ. Տ. Արիստակէս Շամիրեանը, Թեհրանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի ատենապետ՝ Ռոբերտ Բեգլարեանը, Կրթական Խորհրդի ատենապետ՝ Անետ Բաղդասարեանը, թեմական եւ կրթական խորհուրդների անդամներ: Ծրագիրը վարում էր Արտոյտ Զոհրաբեանը:

Միջոցառման աւարտին հիւրերը շրջեցին դպրոցում և դպրոցի տեսչուհի՝ Անի Մանուկեանի բացատրութեամբ ծանօթացան դպրոցի տարբեր բաժիններին: Հիւրերը նաև այցելեցին Գրքի ու ընթերցանութեան շաբաթւայ առիթով դպրոցում կազմակերպուած գրքի ցուցահանդէսը նաև ցուցադրւած աշակերտութեան ձեռքի աշխատանքները: